Օրերս Ազգային ժողովը 76 կողմ, 39 դեմ ձայներով 2-րդ ընթերցմամբ ու ամբողջությամբ ընդունեց Ալեն Սիմոնյանի ներկայացրած օրինագիծը, որով խստացվում է զրպարտության և վիրավորանքի համար փոխհատուցման չափը։
Մասնավորապես՝ վիրավորանքի համար առաջարկվում է գործող 1 միլիոնի փոխարեն մինչև 3 միլիոն, իսկ զրպարտության դեպքում՝ 2 միլիոնի փոխարեն մինչև 6 միլիոն դրամ տուգանք։ Օրինագիծը դեռ պետք է ստորագրի հանրապետության նախագահը, սպասենք և տեսնենք, թե նա ինչպես կարձագանքի դրա վերաբերյալ լրագրողական համայնքի դիտողություններին և արդյո՞ք կներկայացնի առարկություններ:
Երբ իշխանության ղեկը ստանձնեց երկար տարիներ լրագրող և խմբագիր աշխատած Նիկոլ Փաշինյանը, շատերը լիահույս էին, որ խոսքի ազատությունը մեր երկրում չի սահմանափակվի, որ որևէ լրագրողի հարց անպատասխան չի մնա, որ… Իսկ դուք նկատե՞լ եք, թե ներկայումս ինչ քամահրական վերաբերմունք են դրսևորում իշխանավորները լրագրողների նկատմամբ, ինչպես են արհամարհում նրանց, ինչպես են անպատասխան թողնում նրանց հարցերը, կոպտում, վիրավորում, մինչդեռ այդ հարցերը տրվում են հասարակության հետաքրքրությունը բավարարելու համար։
Պատգամավորը սպառնում է «հոսանքազրկել» լրագրողին, մյուսը մի կողմ է հրում, նկարահանող սարքը խլում, մեկ ուրիշը հարվածում է։ Ինչ խոսք, փայլուն գործելաոճ է: Ավելին, որոշ պատգամավորներ լրջորեն մեծ կարծիք են կազմում իրենց մասին, երբ այդքանից հետո լրագրողները մոտենում են իրենց և հարցեր տալիս: Լավ, նախկին լրագրողի իշխանության մաս կազմողներն ինչո՞ւ են այսքան աննախադեպ ատում լրագրողներին, ինչո՞ւ են այսքան ծանր տանում խոսքի ազատությունը:
Կարդացեք նաև
Շատերի կարծիքով, այս իշխանությունները սարսափում են քննադատությունից, սարսափում են անգամ այն մտքից, որ կխոսեն իրենց բացերի մասին, կբարձրաձայնեն պատերազմի հետևանքների, Սյունիքում, Գեղարքունիքում, Տավուշում, Հայաստանի բոլոր սահմաններին առկա խնդիրների մասին: Ինչո՞ւ եք սարսափում քննադատությունից, ինչո՞ւ եք վախենում, որ մեկ անգամ ևս կլսեք ձեր «սխրագործությունների» մասին։ Միևնույն է՝ կտուգանեք այսօր որևէ մեկին, թե ոչ, պատմության մեջ ձեր դերը չի փոխվելու, ձեր արածին ու չարածին նույն բնորոշումն է տրվելու։
Լուսինե ԱՌԱՔԵԼՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում