Կարծում եմ, Սահմանադրական դատարանի որոշումը որեւէ ազդեցություն չի ունենա Մարտի 1-ի գործի վրա եւ այն չի կարճվի:
«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում անդրադառնալով Սահմանադրական դատարանի երեկվա որոշմանը, որով Ռոբերտ Քոչարյանին մեղսագրվող հոդվածը ճանաչվեց հակասահմանադրական, այսպիսի հայտարարություն արեց Մարտի 1-ի գործով տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանը:
«Այն փաստական հանգամանքների շարադրանքը, որը ՀՔԾ-ն մեղադրական եզրակացությունով դատարան է ուղարկել, ակնհայտորեն չի խոսում բացառապես սահմանադրական կարգը տապալելու՝ Ռոբերտ Քոչարյանին վերագրված հանցավոր արարքի մասին: Դա խոսում է նաեւ հանցավոր համագործակցության առկայության մասին եւ այդպիսի նկարագիր կա մեղադրական եզրակացության մեջ: Հետեւապես, կարծում եմ, որ Ռոբերտ Քոչարյանի գործը կշարունակվի այդ նույն մեղադրական եզրակացությամբ շարադրված փաստական հանգամանքների պայմաններում եւ չի կարճվի»:
Մեր զրույցի մյուս հատվածը՝ հարցուպատասխանով.
Կարդացեք նաև
– Այսինքն՝ ՍԴ որոշումը ազդեցություն չի՞ ունենա քննվող գործի վրա:
– Կարծում եմ՝ չի ունենա եւ չի կարճվի, որովետեւ եթե Արամ Վարդեւանյանը գտնում է, որ չկա հոդված, չկա հանցանք, ես գտնում եմ, որ կա հանցագործության դեպք եւ դրան առնչվող Ռոբերտ Քոչարյան եւ մյուսներ. հանցագործության դեպքի փաստական հանգամանքների ուժով ոչ ճիշտ արարքի որակումը դեռեւս չի խոսում այն մասին, որ հանցագործություն չի եղել: Հանցագործություն եղել է եւ արարքի որակման հետ կապված պետք է դատարանը փաստական հանգամանքները շարադրի, հրապարակի, եւ մենք մեր տեսակետները արտահայտենք: Ուստի, կարծում եմ, որ այդ գործը իր շարունակությունը կստանա:
– ՍԴ որոշման հրապարակումից հետո Արամ Վարդեւանյանն ասաց, որ գործով քրեական հետապնդումը կդադարեցվի:
– Դա իրենց ցանկությունն է: Մենք երեք տարի ասում ենք, որ Սահմանադրական դատարանը մեր չարիքն է այս գործով, որովհետեւ ՀՀ բոլոր քաղաքացիները գիտեն, որ Հրայր Թովմասյանը լծված է Ռոբերտ Քոչարյանի քրեական գործը ապաքրեականացնելով: Դա արդեն տեսանք ինչ եղանակով արվեց: Եվ վստահ եմ, որ առաջին ատյանի դատավորի գրած որոշան ձեւակերպումները այդ դատավորին չեն պատկանում (խոսքը Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի մասին է,-խմբ.), վստահ եմ, որ այդ որոշումը գրվել է շատ շատերի ուժերով եւ համագործակցմամբ: Մեր իշխանությունը պետք է հասկանար, որ Սահմանադրական դատարանի կոսմետիկ փոփոխությունները ոչինչ չեն տալու Հայաստանի Հանրապետությանը, առավել եւս այդպիսի կոսմետիկ փոփոխությունները, որոնց նշանակման հարցում մենք դրական կարծիք չենք ունեցել: Եթե մենք ունենայինք Սահմանադրական դատարան, ապա 2008 թվականի պատմություն չէինք ունենա, 4-5 ընտրություն կեղծիք չէինք ունենա, հետեւապես այն, ինչ մենք չենք ունեցել, դրա մասին խոսելն ավելորդ է:
Սյուզաննա ՊՈՂՈՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» թերթի այս համարում