Տարբեր հարցումների համաձայն, առաջիկա ընտրություններում չկողմնորոշված քաղաքացիների քանակը կազմում է 42-45 տոկոս, վստահաբար իրականում այդ ցուցանիշն ավելի բարձր է, և դա ոչ թե չկողմնորոշվածների, այլ անտարբերների ցուցանիշն է։
Սա գործող իշխանության համար նպաստավոր պարագա է, քանի որ ընտրություններին մասնակցողների նվազ քանակի դեպքում մեծանում են ընտրակեղծարարության հնարավորությունները։ Ինչպես եղավ 2018-ին:
Այս պատկերը մտահոգիչ պետք է լինի ընտրություններին մասնակցել պատրաստվող բոլոր ոչ իշխանական ուժերի համար, եթե, իհարկե, նրանք մտադիր են ԱԺ-ում հայտնվել ոչ թե իշխանության հետ ստվերային ճղճիմ առևտրի, այլ ընտրողների քվեի շնորհիվ։
Հետևաբար՝ բոլոր այդ ուժերի առաջնային խնդիրը պետք է լինի՝ քաղաքացիներին հանել անտարբերության թմբիրից, ինչը բավական դժվար լուծելի խնդիր է, ընդ որում, այդ խնդիրը չի լուծվելու միայն իշխանությանը դավաճան որակելով, ինչով զբաղված է այսօրվա ընդդիմությունը․ դրա համար անհրաժեշտ է տեսանելի ու չափելի ծրագիր այն մասին, որ իշխանության գալով՝ այս կամ այն ուժը կարող է պետությունը դուրս բերել հետպատերազմյան մղձավանջից։ Հակառակ դեպքում, ստանդարտ նախընտրական քարոզարշավների ու ծեծված խոստումների պարագայում, հասարակության անտարբերությունն ավելի է խորանալու՝ դառնալով իշխանության վերարտադրությանը նպաստող հիմնական գործոններից մեկը։
Կարդացեք նաև
Հանրությանն ապատիայի հարցում մեղադրելը, իհարկե, անշնորհակալ զբաղմունք է, հատկապես, որ դա ունի օբյեկտիվ պատճառներ։ Մյուս կողմից՝ հնարավոր չէ նաև արդարացնել անտարբերությունը, երբ խոսքը սեփական պետության, հայրենիքի, դրան սպառնացող վտանգների ու ապագայի մասին է։
Հարություն ԱՎԵՏԻՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «168 ժամ» թերթի այս համարում