Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Ուրեմն` կպատրաստվենք ճակատամարտի»

Մարտ 27,2021 14:00

«Մենք ոչ թե ընտրությունների ենք պատրաստվում, այլ ճակատամարտի, իսկ ճակատամարտում բոլոր հնարները կիրառվում են». «Առավոտի» զրուցակիցն է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը

– Գագիկ Ծառուկյանի եւ Էդմոն Մարուքյանի հետ համաձայնեցված եւ Նիկոլ Փաշինյանի կողմից հայտարարված արտահերթ ընտրությունները, Ձեր կարծիքով, կնպաստե՞ն Հայաստանում ստեղծված համակարգային ճգնաժամի հաղթահարմանը, թե՞ ավելի կխորացնեն այն, քանի որ ակնհայտ է, որ քարոզարշավն ընթանալու է ատելության մթնոլորտում եւ դրա խորացմամբ:

– Ստեղծված իրավիճակում նորմալ ընտրություններն անհնարին է: Մենք ոչ թե ընտրությունների ենք պատրաստվում, այլ ճակատամարտի, իսկ ճակատամարտում բոլոր հնարները կիրառվում են: Բնականաբար, այս իրավիճակում ընտրություններ անցկացնելն անթույլատրելի էր, ուղղակի, այս կառավարությունը պետք է հրաժարական տար, բայց չի տալիս: Ուրեմն` կպատրաստվենք ճակատամարտի:

– Ընդդիմության ներսում արտահերթ ընտրությունների գաղափարը՝ Նիկոլ Փաշինյանի սցենարով, նույնպես միանշանակ չի ընկալվել. համենայնդեպս, «Հայրենիքի փրկության շարժման» անդամ ոչ բոլոր ուժերն են հստակ դիրքորոշում արտահայտել: Խոսվում է ընտրություններին մասնակցել-չմասնակցելու հարցում Ռոբերտ Քոչարյան-Սերժ Սարգսյան հակադրության մասին: Ո՞րն է ճիշտն այս պարագայում` մասնակցե՞լը, թե` բոյկոտը: Ի դեպ, մտավախություններ կան, որ այդ ընտրություններն առհասարակ կարող են չկայանալ. Նիկոլ Փաշինյանը մի օր կարող է փոշմանել, նաեւ` աշխարհաքաղաքական զարգացումներն այլ ընթացք կարող են պարտադրել:

– Ես ոչ մի տարբերակ չեմ բացառում, կարող է եւ ընտրություններ տեղի չունենան, եւ նոր կառավարություն ընտրի այս խարհրդարանը, եթե սոցհարցումները ցույց տան, որ հաղթելու հնարավորություն չունեն: Հնարավոր է, որ ընտրություններ տեղի ունենան, որից հետո գործող վարչապետը մանդատը չվերցնի, ուղղակի իր կուսակցության խորհրդարանում ներկայությունը ապահովի, հնարավոր է, որ ընտրություններ լինեն: Ինչ վերաբերում է մասնակցել-չմասնակցելուն, ապա իմ համար չմասնակցելն անհասկանալի է, եթե որեւէ կուսակցություն չի մասնակցում, ապա ինչո՞վ է ընտրություններից հետո զբաղվելու: Կարծում եմ, դա կեղծ թեզ է ու իրականում բոլորն էլ մասնակցելու են, այդ թվում՝ նաեւ ՀՀԿ-ն:

Ինչ վերաբերում է աշխարհաքաղաքական ընթացքին, ապա 2018-ին Հայաստանում կատարվել է ամենաբացասական բանը, ինչը կարող էր լինել, կուսակցությունները բաժանվել են աշխարհաքաղաքական նախընտրանքներով, այլ ոչ թե պետական շահի մասին դիրքորոշումներով: Սա ծանր հետեւանքներով հղի վիճակ է:

– Հինգ ամսվա պայքարի արդյունքում հիմնական ընդդիմադիր միավորը`«Հայրենիքի փրկության շարժմումը», առանձնակի ձեռքբերումներ չունի` նկատի ունենալով այն արտառոց իրադրությունը, որում հայտնվել էր Հայաստանը` նոյեմբերի 9-ից հետո: Շարժումը սպառե՞լ է իրեն, այլ օրակարգե՞ր են պետք, ծրագրեր, տեսլականներ… Ի՞նչ անել կամ, առհասարակ, ինչ-որ բան անե՞լ, թե՞ հարմարվել իրականության հետ:

– Այդ շարժման միակ նպատակը կառավարության հրաժարականն է, այլ նպատակ այդ շարժումն իր առաջ չի դրել: Այն, որ իշխող ուժը համաձայնել է արտահերթ ընտրություններին, այդ շարժման գործողությունների հետեւանքն է: Իսկ օրակարգերն ու ծրագրերը կարող են կոնկրետ կուսակցությունները ներկայացնեն, այլ ոչ թե շարժումը: Շարժման մեջ կան տարբեր քաղաքական ուժեր, որոնց քիչ բան է միավորում, բացի իմ ասած միակ նպատակը: Այո, մեզ մոտ նորմալ քաղաքական դիսկուրս ու քաղաքական մրցակցություն չկա: Առհասարակ, քաղաքականությունը ինտելեկտուալ աշխատանք է պահանջում, ինչը չկա ու դա փաստ է:

– Իշխանությունն ակտիվորեն խոսում է ճանապարհների ապաշրջափակման մասին, դրա տնտեսական էֆեկտների, միաժամանակ եռակողմ` ՌԴ-Ադրբեջան-ՀՀ, քննարկումներ են գնում այդ հարցով, փոխվարչապետների մակարդակով, որոնց արդյունքները մարտի մեկին պետք է ամփոփվեին: Հստակություններ չկան դեռ կամ կան, պարզապես հանրությանը չի տեղեկացվում, ինչպես շատ հարցերում: Փոխարենը, մտավախությունները` Թուրքիայի կողմից Հայաստանի էքսպանսիայի, շատ են, մեծ են: Նաեւ ապաշրջափակման համաձայնությունների ֆոնին առնվազն տարօրինակ են ՀՀ-ն եւ Արցախը կապող ճանապարհների փակ լինելը, գերիների հարցը Հայաստանից նոր զիջումներ կորզելու մահակ պահելը: Ի՞նչ կասեք այս ամենի մասին:

– Գերիների դեռեւս առկայությունն այս կառավարության թուլության նշանն է, ինչ բանակցություններ, երբ կան գերիներ, սակայն այս կառավարությունը շարունակում է բանակցությունները: Ճանապարհները ապաշրջափակվելու են ու դա նոր աշխարհաքաղաքական իրողություն է ստեղծելու մեր մեծ տարաշրջանում, ինչը հղի է հնարավորություններով ու վտանգներով: Թե ապաշրջափակման, թե ճանապարհները փակ են մնում, քանի որ շահագրգիռ միջազգային մեծ խաղացողներ կան: Առհասարակ, կոմունիկացիաներն են աշխարհաքաղաքական գլխավոր չափորոշիչներից մեկը: Կարծում եմ, որ գործող կառավարությանը չի կարելի վստահել նման գործը, նրանք պետք է հեռանան ու նոր կառավարությունը նման բանակցություններ վարի: Գործող կառավարության անդամները դեռ շատ հարցերի պետք է պատասխանեն:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
26.03.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031