Լրահոս
Օրվա լրահոսը

«Փառք նրանց, որ բերելու են վաղվա Հաղթանակը»

Մարտ 27,2021 13:30

Մարտի 26-ին Տիգրան Պետրոսյանցի ծննդյան 70-ամյակն է

Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի գիտական խորհրդի անդամ, գիտական գրադարանի տնօրեն Տիգրան Պետրոսյանցին երեկ այցելեցի՝ փորձելով նախածննդյան անակնկալ-զրույց ունենալ նրա հետ:

Պետրոսյանցին գիտեմ այն ժամանակներից, երբ Հայոց ազգային բանակը նոր էր ձեւավորվում, Վազգեն Սարգսյանի կողքին էր. փոխգնդապետը 1995-2002-ին ծառայել է զինված ուժերի շարքերում, եղել է գնդի, բրիգադի, կորպուսի հրամանատարի տեղակալ, ՀՀ պաշտպանության նախարարության վարչության պետի տեղակալ, նախարարի աշխատակազմի ղեկավար:

Մեր զրույցներից մեկի ժամանակ, հիշում եմ, նա պատմել էր իր քաղաքական գործունեության առաջին քայլերի մասին. 1967թ.-ին Էջմիածին քաղաքում ստեղծել էր «Հող» ընդհատակյա հակախորհրդային կազմակերպությունը, ապա մատնությամբ բացահայտվել ու պահվել էր ՊԱԿ-ի նկուղում…

Մեր հոգեւոր բարեկամությունը շարունակվեց, երբ նրա տասնյակ գրքերին էի ծանոթանում. «1000 հայազգի գեներալներ, ծովակալներ», «200 հայ զորավարներ», «Նիգ Ապարանի պատմաճարտարապետական հուշարձանների մատենագիտություն», «Ապարանի հերոսամարտը», «Հայկական իշխանական զինանշաններ», «Հունաստան. Առասպելների երկիր»…

Համաձայնեք՝ հանրագիտարանային այս մարդու հետ որքան դժվար եւ որքան հետաքրքիր է եղել ամեն մի հանդիպումը:
Երեկ, երբ ես գրադարան մտա, նա զրուցում էր մեկի հետ եւ տալիս խորհուրդներ:

Պարզվեց, մանկավարժական համալսարանի զոհված ուսանողներին նվիրված հուշարձան պետք է դրվի: Տ. Պետրոսյանցը տեղեկացրեց, որ մանկավարժական համալսարանի ռեկտորի նախաձեռնությամբ, Ծիծեռնավանքից 1602 թվականի խաչքար է բերվել, իսկ ինքն էլ պատրաստելու է գիրք՝ նվիրված զոհված երեսունչորս ուսանողներին, որոնցից տասը վերջին երեք-չորս տարվա շրջանավարտներ են: Գրքում նախատեսվում է նաեւ հինգ հարյուր կամավորականների մասին, դասախոսների, ովքեր Արցախյան առաջին պատերազմին մասնակցեցին, Ապրիլյանին եւ Պետրոսյանցի խոսքով՝ «Այս պահին ավարտված պատերազմին»:

Ի դեպ, մանկավարժական համալսարանում կան լսարաններ՝ Մովսես Գորգիսյանի, Մեխակյանի, Ալեն Մարգարյանի անուններով: Տ. Պետրոսյանցն ասում է, որ առցանց քվեարկություն էր կազմակերպվել, 1800 ուսանող է մասնակցել եւ որոշվել է, որ մայիսի 8-ին հուշարձանը կդրվի բանասիրական ֆակուլտետի շենքի բակում:

Դուք ասացիք՝ պատերազմն այս պահին ավարտվել է: Ավարտվե՞լ է, հարցնում եմ պարոն Պետրոսյանցին, նա ասաց. «Պատերազմն այս պահին ավարտվել է, իսկ ընդհանրապես՝ չի ավարտվել: Մենք հետ ենք բերելու մեր կորցրածը: Գուցե դա իմ կյանքի օրոք չի լինի, բայց վստահ եմ՝ այս սերունդը կբերի… մեր պապերը չգիտեին 20-ականներին, որ հետ ենք բերելու մեր հողերը: Մեր երիտասարդությունը չի պարտվել: Նա դիմադրեց աշխարհի ութ պետությունների»:

Հայկական զինուժի նվիրյալն ասում է, որ այս պատերազմում մեր ոգին կռվեց թուրքի, ադրբեջանցու, մոջահեդի, պակիստանցու, սիրիական պատերազմում թրծված ավազակախմբի, իսրայելական հզոր զենքի դեմ. «Արցախը մի ամբողջ երեք տասնամյակ վայելել է Մայր Հայրենիքի ջերմությունը: Մեր ազգը հազարամյակների ընթացքում բազում հաղթանակներ է տարել թշնամիների դեմ, ցավոք, բազում անգամ պարտվել է որեւէ ճակատամարտում եւ կորցրել անկախությունը: Այսօր մենք ունենք երկիր, որ մի ճակատամարտ պարտվել է: Բայց մեր հավաքական երազանքը՝ Արցախի հետ միասնական ապրելու, մնում է նույնը: Ես համոզված եմ, որ մենք տեսնելու ենք մեր երազանքի իրականություն դառնալը: Փառք բոլոր նրանց, որ երեկ, այսօր Միասնական Հայրենիքի համար ելան մարտի եւ այսօր ապրում են իրենց հավերժական փառքի տանը՝ Եռաբլուրում: Փառք նրանց, որ բերելու են վաղվա Հաղթանակը»:

Զրուցակցիս Վ. Սարգսյանի մասին եմ հարցնում, նրա մի ձեռագիրն եմ ցույց տալիս, որը տեսել եմ նրա մոտ (լուսանկարում), խնդրում պատմել այդ ձեռագրի եւ Վազգենի մասին:

«Վազգենը գրական մարդ էր: Որպես ստրատեգ, եւ հայրենիք ստեղծած մարդ, իր բոլոր թերություններով պետականությանը նվիրված անձ էր: Նա մարդկային գծերով եզակի էր: Ձեռագիրը, որ նվիրել եմ Վ. Սարգսյանի թանգարանին, 96-ի հետ է կապված, Շուռնուխի պատասխանատու Միշային է գրել: Հանձնարարություն էր ուղղակի. «Տղերքը եկել են էս հրամանատարության տակ, տեղավորիր: Եվ Բերդաձորը աչքների տակ կլինի, եւ Նյուվադին, եւ դիմացի ճանապարհը: Ծայրահեղ դեպքում, եթե Շուռնուխում տեղ չլինի, ուղեկցիր մեր տեսած Շղարշիկ գյուղը, Ղափանում, Ռադիկի մոտ: Եղա՞վ, թե չէ… Հարգանքներով….»: Խնդրել էր Միշային ձեռագիրը տալ ինձ, նա էլ տվել էր իր պահ…»,- հիշում է զրուցակիցս:

Պարոն Պետրոսյանցն անցյալ տարվա դեկտեմբերին ծանր վիրահատություն տարավ, իսկ այդ ժամանակ նա աշխատում էր «Զաքարե» պատմավեպի վրա: Հարցրեցի, թե ի՞նչ եղավ այդ գիրքը:

Նա ասաց, որ պատրաստ է 513 էջանոց պատմավեպը, սակայն տպագրությունը կապված է գումարի հետ: «Պատմավեպերի հաճույքն անփոխարինելի է, եթե հեղինակը լիարժեք տիրապետում է ներկայացվող ժամանակին ու կարողանում է կերպարներ կերտել, պատմությունն արթնացնելու մարդկանց մտքերն ու զգացմունքները վերապրել ու վերապրեցնել ընթերցողին»,-ասում է նա: Պետրոսյանցի թվով 63 գիրքն է լինելու:

Նա ունի ռազմաճակատային անտիպ օրագրություն, որն այս օրերին չի էլ մտածում տպագրելու մասին՝ կապված որոշակի ռազմական գաղտնիքների, փաստագրական նյութերի հրապարակայնացման հետ:

Ասում են՝ դուք լինելով գրքի մարդ, մի անգամ գիրք եք գնդակահարել: Դա հումո՞ր է, թե՞…: Զրուցակիցս պատմում է, որ ազերիները տասը հատոր հանրագիտարան ունեն. «Ինչ պատմություն, կեղծիք էր: Ես մի օր շարեցի պատի տակ այդ տասը հատորները, հրաման արձակեցի եւ գնդակահարեցի կեղծիքը»:

Մեր ժամանակների հերոսը համեստ է, նա այդպես էլ չցանկացավ խոսել իր երկու տասնյակ պարգեւների մասին, որոնք ՎԱՍՏԱԿԵԼ է. Մարտական ծառայության համար, ԼՂՀ Արիության, «Սողոմոն Թեհլերյան» մեդալ…

Քչերը գիտեն, որ նա անուրանալի քնարերգու է, նրա բառերով գրվել եւ գրվում են երգեր:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
26.03.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031