Լրահոս
Օրվա լրահոսը

Ուշագրավ հանդիպում գրողի հետ

Մարտ 27,2021 12:00

Օրերս ՀՀ ԳԱԱ միջազգային գիտակրթական կենտրոնի դահլիճում տեղի ունեցավ ուսանողների հանդիպումը արձակագիր, հրապարակախոս, գեղանկարիչ Բակուր Կարապետյանի հետ:

Նախ Բակուրը կինոռեժիսոր Վահան Ստեփանյանի ու օպերատոր Արտեմ Սարիբեկյանի հետ ներկայացրին Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանի Տանձուտ գյուղի մոտ գտնվող Վարազգոմեր անբնակ գյուղի 9-րդ դարի կիսաքանդ եկեղեցու մասին պատմող «Հին եկեղեցու ճիչը» ֆիլմը:

Եկեղեցին ամբողջովին թալանված, քարերի մեծ մասը տեղահանված, կիսաքանդ վիճակում էր: Նրա քարերով ոչ հեռվում անասնապահական ֆերմա էին կառուցել: Բավական է մի փոքր ցնցում, ու այն ամբողջովին կփլուզվի: Ֆիլմում եկեղեցին պատմում է իր մասին, հայցում աստվածասեր մարդկանց օգնությունը՝ կրկին հառնելու իր նախնական տեսքով, քրիստոնյաներին օգնելու աղոթքներով կրկին կապվելու Աստծո հետ:

Սակայն գիտենք, որ այդ անգնահատելի հուշարձանը՝ Քաշաթաղի գոհարը, դրա հետ էլ Արցախի Հանրապետության մեծ մասը կրկին հանձնվեց թշնամուն: Չգիտենք, հազար երկուհարյուրամյա տաճարը կդիմանա մինչեւ մեր վերադարձը…

Բակուրը պատմեց Հայոց մշակութային ու պատմության այն անգնահատելի արժեքների մասին, որոնք վերջին իրադարձությունների ժամանակ շատ հեշտությամբ հանձնեցին թշնամուն: Վարազգոմերի եկեղեցուց բացի, թշնամուն թողնվեց Ծիծեռնավանքը, Դադիվանքը, հայոց հարյուրավոր հուշարձաններ, ամրոցներ, Տիգրանակերտը՝ ավարտին չհասցված պեղումներով, հազարավոր խաչքարեր, տապանաքարեր, ամրոցներ:

Բակուրը վերջին չորս տարիներին ՀՀ ԳԱԱ Հայագիտական ուսումնասիրությունների հիմնադրամի աջակցությամբ Հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի խմբում հետազոտում էր Քաշաթաղի եւ Քարվաճառի շրջաններում նորահայտ ամրոցները: Նա հայտնեց, որ շուրջ 64 ամրոց, որոնք կապված են մեր ժողովրդի պատմության հետ, այդ պատմության եւ մշակույթի անբաժանելի մասն են, թողնվեց թշնամուն: Ամրոցների մեծ մասը, որը 3-4 հազարամյա պատմություն ունի, ադրբեջանցի կեղծարար գիտնականները կրկին կհայտարարեն «ալբանական», ապա աշխարհին կներկայացնեն որպես ադրբեջանական, ուստի եւ թուրքական մշակույթի մի մասը: Համարյա ոչինչ չի արվել միջազգային հանրությանը, համապատասխան ատյաններին ցույց տալու այդ ամենի հայկականությունը: Դրան հակառակ Բաքուն ու Անկարան իրենց քարոզչամեքենայով կեղծում էին պատմությունը, ամենը ներկայացնում որպես իրենց անցյալներից մնացած ժառանգություն, մոռացության մատնելով իրենց սեփական պատմությունը:

Ապա մի հետաքրքիր զրույց տեղի ունեցավ գրողի եւ ուսանողների միջեւ: Բակուրը ներկայացրեց հայոց մշակույթի, գրականության դերը երկրի կյանքում, կոնկրետ օրինակներով ապացուցելով, որ երկրի, հայ ժողովրդի գոյությունը կապված է հայ պատմիչների, գրողների ռազմավարական նշանակություն ունեցող գործունեության հետ:

«Մի՞թե հնարավոր էր այսպիսի հզոր մշակույթ կրող ազգի հազարամյակների միջով գոյությունը առանց Մաշտոցի, Ագաթանգեղոսի, Խորենացու, Կորյունի, Եղիշեի, Բուզանդի, Փարպեցու, Ասողիկի, Նարեկացու, Գոշի. Գանձակեցու, Րաֆֆու, Աբովյանի, Թումանյանի, Չարենցի, Տերյանի, Իսահակյանի…»,-ասաց գրողը:

Ուսանողներին մտահոգում էր Հայաստանի, նրա անբաժանելի հատվածի՝ Արցախի ճակատագիրը: Հետաքրքիր ու անկաշկանդ երկխոսություն էր սկսվել մտավորականի եւ ուսանողների միջեւ, որի ընթացքում ուսանողները ոչ միայն հարցեր էին տալիս, այլեւ այս կամ այն խնդրի հետ կապված ներկայացնում իրենց տեսակետը:

Բակուրը ուսանողներին ներկայացրեց իր գեղանկարչական աշխատանքների մի մասը, որը եւս հետաքրքրեց ուսանողներին: Բակուրը գեղանկարչության մեջ գտել էր միայն իրեն յուրահատուկ ոճը: Նրա անվերջ հոսող գծերը յուրօրինակ պլաստիկա ու ծավալներ են ստեղծում, որոնք էլ հիմք են հանդիսանում գեղանկարչության համար:

Գրողի հետ հանդիպմանը մասնակցում էին գիտակրթական կենտրոնի Իջեւանի մասնաճյուղի ուսանող-ուսանողուհիները:
Բակուրը խոստացավ հաջորդ հանդիպմանը ներկայացնել Շուշիի մասին վավերագրական ֆիլմը:

Վերջում ուսանողները լուսանկարվեցին գրողի հետ:

Սոնա ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
26.03.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031