Լրահոս
Օրվա լրահոսը

«Դուք էլ ձեզ ձեր չափերի մեջ պահեք»

Մարտ 27,2021 14:30

Հակոբ Ասլանյանը համոզված է, որ լրագրողը հայհոյել է նախարարին. Փայլակ Ֆահրադյանը, սակայն, հերքում է

Օրերս լրագրող Փայլակ Ֆահրադյանն իր ֆեյսբուքյան էջում ուղիղ եթերի ժամանակ հայտարարեց, որ սրճարաններից մեկում բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը հարձակվել է իր վրա, հարվածել, վնասել համակարգիչը՝ այն բանից հետո, երբ ինքը հետաքրքրվել է, թե ինչ է անում նախարարն աշխատանքային ժամին՝ սրճարանում։ Միջադեպի առնչությամբ «Առավոտը» լսել է խորհրդարանական իշխող խմբակցության պատգամավոր, ազատամարտիկ Հակոբ Ասլանյանի կարծիքը։ Հակոբ Ասլանյանն, ի դեպ, վերջերս Բաղրամյան պողոտայում, իր պնդմամբ, հարձակման էր ենթարկվել ցուցարարներից մեկի կողմից, դիմել ոստիկանություն։

– Պարոն Ասլանյան, ինչպիսի՞ գնահատական կտաք լրագրողի եւ նախարարի մասնակցությամբ միջադեպին։

– Հարցին հարցով պատասխանեմ։ Ասենք եվրոպական երկրները՝ Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, դրանցից բացի՝ ԱՄՆ-ն, ժողովրդավար երկրներ համարվո՞ւմ են, թե՝ ոչ… ժողովրդավար երկիր են։ Եթե Մեծ Բրիտանիայում, Ֆրանսիայում կամ ԱՄՆ-ում որեւէ մեկը քաղաքացուն՝ լինի պաշտոնյա, թե ոչ, առանց հարցնելու նկարահանի՝ նույն րոպեին նրան գետնով կտան։ Գիտե՞ք ցավալին որն է։ Մեր երկրում չեն հասկացել՝ ազատությունն այն չէ, որ ինչ ուզես՝ անես։ Ազատությունն այն է, երբ մարդը հասկանում է՝ իր իրավունքներն ու ազատություններն ավարտվում են այնտեղ, որտեղ սկսվում են դիմացինի իրավունքներն ու ազատությունները։ Եվ եթե դուք՝ լրագրողներդ, դա չեք ուզում սահմանների մեջ պահել… ի՞նչ է նշանակում՝ առանց մարդուն հարցնելու, թեկուզ եւ նա պաշտոնյա է, մոտենալ, երբ կնոջ հետ նստած է, եւ սկսել նկահանել, ու ինչ-որ խոսքեր…

– Կներեք, վստա՞հ եք, որ լրագրողը չի ներկայացել։

– Ես գիտեմ, որ… ներկայացել է, չի ներկայացել, դա չի կարեւորը։ Կարեւորն այն է, որ առանց նրան հարցնելու նկարահանելու, հեռախոսով նկարահանելու իրավունք չունի։ Մանավանդ, որ մարդը կնոջ հետ է նստած։

– Չնայած դրան՝ բռունցքները գործի դնելու իրավունք ունե՞ր նախարարը։

– Գիտեք, այդտեղ արդեն… ոնց ձեզ ասեմ, որ հասկանաք։ Օրինակ՝ ես շատ եմ ցավում, որ այն սրիկան, որն ինձ հարվածեց, ինչին ես չէի սպասում, չհասցրի քիթն ու մռութը ջարդել։ Հետո ինչ, որ մենք պաշտոնյա ենք, մեզ չի կարելի։

– Բայց բռնությունը չպետք է արդարացվի՝ անկախ նրանից՝ պաշտոնյա՞ է անձը, թե՝ ոչ։

– Ըհը… բա եթե մարդու արժանապատվությանը կպնում են, կնոջ ներկայությամբ հայհոյանք են տալիս, դուք ի՞նչ կանեիք։

– Լրագրողն ասում է, որ ինքը չի հայհոյել, որ դա հորինել են՝ նախարարին պաշտպանելու նպատակով։

– Ոչ, հայհոյել է, եւ վերջացավ-գնաց… հեռանալուց, երբ շուռ է գալիս, նա հայհոյում է, դրա համար էլ Արշակյանը կատաղած մոտենում է եւ հարվածում։ Ես գտնում եմ, որ դուք՝ լրագրողներդ, մի քիչ դուք էլ ձեզ ձեր չափերի մեջ պահեք։ Չի կարելի ասել՝ մենք ազատ ենք, եւ ինչ ուզեք անեք։ Վերջիվերջո, ձեր առաջ նույն հայն է կանգնած։ Ցավում եմ, որ որոշ լրատվամիջոցներ, որոնք ամբողջությամբ պատվեր կատարելով՝ ոտքից գլուխ միայն սեւն են ցույց տալիս։ Միայն թե սեւացնեն, միայ թե վատաբանեն… բոլ եղավ, էլի, մենք մի ժողովուրդ ենք։ Դուք չեք կարողանո՞ւմ (կոնկրետ ձեր վրա մի վերցրեք)… այն մարդիկ, որոնք հանուն մի քանի կոպեկի՝ այդ աստիճանի ծախվում են…

– Պարոն Ասլանյան, իսկ նորմա՞լ է, երբ ձեր գործընկեր Անդրանիկ Քոչարյանը պարբերաբար խտրական վերաբերմունք է դրսեւորում, լրագրողին սպառնում է, այսպես ասած՝ «հոսանքազրկել», պիտակավորումներ է հնչեցնում։ Եվ ոչ միայն նա։ Իշխանության ներկայացուցիչների նման վերաբերմունքը նորմա՞լ է։

– Գիտեք ինչ, դա իրեն հարցրեք, ես ինձ համար կարող եմ պատասխան տալ։ Շատ եմ ցավում, որ ես երբեմն սահմանափակված եմ դրանով, թե չէ շատ շատերի գլուխը ես էլ կջարդեի, որովհետեւ գիտե՞ք ինչ կա։ Մարդը, որը չի կարող հարգել նրան, ով երեք անգամ իր կյանքը դրել է հայրենիքի համար, եւ երեսին գոռում է «դավաճան»… դավաճան գոռում են այն դեպքում, երբ դատարանը որոշում է կայացնում։ Ի՞նչ իրավունք ունի որեւէ քաղաքացի «դավաճան» կոչել մյուսին, երբ չկա դատարանի որոշում (նկատի ունի ցուցարարի հետ կապված միջադեպը.-հեղ.)։

«Առավոտը» զրուցեց նաեւ լրագրող Փայլակ Ֆահրադյանի հետ։

– Պարոն Ֆահրադյան, Հակոբ Արշակյանին մոտենալիս դուք ներկայացե՞լ եք, նկարահանման թույլտվություն հարցրե՞լ եք, եւ ի՞նչ կարող եք ասել այն պնդման մասին, թե դուք հայհոյել եք նախարարին։

– Բնականաբար, ներկայացել եմ, հայտնել եմ՝ «Փայլակ Ֆահրադյան, Irakanum.am», եւ դրանով էր գուցե նաեւ պայմանավորված, որ Հակոբ Արշակյանը վերեւ բարձրանալիս հարցրել է՝ «Փայլակը որտե՞ղ է»։ Այսինքն, եթե ես չներկայանայի, գուցե նա գար ու պարզապես փնտրեր լրագրողի։ Հետեւաբար, ես ներկայացել եմ, որից հետո տեսանկարահանում իրականացրել, որի ձայնագրությունը հրապարակել եմ «Կենտրոն» հեռուստաընկերության եթերում։ Լսողի համար պարզ է, որ ես հարցազրույցի ընթացքում չեմ հայհոյել, ձայնագրությունը տեւել է 48 վայրկյան, որից հետո հեռանալիս չեմ հայհոյել։ Իսկ նկարահանելիս ֆիքսել եմ այնպես, որ նրա հետ գտնվող անձը որեւէ կերպ չթիրախավորվի կամ չգտնվի կադրում։ Եթե ես իմ հարցադրմամբ եւ իմ այդտեղ գտնվելով որոշակի անհարմարություն եմ պատճառել բացառապես այդ կնոջը (եթե Հակոբ Արշակյանի կինն է), ապա հայցում եմ կնոջ ներողամտությունը։ Կրկնում եմ, որ ես չեմ հայհոյել, պատճառ չեմ ունեցել Հակոբ Արշակյանին վիրավորելու։ Ավելին՝ Հակոբ Արշակյանից չեմ լսել պնդում, թե ես հայհոյել եմ։ Դա կեղծ լուր է, եւ փաստաբանս արդեն հերքման պահանջ է ներկայացրել տվյալ լրատվամիջոցին, որպեսզի վերջինս հերքի կամ ներկայացնի ապացույց այն մասին, որ մոտենալիս, ընթացքում կամ հեռանալիս վիրավորական որեւէ արտահայտություն եմ արել։

Հավելենք, որ մարտի 24-ին բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հայտարարեց. «Նախ ուզում եմ ասեմ, որ ձեզ բոլորիդ շատ սիրում եմ: Դուք գիտեք, որ ձեր հարցերին միշտ մանրամասն փորձում եմ պատասխանել, շատ կարեւորում եմ ձեր պրոֆեսիոնալ գործունեությունը: Ես կատարված դեպքի հետ կապված ներողություն եմ խնդրել ականատես եղած քաղաքացիներից, աշխատակիցներից, հիմա նաեւ ուզում եմ ներողություն խնդրել հանրությունից, ովքեր իրենց տեսադաշտում տեսել են այդ դեպքը, նաեւ ցանկանում եմ լրագրական հանրույթից ներողություն խնդրել, ինչպես նաեւ Փայլակից: Շատ կարեւորելով ձեր պրոֆեսիոնալ մասնագիտական գործունեությունը՝ ես շատ լուրջ եմ վերաբերվում դրան եւ ցանկանում եմ, որպեսզի մենք բոլորս հենց այդպես վերաբերվենք»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
26.03.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Seyran says:

    Նախկին լրագրողը ,,սեվացնելով,,իշխանության է եկել,ինչու? ուրիշներն էլ չփորձեն…

  2. Armen says:

    Եթե Հակոբ Արշակյանը գտնվել է սրճարանում կնոջ ընկերակցությամբ և գոնե մեկ անգամ զգուշացրել է լրագրողին՝ ուրեմն լավ չի ծեծել:

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031