Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեդիա դիֆենսը» հայց է ներկայացրել ՄԻԵԴ՝ Լեռնային Ղարաբաղում լրագրողներին հրետակոծելու գործով

Մարտ 26,2021 21:35

Այսօր՝ մարտի 26-ին, Մեծ Բրիտանիայում գտնվող «Մեդիա դիֆենս» իրավապաշտպան կազմակերպությունը Հայաստանի չորս քաղաքացիների անունից հայց է ներկայացրել Ստրասբուրգի դատարան՝ ադրբեջանական ուժերի կողմից Մարտունի քաղաքի մոտ հրետակոծության ժամանակ լրագրողներին դիտավորյալ թիրախավորելու համար։ Դիմողները՝ վիրավորում ստացած երեք լրագրողները և լրագրողներից մեկի սպանված ուղեկցորդի եղբայրը, պնդում են, որ այս հարձակման արդյունքում Ադրբեջանը խախտել է նրանց՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով պաշտպանվող իրավունքները։

Հրետակոծությունը տեղի էր ունեցել 2020թ․ հոկտեմբերի 1-ին, երբ Մարտունի քաղաքի կենտրոնը կարճ ժամանակահատվածում խոցվեց մոտ 40 հրթիռով։ Չորս հոգի սպանվեց, կային ծանր վիրավորներ։ Նույն օրը, ավելի ուշ ադրբեջանական կառավարությունը, հղում անելով հրետակոծությանը, մեղադրեց Հայաստանին՝ լրագրողների կյանքը վտանգելու և միջազգային իրավունքը խախտելու մեջ։ Իրականում այս հակամարտության ընթացքում ադրբեջանական զինված ուժերը պարբերաբար թիրախավորել են լրագրողներին։ Բազմաթիվ լրագրողներ են հաղորդում լրագրողական աշխատանքի ընթացքում ադրբեջանական զինված ուժերի հետապնդումների և սպառնալիքների մասին։

Դիմողները պնդում են, որ Ադրբեջանը Մարտունի քաղաքի ռմբակոծման ընթացքում խախտել է նրանց կյանքի և ազատ արտահայտման իրավունքները։ Այս իրավունքները պաշտպանվում են Կոնվենցիայի 2-րդ և 10-րդ հոդվածներով։

Դիմողներին դատարանում ներկայացնում են «Մեդիա դիֆենսից» Փադրեյգ Հյուզը և Կառլոս Գայոն, ինչպես նաև հայաստանյան իրավաբան և Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախագահ Շուշան Դոյդոյանը։

Վերջինիս խոսքերով. «Այս գործը ռազմավարական նշանակություն ունի Հայաստանի լրագրողական համայնքի համար։ 2020թ․ հոկտեմբերին, Արցախում ադրբեջանական զինուժի կողմից հրթիռակոծման արդյունքում առնվազն վեց լրագրող է վիրավորվել, զոհվել է լրագրողի ուղեկցորդ։ Թեև հակամարտության գոտիներում աշխատող մեդիա աշխատակիցները քաղաքացիական անձի կարգավիճակ ունեն և պաշտպանվում են միջազգային մարդասիրական իրավունքով, այս հակամարտության ընթացքում այս սկզբունքը չի հարգվել հավուր պատշաճի։ Լրագրողները ռազմական թիրախներ չեն, նրանց անվտանգությունը պետք է երաշխավորվի, քանի որ նրանք, պատերազմական գոտում վտանգելով իրենց կյանքը, իրենց մասնագիտական պարտքն են կատարում։ Ես հպարտ եմ լինել փաստաբանական այս թիմի անդամը, որը մշակել է այս ռազմավարական դատավարության գործը՝ Ադրբեջանի կառավարությունից պահանջելով ճանաչել տուժած լրագրողների իրավունքների խախտման փաստը և համապատասխանաբար փոխհատուցել»։

«Մեդիա դիֆենսի» իրավաբանական բաժնի ղեկավար Փադրեյգ Հյուզն ասում է․ «Զինված հակամարտությունների ընթացքում ճշգրիտ և իրազեկ լրագրողական գործունեության կարևորությունը չի կարելի գերագնահատել, և հատկապես այն պատճառով, որ լրագրությունը հաճախ ազդում է պատերազմող կողմերի վարքի վրա։ Այս հարձակումը թույլ չտվեց լրագրողներին կատարել իրենց աշխատանքը այնինչ այս դեպքը հակամարտության ընթացքում Ադրբեջանի կողմից մեդիայի վրա բազմաթիվ հարձակումներից մեկն էր միայն։ Այս հակամարտությունը բնութագրվել է որպես «պատերազմների ապագան» ցույց տվող, ուստի մենք հուսով ենք, որ Դատարանը կորոշի, որ այդ ապագայում հարկ է ապահովել լրագրողների համար պատշաճ պաշտպանության միջոցներ, որպեսզի նրանց տրամադրած տեղեկատվության որակն ու անկախությունը որևէ կերպ չտուժի»։

«Ինֆորմացիայի ազատության կենտրոն» ՀԿ հիմնադիր ու նախագահ Շուշան Դոյդոյանն այս առիթով ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Պատերազմի ընթացքում հայ լրագրողներին թիրախավորելու, վիրավորելու և նրանց կյանքը սպառնալիքի տակ դնելու համար բրիտանական Մեդիա դիֆենս իրավապաշտպան կազմակերպության իրավաբանական թիմը այսօր դիմում ներկայացրեց Մարդու իրավունքների եվրոպական դատարան ընդդեմ Ադրբեջանի։

Դիմումատուները՝ սպանված ուղեկցորդ (fixer) Գրիշա Նարինյանի եղբայրը՝ Մխիթար Նարինյանը, վիրավորում ստացած լրագրողները Սևակ Վարդումյանը, Արամ Գրիգորյանը, ինչպես նաև Ավետիս Հարությունյանը պնդում են, որ Ադրբեջանը Մարտունի քաղաքի հրետակոծության ընթացքում խախտել է իրենց կյանքի և ազատ արտահայտման իրավունքները, որոնք երաշխավորվում են Կոնվենցիայի 2-րդ և 10-րդ հոդվածներով։

Դիմողներին Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ներկայացնում են «Մեդիա դիֆենսից» Փադրեյգ Հյուզը և Կառլոս Գայոն, ինչպես նաև իրավաբան և Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախագահ Շուշան Դոյդոյանը։

Շնորհակալ եմ բոլորին, ովքեր անցած 5 ամիսների ընթացքում մեր իրավաբանական խմբին օգնեցին նախապատրաստել դիմումը, որն ուղարկելով Դատարան՝ խնդրել ենք քննության առնել արագ դատաքննության կարգով»։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031