Լրահոս
Օրվա լրահոսը

«Սուբվենցիոն ծրագրերն ամենաարդյունավետ գործիքն են տարածքային համաչափ զարգացման համար»

Մարտ 26,2021 20:45

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն՝ ընթացիկ ծրագրերն ու առաջիկա անելիքները քննարկելու նպատակով: Խորհրդակցությանը մասնակցել են Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանը, ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանը, նախարարի տեղակալները, նախարարության ենթակա կառույցների ղեկավարները, պաշտոնատար այլ անձինք:

Քննարկման մեկնարկին վարչապետ Փաշինյանն իր խոսքում անդրադարձել է ՏԿԵՆ գործունեությանը՝ նշելով. «Մեր կառավարության կողմից իրականացվող կապիտալ ծախսերի առյուծի բաժինն իրականացվում է հենց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության միջոցով, ինչը չափազանց կարևոր ուղղություն է: Որպես կապիտալ ծախսերի հատված ուզում եմ ընդգծել նաև սուբվենցիոն ծրագրերը, որոնք իրականացվում են համայնքների հետ համագործակցության  միջոցով, և պետք է արձանագրել, որ մեր կառավարության պատկերացմամբ՝ սուբվենցիոն ծրագրերն ամենաարդյունավետ գործիքն են տարածքային համաչափ զարգացումը ապահովելու համար: Այսօր մենք կքննարկենք նաև ենթակառուցվածքների հետ կապված հարցեր, էներգետիկայի, բնական պաշարների ոլորտին վերաբերող արդյունքները, անելիքները, խնդիրները և որոշումներ կկայացնենք հետագա անելիքների վերաբերյալ»:

ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանը զեկուցել է ըստ ոլորտների կատարված աշխատանքների մասին: Մասնավորապես, նախարարի խոսքով՝

սուբվենցիաների ոլորտում՝ 2020թ.  իրականացվել է 580 սուբվենցիոն ծրագիր՝ 26.2 մլրդ դրամ ընդհանուր արժեքով, որտեղ պետբյուջեի մասնաբաժինը կազմել է 14.3 մլրդ դրամ: Ընդհանուր առմամբ 2018-2020թթ. իրականացվել է 1192 սուբվենցիոն ծրագիր՝ 47.5 մլրդ դրամ արժեքով, որից 25.5 մլրդ դրամը՝ պետբյուջեի հաշվին, 21.5 մլրդ դրամը՝ համայնքների համաֆինանսավորմամբ, 500 մլն դրամը՝ ներդրողների ներգրավմամբ: 1192-ից 368 ծրագրով իրականացվել է 270 կմ ներհամայնքային փողոցների բարեկարգում, 134-ով՝ խմելու ջրագծերի նորոգում, 78-ով՝ ոռոգման համակարգի կառուցում, 161-ով՝ փողոցային լուսավորություն և այլ ծրագրեր: 2021թ. համար ստացվել է 800 սուբվենցիոն ծրագրի հայտ, որոնք վերլուծության փուլում են: Նախարարն արդյունավետ է գնահատել սուբվենցիոն ծրագրերի կատարողականը՝ ընդգծելով նաև այն հանգամանքը, որ պետության համաֆինանսավորումը թույլ է տալիս վերահսկողություն ունենալ ծախսի և շինարարության որակի նկատմամբ:

Ճանապարհաշինության բնագավառում՝ 2019թ. իրականացվել է 350 կմ ճանապարհի, 2020թ.՝ շուրջ 400կմ ճանապարհի հիմնանորոգում և միջին նորոգում, ևս 150կմ ներհամայնքային ճանապարհն վերանորոգվել է սուբվենցիոն ծրագրերով: Ֆինանսավորման աղբյուրները մի քանիսն են՝ պետական բյուջեից մինչև դրամաշնորհներ և վարկային ծրագրեր: 2020թ. իրականացվել և այժմ ընթացքի մեջ են «Կենսական ճանապարհների բարելավում» և Մ6՝ Վանաձոր-Բագրատաշեն ճանապարհի շինարարության ծրագրերը: Եղանակային պայմանների բարելավման պես կմեկնարկի Հյուսիս-հարավ ճանապարհի Թալին-Լանջիկ և Լանջիկ-Գյումրի շուրջ 42-50 կմ ճանապարհահատվածի շինարարությունը:

Ավտոմոբիլային տրանսպորտի բնագավառում՝ ՀՀ-ում միասնական երթուղային ցանցի ներդրման շրջանակում մշակվել և քարտեզավորվել են բոլոր երթուղիները: 2021թ. մարտի սկզբին հայտարարվել է Արմավիրի մարզի միասնական երթուղու մրցույթը, որի արդյունքները կամփոփվեն ապրիլի կեսերին: Հաջող արդյունքներ արձանագրելու պարագայում նախատեսվում է նման մրցույթներ անցկացնել նաև մյուս մարզերում՝ տրանսպորտային հաղորդակցության խնդիրները լուծելու նպատակով:

Էներգետիկայի ոլորտում՝ այս տարի ավարտին կհասցվի 250 ՄՎտ դրվածքային հզորության ջերմակայանի կառուցումը, կշարունակվեն նաև Մասրիկ-1 55 ՄՎտ դրվածքային հզորության արևային կայանի կառուցման աշխատանքները: 2021թ. փետրվարի 1-ին փորձարկվել է էլեկտրաէներգետիկ մեծածախ շուկայի կառավարման ծրագիրը: Շարունակվել են ՀԱԷԿ շահագործման ժամկետի երկարացման ծրագրով նախատեսված աշխատանքները, ներդրվել է 65 մլն դոլար։ 2021-2023թթ. նախատեսվում է շահագործման ժամկետի երկարացման ծրագրի շրջանակում ներդնել շուրջ 100 մլն դոլար։ Շարունակվել են Իրան–Հայաստան Էլեկտրահաղորդման օդային գծի և Նորավան ենթակայանի շինարարական աշխատանքները, ներդրվել է 27 մլն եվրո: Ընդհանուր առմամբ գումարային տեսանկյունից 2019-2020թթ. ընթացքում կատարվել է այնքան աշխատանք, որքան կատարվել էր 2006-2019թթ.: Վերամեկնարկել է Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց ծրագիրը, որի արժեքը 188 մլն եվրո է։ Ավարտվել են Հաղթանակ, Աշնակ ենթակայանների վերակառուցման և Լալվար–Նոյեմբերյան օդային նոր գծի կառուցման աշխատանքները՝ 28 մլն դոլար ներդրմամբ։ Վերակառուցման փուլում են Վանաձոր 1, Չարենցավան, Լիճք, Ագարակ և Շինուհայր ենթակայանները։

Ենթակառուցվածքային ծրագրերից նախարարն առանձնացրել է Գյումրու քաղաքային ճանապարհների ծրագիրը, որի շրջանակում 12 կմ երկարությամբ 9 փողոցի և 2 հրապարակի հիմնանորոգումն արդեն ավարտվել է, 2021թ. կհիմնանորոգվի 11 կմ երկարությամբ ևս 23 փողոց: Արդյունքում ակնկալվում է Գյումրիում ունենալ ընդհանուր 25 երկարությամբ հիմնանորոգված փողոցներ, ինչը դրական ազդեցություն կունենա աղետի գոտու կրճատման և Գյումրիում կյանքի աշխուժացման վրա: Տարածքային զարգացման հիմնադրամի կողմից իրականացվող ծրագրերի շրջանակում Ս. Պապիկյանն անդրադարձել  է ոռոգման համակարգերի արդիականացման ծրագրին, որի  մեկնարկը տրվել է 2020-ին և շարունակվելու է նաև այս տարի: Ընդհանուր առմամբ, ակնկալվում է ունենալ 37.4 կմ մեխանիկական ոռոգման և 265.9 կմ ներտնտեսային ցանցերի արդիականացում, ինչն էապես կփոխի Կոտայքի, Արագածոտնի, Արմավիրի, Արարատի մարզերի ոռոգման համակարգերը: Բացի այս, ընթացքի մեջ է Վեդիի ջրամբարի շինարարությունը, մեկնարկում է նաև Կապսի ջրամբարի կառուցումը:

Կարևորվել է նաև «Սեյսմիկ անվտանգության բարելավման» ծրագրով իրականացվող դպրոցաշինությունը, որի շրջանակում կառուցվելու/ամրացվելու է առնվազն 46 դպրոց:  Ծրագրի սկզբից մինչ այժմ ակտիվ շինարարության փուլ է մտել 19 դպրոց: Ավարտվել է 6-ի շինարարությունը, 2–ի շինարարությունը կավարտվի 2021թ., իսկ 11-ինը՝ 2022թ. ընթացքում: Ներկայում նախագծվում է 15 դպրոցական շենք, որից 11-ն ավարտվել է և գտնվում է տարբեր փորձաքննությունների փուլերում:

Աղբահանության բնագավառում՝ 2020թ. դեկտեմբերին մեկնարկել է Կոտայք-Գեղարքունիք աղբավայրի շինարարությունը (11 մլն եվրո), որն առաջիկայում եղանակային պայմանների բարելավման պես կշարունակվի: Աղբավայրը շահագործման կհանձնվի մեկ տարվա ընթացքում:

Տեղական ինքնակառավարման ոլորտում՝ համայնքների միավորման գործընթացը շարունակվում է,  նախատեսվում է այն ամբողջությամբ ավարտել 2022թ.: Ներկայում միավորված համայնքների թիվը 54-ն է, միջազգային գործընկերների հետ համատեղ այդ 54-ում հիմնվել են Քաղաքացիների սպասարկման գրասենյակներ: 2021-2022թ.. կհիմնվեն ևս 19-ը։ 2021թ. հունվարից գործարկվել է անշարժ գույքի հարկի և փոխադրամիջոցների գույքահարկի հաշվառման և հավաքագրման միասնական էլեկտրոնային համակարգը:

Միգրացիոն քաղաքականության բնագավառում՝ 1988-1992թթ. Ադրբեջանից բռնի տեղահանված բնակարանի առաջնահերթ կարիք ունեցող ընտանիքներին տրամադրվել է 183 ԲԳՎ՝ 2.4 մլրդ դրամ արժեքով: Այս պահին շահառուների կողմից կնքվել է առուվաճառքի 64 պայմանագիր, որոնց հիման վրա կատարվել են համապատասխան փոխանցումները: Գործընթացը կշարունակվի նաև այս տարի. այն ամբողջությամբ կավարտվի Երևանում, հաջորդիվ՝ նաև մարզերում:

Ընդերքօգտագործման ոլորտում՝ 2020թ. ընդունվել է «Ընդերքի մասին» օրենքը, որն էական կարգավորումներ է բերել ոլորտ, ինչը, նախարարի խոսքով, կարևոր, բայց բավարար չէ, և օրենսդրական բարեփոխումների գործընթացը շարունակական է լինելու: 2018-2021թթ. ընթացքում ընդերքօգտագործող ընկերությունների կողմից պետբյուջե վճարված ապառքների գումարը կազմել է 857 675 775 դրամ: Որոշ ընկերություններ զրկվել են ընդերքօգտագործման լիցենզիայից՝ իրենց պարտավորությունները ոչ պատշաճ կատարելու պատճառով: Մշակվել է սեփականատերերի հայտարարագրման համակարգը, ներդրվել է պաշարների ընդերքաբանական փորձաքննության կարգը:

Հաջորդիվ քննարկում է ծավալվել ՏԿԵՆ գործունեության տիրույթում գտնվող ոլորտներում ընթացիկ խնդիրների լուծման և հետագա անելիքների շուրջ: Այս առնչությամբ ՏԿԵ նախարարի տեղակալները, ՏԿԵՆ ենթակայության ներքո գտնվող կառույցների ղեկավարները պարզաբանումներ են ներկայացրել վարչապետ Փաշինյանին, հանդես եկել ոլորտային գործընթացների բարելավումների վերաբերյալ առաջարկներով:

Վարչապետն ընդգծել է, որ տարածքային զարգացման և ենթակառուցվածքների ոլորտային ճյուղերում ստանդարտների բարձրացման, բարելավման խնդիր է պետք դնել և հետևողական առաջ շարժվել այդ ճանապարհով:

Կառավարության ղեկավարը կարևորել է ճանապարհաշինության ոլորտում առկա բոլոր ծրագրերի ներդաշնակեցումը թե՛ շինարարական աշխատանքների, թե ֆինանսավորման մեխանիզմների առումով, որպեսզի գործընթացն իրականացվի ամբողջական և փոխլրացված կերպով:

Հանքարդյունաբերության առնչությամբ՝ վարչապետն առաջնահերթություն է համարել այս հանրային ռեսուրսի պատասխանատու օգտագործման ապահովումը և այդ ուղղությամբ առկա համակարգի շարունակական բարելավումը:

Ինչ վերաբերում է ենթակառուցվածքների զարգացմանը, վարչապետ Փաշինյանն ընդգծել է, որ կառավարության համար սա կարևոր առաջնահերթություն է, և այդ նպատակին պետք է ծառայեն տարբեր աղբյուրներից ներգրավվող ֆինանսական միջոցները՝ պետական, համայնքային, վարկային, մասնավոր:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում աշխատանքային ձևաչափով շարունակել քննարկումը՝ անդրադառնալով նաև ավիացիայի, միգրացիայի և մյուս ոլորտներին:

ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031