«Նշանակման օրվանից փորձել եմ եւ աշխատում եմ դատավորի երդմանս համապատասխան աշխատել եւ որեւէ ճնշում իմ համար նշանակություն չունի: Ճնշումներ բնականաբար կարող են լինել եւ լինում էլ են: Կոնկրետ իմ դեպքում օրինակի համար այնպիսի ճնշումներ, որի համար կարելի է հանցագործության մասին հաղորդում ներկայացնել, կամ ԲԴԽ դիմել՝ իմ հանդեպ չի եղել»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց դատավոր Դավիթ Հարությունյանը:
Հիշեցնենք, որ այսօր Դատավորների ընդհանուր ժողով պետք է տեղի ունենար՝ քննարկելու ԲԴԽ գիտնական-անդամների՝ քաղաքական իշխանությանը ծառայելու եւ դատավորների նկատմամբ ճնշում գործադրելու փորձերը: Սակայն քվորում չլինելու պատճառով ժողովը չկայացավ:
Օրերս «Դատական օրենսգրքում» փոփոխություն կատարվեց եւ ԲԴԽ-ին նոր լիազորություն տրվեց: Դավիթ Հարությունյանը գտնում է, որ այդ օրենքի հեղինակները ոչ հետազոտություն են կատարել, ոչ էլ իրավաբանական խորը գիտելիքներ ունեն, որ այդպիսի փոփոխություն են կատարել:
Ըստ նրա, քննադատության չի դիմանում այն լրացումը, որ առանձնահատուկ բարդ գործերը քննելիս ԲԴԽ-ն կարող է գործը մի դատավորից վերցնել, տալ մեկ այլ դատավորի. «Եթե դա մտնի ուժի մեջ, չեմ կարծում, որ ԲԴԽ-ն կարող է դատավորներին տարանջատել թեթեւ գործեր քննողների եւ առավել բարդ գործեր քննողների»: Հարցին՝ եթե ձեզնից գործ վերցնեն՝ ինչպե՞ս կվարվեք՝ նա պատասխանեց, որ հանցագործության մասին հաղորդում կներկայացնի. «Դատավորից գործ վերցնելը եւ մեկ այլ դատավորի փոխանցելը հանցագործություն է: Դա արդարադատությանը միջամտություն է»:
Կարդացեք նաև
Մեկ այլ փոփոխությամբ թույլ է տրվել, որ սովորական քաղաքացին ԲԴԽ-ին դիմի եւ դատավորի դեմ վարույթ հարուցվի: Դավիթ Հարությունյանի գնահատմամբ՝ «ամբողջ աշխարհում ինձ հայտնի չէ դեպք, երբ ֆիզիկական կամ իրավաբանական անձը ստանձնում է մեղադրողի դեր՝ կարգապահական վարույթի շրջանակներում: Ամբողջ աշխարհում միջնորդավորված է նման բան լինում, որտե՞ղ եք տեսել, որ քաղաքացին նման դեր է ստանձնում: Մատնանշում էին, թե դա անձի իրավունքներից է բխում: Իսկ եթե անձը չունի մասնագիտական հմտություններ՝ կարո՞ղ է պաշտպանել մեղադրանքը դատավորի նկատմամբ: Ոչ միայն անհիմն քաշքշուկներ են ստեղծվելու, ոչ միայն ԲԴԽ-ն է ծանրաբեռնվելու, այլ նաեւ դա դատարանների անկախությանը միջամտություն է»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ