ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Կարեն Քեռյանը նշանակվել է Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ։
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը մարտի 26-ին Բարձրագույն որակավորման կոմիտեի աշխատակազմին է ներկայացրել կոմիտեի նորանշանակ նախագահ Կարեն Քեռյանին:
Կատարած աշխատանքի համար շնորհակալություն հայտնելով ԲՈԿ-ի անձնակազմին` նախարարն արդյունավետ աշխատանքային գործունություն է մաղթել Կարեն Քեռյանին: Վահրամ Դումանյանը հույս է հայտնել, որ ԲՈԿ-ի նոր նախագահին կհաջողվի իրագործել «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ նոր օրենքի ընդունմամբ պայմանավորված գիտական աստիճանաշնորհման համակարգի բարեփոխումները:
«Մենք ակնկալում ենք բովանդակային աշխատանք. շահարկումներն ու տարատեսակ անվանարկումները ԲՈԿ-ի հետ չպետք է առնչություններ ունենան»,- ընդգծել է Վահրամ Դումանյանը:
Կարդացեք նաև
Կարեն Քեռյանը շնորհակալություն է հայտնել գիտական աստիճանաշնորհման համակարգի ղեկավարման պատասխանատվությունն իրեն վստահելու համար` նշելով, որ համակարգի առաջ ծառացած խնդիրները պետք է լուծվեն համատեղ ուժերով:
«Շատ կարևոր են միասնական նպատակի սահմանումը և դրան միտված ծրագրային բարեփոխումների իրականացումը»,- նշել է նա` ավելացնելով, որ ակնկալում է ԲՈԿ-ի անձնակազմի և ԿԳՄՍ նախարարության հետ համագործակցված ու արդյունավետ աշխատանք:
Հավելենք, որ Կարեն Քեռյանը ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու է, դասախոսում է Երևանի պետական և Հայաստանի ամերիկյան համալսարաններում, եղել է Հայաստանի թիմի ղեկավարն ուսանողական միջազգային օլիմպիադաներում:
ՀՀ ԿԳՄՍ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ