Այսօր Դատավորների ընդհանուր ժողով պետք է տեղի ունենար՝ քննարկելու ԲԴԽ գիտնական-անդամների՝ քաղաքական իշխանությանը ծառայելու եւ դատավորների նկատմամբ ճնշում գործադրելու փորձերը:
Օրերս խորհրդարանը «Դատական օրենսգրքում» փոփոխություն կատարեց ու սահմանվեց, որ ԲԴԽ-ին դատավորների դեմ վարույթ հարուցելու հարցով կարող են դիմել նաեւ քաղաքացիները, այսինքն, ընդլայնվել է դիմողների ցանկը: Դատավորները գտնում են, որ սա կարող է կաշկանդել իրենց՝ որոշումներ կայացնելիս:
Ժողովից առաջ լրագրողների հետ զրույցում դատավոր Ռոբերտ Պապոյանն ասաց. «Այսպիսի օրենք ընդունելով՝ ըստ էության, ԲԴԽ-ն դառնում է 4-րդ ատյան: Ցանկացած որոշում կայացնելիս ես պետք է գամ արդեն այն կանխավարկածով, որ մի կողմը ինձնից դժգոհ գնալով՝ անպայման կդիմի ԲԴԽ՝ որպես դատավոր իմ հարցը քննարկելու համար: Արդյունքում ի՞նչ կստացվի՝ յուրաքանչյուր կողմ, որը դժգոհ է մնում դատարաններից, իսկ դատարանում կողմերից մեկը դժգոհ է մնում, դժգոհ մնալու պարագայում ինձ պետք է տանի կանգնեցնի դատարանի առջեւ: Այս առումով գտնում եմ, որ պետք չէր»:
ԲԴԽ-ին նաեւ տվել են լիազորություն՝ գործը մի դատավորից վերցնել ու տալ մեկին: Սա նույնպես հարուցել է դատավորների դժգոհությունը. «Եթե չեմ սխալվում, 2014-ին ընդունեցին էլեկտրոնային մակագրության կարգը ու այն ժամանակ հիմնավորումներ կար, զարգացած երկրների փորձն էր նշված: Դատական բարեփոխումների շրջանակներում հիմա հետընթա՞ց ենք կատարում»,- ասաց պարոն Պապոյանը:
Կարդացեք նաև
Հարցին՝ հիմա կարո՞ղ եք ասել, որ դատավորներն անկախ են թե՛ ներկա, թե՛ նախկին իշխանություններից՝ նա պատասխանեց. «Փորձելու են ազդեցություն ունենալ, դատավորը, հենց անձը պետք է դրանից փորձի հեռու մնալ: Ինձ կոնկրետ չի եղել ճնշումներ, թե՛ նախկին իշխանությունների օրոք, թե՛ այս իշխանությունների օրոք»: Ընդհանուր դատական համակարգում թե կոնկրետ անձանց ճնշումներ եղել են, ես դա չեմ կարող ասել, ծանոթ չեմ, բայց հանրային ճնշումներ, իհարկե, լինում են»:
Դատավորները, կարծես, պատերազմ են հայտարարել, առճակատումների են գնում ու, օրինակ, Փաշինյանին վերացնելու սպառնալիք հնչեցնողի հանդեպ կալանավորման որոշում չեն կայացնում: Ըստ դատավորի, դա այլ պատճառ կարող է ունենալ. տարիներ շարունակ միջազգային կառույցները կալանքը որպես խափանման միջոց կիրառելը չչարաշահելու հորդորներ են հնչեցրել. «Կալանքի նպատակը պատիժը չի, այլ է, միգուցե հիմքերը չեն եղել»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ