Լրահոս
Օրվա լրահոսը

Դրսում տեղեկացված չեն, որ Հայաստանը բաց է զբոսաշրջության համար, ավիատոմսերն էլ դեռ թանկ են. տուրընկերության ներկայացուցիչներ

Մարտ 26,2021 18:16

«Շատերը տեղեկացված չէին, որ Հայաստանը հիմնականում բաց է զբոսաշրջության համար, գործում են չվերթներ: Մեր հիմնական աշխատանքը, հատկապես առաջին օրերին, իրազեկումն էր»,-այսօր այս մասին ասաց զբոսաշրջային ընկերության ներկայացուցիչ Եղիշե Թանաշյանը, որն իր գործընկերների հետ նոր էր վերադարձել Մոսկվայում մարտի 16-18-ը կազմակերպված MITT միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսից:

Եղիշե Թանաշյան

Ըստ նրա, Հայաստանի զբոսաշրջային պրոդուկտի նկատմամբ ռուսաստանցիները մեծ հետաքրքրություն են ցուցաբերել: «Արմենպրեսի» մամուլի սրահում ցուցահանդեսին մասնակից տուրընկերության եւ ՀՀ կառավարության ներկայացուցիչները պատմեցին արդյունքների մասին:

 

Անահիտ Այվազյան

Հայկական կողմը մասնակցել է 20 զբոսաշրջային կազմակերպությունների հետ: Տուրընկերության ներկայացուցիչ Անահիտ Այվազյանի խոսքով՝ մեծ ակնկալիքներով չեն մեկնել, սակայն տրամադրությունները փոխվել են, երբ նկատել են, որ հայկական տաղավարի ու Հայաստանի նկատմամբ այդպիսի մեծ հետաքրքրություն կա. «Ստացվեց լրիվ հակառակը, իսկապես շատ մեծ հետաքրքրություն կար Հայաստանի տաղավարի նկատմամբ: Ռուսաստանի համարյա բոլոր մարզերից ունեցել ենք հարցումներ: Վերադարձի ճանապարհին՝ դեռ Հայաստան չհասած, արդեն հարցումներ էինք ստանում, ինչը շատ ուրախալի է: Կարծում եմ, հաջողելու ենք»: Նրանց խոսքով, հետաքրքրված են թե՛ անհատ զբոսաշրջիկներ թե՛ խմբերով ու էքստրեմալ տուրիզմի կողմնակիցները:

Անի Արեւշատյան

Էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի Մարքեթինգի եւ խթանման վարչության խորհրդական Անի Արեւշատյանը նշեց, որ հանդիպումներ են ունեցել Ռուսաստանի պետական հատվածի ներկայացուցիչների հետ. «Մեր տաղավար այցելեց Ռոստուրիզմի ղեկավար Զարինա Դոգուզովան: Առանձին հանդիպումներ եղան նաեւ ցուցահանդեսին ներկայացված այլ պետությունների ներկայացուցիչների հետ: Հանդիպման առանցքում հիմնականում բարձրաձայնվել են հարցեր՝ ավիաչվերթների վերականգնման հետ կապված, խոսել ենք նոր համագործակցության մասին: Ասեմ, որ մեծ աջակցություն ստացանք ՌԴ-ում Հայաստանի դեսպանության կողմից»:

Եղիշե Թանաշյանն ասաց, որ մեծ թվով հանդիպումներ են ունեցել՝ այդ թվում նոր գործընկերների հետ, ինչը հույս է տալիս, որ տուրիզմը վերջապես կսկսի վերակենդանանալ: Նա կարծում է, որ ռուսական տուրիստական շուկայի աշխարհագրությունը պետք է ընդլայնել:

Անի Արեւշատյան

Զբոսաշրջային ընկերության ներկայացուցիչ Գագիկ Հակոբյանի խոսքով՝ կորոնավիրուսով պայմանավորված, տեւական ժամանակ առիթ չեն ունեցել իրենց գործով զբաղվելու, հիմա լավ առիթ էր զբոսաշրջային փաթեթներ ներկայացնելու: Ըստ նրա, հիմնական խնդիրը, որն անընդհատ նշվում էր ռուսաստանցիների կողմից, ավիատոմսերի գներն էին. «Նախաքովիդյան ժամանակաշրջանում հնարավորություն կար երկկողմանի ավիատոմսը ձեռք բերել 60-80 հազար դրամի սահմաններում: Քանի որ ամբողջ ծավալով ավիահաղարդակցությունը դեռ չի վերականգնվել, մենք ներկայումս չենք կարող ունենալ այդ գնային առաջարկները: Ցանկալի է, որ կառավարությունն ակտիվ լինի իրազեկման աշխատանքներում, ճիշտ համակարգում իրականացնի»:

Անի Արեւշատյանն ասաց, որ Հայաստանի վերաբերյալ իրազեկվածության բարձրացման աշխատանքներն արդեն սկսել են: Արաբական երկրները նույնպես այդ շուկաների թվում են:

Կառավարության ներկայացուցիչը նաեւ ասաց, որ ապրիլի 1-ից ՌԴ-ից Հայաստան ավիաչվերթների թիվը կավելանա, ռուսաստանցիները կկարողանան մեր երկիր ժամանել ոչ միայն Մոսկվայից ու Սանկտ Պետերբուրգից, այլեւ տարածարջանային այլ օդանավակայաններից:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031