Լրահոս
Օրվա լրահոսը

Էդգար Էլբակյան. «Ակնհայտ է, որ նոր ընտրությունների արդյունքում գործող իշխանությունը չի ունենալու այն ուսապարկաքանակը, որ ունի հիմա»

Մարտ 26,2021 18:25

Քաղաքագետ Էդգար Էլբակյանի գնահատմամբ ԱԺ արտահերթ ընտրությունների մասով պետք է իմանալ, որ դա կոնսենսուսային որոշում է, որ մաքուր ձեւով ընտրություն կազմակերպելը իշխանությանը ձեռնտու չէր այն պարզ պատճառով, որ ինչ-որ մի պահից ակնհայտորեն իրավիճակը հանգուցալուծվելու է: «Ակնհայտ է, որ նոր ընտրությունների արդյունքում գործող իշխանությունը չի ունենալու այն ուսապարկաքանակը, որ ունի հիմա: Հաղթելու, առաջին տեղը գրավելու շանսերը բավականին մեծ են, բայց ոչ 88 ունենալու: Նաեւ ակնհայտ է, որ ընտրությունների արդյունքում գործող իշխանությանը եւ նրա պարագլխին խիստ անցանկալի ուժ է հայտնվելու խորհրդարանում հանձին Ռոբերտ Քոչարյանի եւ նրա ղեկավարած ուժի: Դրա համար, եթե միայն իշխանության ցանկությանը մնար, ընտրություններ չէին լինի: Ակնհայտ է նաեւ, որ կոնսենսուսի եկան պայմանական կամ հավաքական Արեւմուտքն ու Ռուսաստանը, որոնց սիրտը, ժողովրդական լեզվով ասած՝ չի ցավալու մեր երկրի համար: Իրենք ունեն իրենց շահերը: Որոշ հանգամանքներ հաշվի առնելով, որքան էլ հակասական թվա, այստեղ Ռուսաստանի եւ Արեւմուտքի շահերը նույնն են:

Ընտրությունները մեծ հաշվով իմաստազուրկ են, եթե այն անցկացնում են իշխանությունները, եթե այն չի կազմակերպում անցումային կառավարությունը, որի համար կար երկու առաջարկ՝ Հայրենիքի փրկության շարժման եւ նախագահ Արմեն Սարգսյանի առաջարկած տեխնոկրատների կառավարությունը, որոնցից ոչ մեկը չընդունվեց: Ընտրությունները, պարզապես, վերարտադրելու են քաղաքական ճգնաժամը: Կառավարությունը ի վիճակի չի լինելու խնդիրներ լուծել, քանի որ արդեն հետընտրական պայքարն է լինելու ավելի դաժան՝ շարունակվելու է կառավարություն-օրենսդիր պատերազմը»,- ասաց վերլուծաբանը:

Հարցին, թե երբ ընդդիմության մաս կազմող քաղաքական ուժերը գործող իշխանության հետ վերջինի պայմաններով ընտրություն կազմակերպելու եւ դրա արդյունքում օրենսդիրու որոշակի քանակությամբ մանդատ ստանալու շուրջ բանակցում եւ պայմանավորվածություններ են ձեռք բերում արդյո՞ք չեն գիտակցում, որ այդպես իրենք ընդամենը գործիք են դառնում իշխանության ձեռքին, որը ցանկացած պահի նրանց կարող է ոչնչացնել, կամ գլխին բամփել, ինչի փորձը ոմանք ունեն: Նույնը վերաբերում է իշխանությունը ցանկացած գնով պահելու  այսօրվա քաղաքական ղեկավարությանը՝ Թուրքիայի եւ Ադրբեջանի տարածաշրջանային քաղաքականությանը չհակադրվելուն, Էդգար Էլբակյանը պատասխանեց. «Քաղաքական գործիչները, լինեն նրանք ներքաղաքական կամ արտաքին քաղաքական պայքարում, ընդունում են իրավիճակային որոշումներ: Դա գալիս է Հին Միջագետքի ու Եգիպտոսի ժամանակներից: Դա է քաղաքական գործչի գործառույթը: Ինքն ընդունում է որոշում, որն այս պահին կարճաժամկետ հեռանկարում թույլ է տալիս իր շահը մի փոքր մաքսիմալիզացնել: Քաղաքական գործիչները երբեք չեն ընդունել փիլիսոփայական բնույթի, հեռուն, ապագային նայող որոշումներ: Իսկ թե հետո ինչ է լինում, ապագան է ցույց տալիս: Քաղաքական գործիչը, եթե տեսնում է, որ այս պահին X  ունի եւ դա կարող է X+1 դարձնել, կամ գոնե մնա X-ի վրա՝ սա վերաբերում է մեր իշխանությունների թյուրքական աշխարհի հետ սիրախաղերին, ինքը դրան գնում է: Թե հետո ինչ կլինի, կյանքը ցույց կտա»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031