Լրահոս
Օրվա լրահոսը

«Ուշադիր նայեք Նիկոլի տոնայնությանը, Նիկոլի խոսքին. ինքը գիտի, որ իրեն չեն վստահում, ինքը գիտի, որ այնտեղ ֆեյք մարդիկ են». Հովհաննես Սահակյան

Մարտ 26,2021 18:07

«Ես խորը մտահոգություն ունեմ, որ օրվա իշխանությունն ազնիվ է իր տեսակետում, որովհետեւ «փոխենք համամասնական եւ մեր խոստումը կատարենքն», այլեւս գրոշ չարժե: Դա պետք է անեին շուտ`սահմանադրական բարեփոխումների ժամանակ (նկատի ունի անցած տարի`սահմանադրական բարեփոխումներին նախապատրաստությունները-Ն. Գ.): Բայց երբ մարզերում շրջեցին եւ տեսան, որ այլեւս վստահություն չունեն… քանի որ այդ սահմանադրական բարեփոխումները դարձել էին իրենց վստահության հանրաքվեն»,-Aravot.am-ի հետ զրույցում, անդրադառնալով «Ընտրական օրենսգրքի» բարեփոխումներին, մասնավորաբար, հիմնական վիճելի դրույթին`ռեյտինգային ընտրակարգի պահպանո՞ւմ, թե՞ բացառապես համամասնական ցուցակներով ընտրություններին մասնակցություն՝ ասաց ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախկին նախագահ Հովհաննես Սահակյանը: Մեր զրուցակիցն, ի դեպ, նաեւ նկատում է, որ անցած տարի կիսատ մնացած սահմանադրական բարեփոխումների եւ այդ նպատակով հատկացված գումարների հաշվետվություններ այդպես էլ որեւէ տեղ չհրապարակվեցին:

Հովհաննես Սահակյանը համոզված է, որ հայտարարված արտահերթ ընտրությունները չեն անցկացվելու, ավելին՝ իշխանությունը պատճառաբանելու է, որ ԸՕ-ի փոփոխությունները չեն հասցրել ավարտել ու ընտրությունները չանցկացնելու պատճառներից մեկն էլ դա է լինելու: Իսկ ընտրությունների չանցկացման իրական պատճառը, մեր զրուցակցի կարծիքով այն է, որ իշխանությունը չունի վստահություն, որ վերարտադրվելու է. «Ժողովուրդը տեսավ, որ այս մարդիկ կեղծիքից, ստից, ուղղակի ծրագրեր հնչեցնելուց բացի, որեւէ բան չեն անում»:

Հովհաննես Սահակյանը նաեւ վկայակոչում է անվտանգային`ՀՀ-ի եւ ՀՀ յուրաքանչյուր բնակչին սպառնացող, տնտեսական, սոցիալական խնդիրները, արցախյան պատերազմն ու դրա հետեւանքները, ինչը իշխանությունն, իր գնահատմամբ, ամեն գնով փորձում է չարծարծել, մոռացության տալ. «Հինգ հազար կամ ավելի զոհերին փորձում են դարձնել հանուն ոչնչի զոհվածներ»: Բայց եթե ընտրությունները այնուհանդերձ կայանան, մեր զրուցակիցն ընտրողներին խորհուրդ է տալիս`ընտրություն կատարել, այդ ամենը հաշվի առնելով:

Դիտարկմանը, փաստորեն, անուղղակի համաձայն է, որ ռեյտինգային համակարգը որեւէ իշխանության, այդ թվում ժամանակին նաեւ ՀՀԿ-ին, պետք էր վերարտադրման համար, Հովհաննես Սահակյանը հակադարձեց. «Գլոբալ նայենք. եթե համամասնական է, ո՞վ է գլխավորելու ցուցակը: Նիկոլ Փաշինյանը: Էդ որ ասում եք`ռեյտինգ-ռեյտինգ, ինքն այդ ռեյտինգն այլեւս չունի: Հենց հրաժարական տվեց, այլեւս չեղավ վարչապետ, նույնիսկ ժամանակավոր պաշտոնակատար, մենք իր իրական ռեյտինգն այդ ժամանակ կտեսնենք»:

Հովհաննես Սահակյանը վստահ է, որ Նիկոլ Փաշինյանն այլեւս չի կարող տանել այդ բեռը, հենց այն պատճառով, որ վարկանիշ չունի, հետեւաբար, կարծում է իշխանությանը ձեռնտու է ռեյտինգային համակարգը, որպեսզի իշխանական լծակների օգնությամբ փորձի ապահովել իր վերարտադրությունը: Նկատեցինք`ինչպես ժամանակին ձեռնտու էր ՀՀԿ-ին: Հովհաննես Սահակյանը պատասխանեց. «Իրավական ընկալման տեսանկյունից, ռեյտինգային համակարգը մարզերի բնակչության հետ կապն է ապահովում`ընտրվող պատգամավորների միջոցով: Ձեռնտու է ՀՀԿ-ին, թե մեկ այլ իշխանության, հարցն այս տեսանկյունից պետք է նայենք: Պետք է նայենք նաեւ, թե ովքե՞ր են առաջադրվել. 80-ից ավելի պատգամավոր ունեն, մարզերում ընտրվածներից քանի՞ տոկոսն է կապը պահում ժողովրդի հետ եւ այն ժամանակ ընտրվածներից քանի տոկոսն էր կապը պահում ժողովրդի հետ: Մենք կտեսնենք, որ այդ մարդիկ ընտրվել, եկել են Նիկոլ Փաշինյանի ռեսուրսով, նա էլ բոլորի տեղը խոսում է`եւ ԱԺ-ում հարցերն է տալիս, եւ պատասխանում է: Մեկ մարդու թատրոն է»:

Նաեւ «Իմ քայլի» ներսում գոյություն ունեցող անվստահությամբ է Հովհաննես Սահակյանը բացատրում ռազմական դրությունը հանելու որոշման այսքան ձգձգումը:

Առհասարակ, «Իմ քայլի» գործելաոճի լավագույն օրինակը նախկին իշխանավորը համարում է դեռ 2018-ին`քառօրյա պատերազմում զոհված հերոս Ռոբերտ Աբաջյանի կեղծ պապիկին բեմ բարձրացնելը եւ հանրությանը մատուցելը: Այժմ էլ կասկածներ ունի, որ մարզային այցերի ժամանակ Նիկոլ Փաշինյանին ուղեկցում են զոհվածների կեղծ ծնողներ, ինչի մասին հրապարակումներ մամուլում մի քանի անգամ եղան: «Ուշադիր նայեք Նիկոլի տոնայնությանը, Նիկոլի խոսքին. ինքը գիտի, որ իրեն չեն վստահում, ինքը գիտի, որ այնտեղ ֆեյք մարդիկ են եւ ժողովրդի հետ երկխոսությունն իր մոտ այլեւս չի ստացվում»,- ասում է մեր զրուցակիցը:

Թե ի՞նչ է ներկայացնելու հանրությանը`երեք տարի առաջ այդ հանրության կողմից մերժված ՀՀԿ-ն, եթե արտահերթ ընտրություններ կայանան եւ եթե ՀՀԿ-ն մասնակցի դրանց` տեսանյութում

Ի դեպ, մեր զրուցակցի գնահատմամբ, երեք տարի առաջ տեղի ունեցած իրադարձությունները դեռ խորը վերլուծության եւ գնահատման կարիք ունեն`մերժեցի՞ն, հեղափոխությո՞ւն արեցին, թե՞ հեղաշրջում եղավ, քանի որ ՀՀ իշխանությանն այժմ միայն Էրդողանն ու Ալիեւն են սատարում: Իսկ հանրությանն, ըստ նրա, պետք է բացառապես ծրագրեր ներկայացվեն`անվտանգային, զարգացման, առաջխաղացման:

ՀՀԿ-ական նախկին պատգամավորը կարծում է, որ եւ խորհրդարանում, եւ կառավարությունում բացառապես պետք է լինեն գործի նվիրյալ, ազնիվ մասնագետներ, որպեսզի հնարավոր լինի երկիրը ստեղծված իրավիճակից դուրս բերել, երկրի ներսում եւ Սփյուռքի մոտ փոխվստահության մթնոլորտ ստեղծել:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031