Լրահոս
Օրվա լրահոսը

Դեսպանը նշել է՝ Նիդեռլանդների Թագավորության կառավարությունը քաջատեղյակ է Ադրբեջանի վերահսկողության ներքո անցած տարածքներում հայկական մշակութային ժառանգության պահպանության խնդրին և լրջագույնս մտահոգված է

Մարտ 26,2021 18:03

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն այսօր ընդունել է Նիդեռլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Նիկոլաս Յակոբ Սխերմերսին: Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը:

Ողջունելով դեսպանի այցը ԿԳՄՍՆ՝ նախարարը կարևորել է Նիդեռլանդների Թագավորության հետ բարեկամական համագործակցությունը և դրա զարգացման ու ընդլայնման ուղղությամբ անհրաժեշտ քայլեր ձեռնարկելու պատրաստակամություն հայտնել: Վահրամ Դումանյանը ներկայացրել է այն հիմնական ուղենիշները, որոնք ընկած են նախարարության համակարգման ոլորտների բարեփոխումների հիմքում, և այդ համատեքստում խոսել է համատեղ կրթական, հետազոտական, ինչպես նաև «Erasmus+» ծրագրեր իրականացնելու հնարավորություններից: ԿԳՄՍ նախարարը նաև կարևորել է միջբուհական համագործակցության շրջանակում համատեղ ծրագրերի իրականացումը, որոնք ուղղված կլինեն Նիդեռլանդների Թագավորությունում հայագիտության զարգացմանը: Բացի դրանից՝ նախարարն առաջարկել է դիտարկել երկու պետությունների երիտասարդների միջև շփումների համար անհրաժեշտ նոր հարթակների և հնարավորությունների ստեղծումը:

«Կան անհրաժեշտ բոլոր նախապայմանները երկկողմ հարաբերություններն առավել ակտիվացնելու և ընդլայնելու համար: Համոզված եմ՝ դա բխում է մեր երկրների շահերից»,- ասել է նախարար Վ. Դումանյանը:

Դեսպան Նիկոլաս Յակոբ Սխերմերսը շնորհակալություն է հայտնել ընդունելության և ԿԳՄՍՆ գերակայությունները ներկայացնելու համար: Դիվանագետը ողջունել է նախարարության բարեփոխումների տեսլականը և վստահեցրել, որ կներդնի առավելագույն ջանքերը հայ-նիդեռլանդական կապերը սերտացնելու համար: Նիկոլաս Յակոբ Սխերմերսի խոսքով՝ Հայաստանն ու Նիդեռլանդների Թագավորությունն ունեն մշակութային մի շարք ընդհանրություններ, որոնք կարող են կրթամշակութային ծրագրերի առիթ դառնալ:

Հանդիպման ընթացքում ԿԳՄՍ նախարարը դեսպանի ուշադրությունը հրավիրել է Ադրբեջանի վերահսկողության ներքո անցած տարածքներում հայկական մշակութային ժառանգության պահպանության խնդրին և նշել, որ հայկական կողմն ակնկալում է առաջադեմ մարդկության աջակցությունը: Նիկոլաս Յակոբ Սխերմերսն արձագանքել է, որ  Նիդեռլանդների Թագավորության կառավարությունը քաջատեղյակ է խնդրին և լրջագույնս մտահոգված է:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև կրթության, գիտության, մշակույթի և սպորտի ոլորտներին առնչվող մի շարք այլ հարցեր: Ձեռք է բերվել գործնական քայլերի անցնելու պայմանավորվածություն:

ՀՀ ԿԳՄՍ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031