«Արտահերթ ընտրությունները Հայաստանի ներքին գործն են: Մենք շատ ուշադիր կհետեւենք զարգացումներին»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը:
«Հույս ունենք, որ բոլոր գործընթացները կնպաստեն հասարակության համախմբմանը եւ կնպաստեն հասարակության առջեւ կանգնած խնդիրների լուծմանը»,- ասել է դեսպանը:
Դեսպանը տեղեկացրել է, որ ինքը պարբերաբար հանդիպումներ է ունենում հայաստանյան տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ, որոնք գաղտնի չեն, այդ մասին տեղեկություններ են հրապարակվում մամուլում: Դրանց ընթացքում քննարկվում են տարբեր հարցեր:
Առհասարակ, նաեւ նման հանդիպումներն, ըստ Կոպիրկինի, դիվանագետի հիմնական գործառույթներից մեկն են եւ ինքը պատճառ չի տեսնում հանրության`քաղաքական, տնտեսական եւ այլ շերտերի հետ հանդիպումներից եւ քննարկումներից հրաժարվելու համար:
Կարդացեք նաև
Դեսպանը հրաժարվեց մեկնաբանել տարբեր քաղաքական ուժերի եւ նրանց ղեկավարների կողմից այս ընթացքում հնչող եւ ՌԴ-ի շահերին վերաբերող հայտարարությունները: Ասաց`իր կողմից ոչ տեղին կլինի մեկնաբանելը. «Մենք ելնում ենք նրանից, որ ՌԴ-ի եւ ես վստահ եմ, նաեւ ՀՀ-ի հետաքրքրությունները խոսում են հօգուտ դաշնակցային հարաբերությունների ամրապնդման: Ես իմ նպաստն եմ բերում դրան`չխառնվելով Հայաստանի ներքին գործերին»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ