Լրահոս
Օրվա լրահոսը

Իտալիայի հյուպատոսի շինարարությունն ու Ֆրունզիկի թանգարանի առաստաղի փլուզումը

Մարտ 26,2021 17:50

Այսօր գիշեր փլուզվել է Գյումրու պատմական կենտրոնում գտնվող Մհեր Մկրտչյանի տուն-թանգարանի առաստաղը։ Խոշոր ծեփոնները թափվել էին հատակին՝ անանցանելի դարձնելով մուտքը։

Թանգարանի տնօրեն Շողիկ Մելքոնյանը մեծ բարեբախտություն է համարում այն, որ դեպքը տեղի չի ունեցել ցերեկը՝ այն ժամանակ, երբ այցելուներ են մտնում թանգարան։ Թե որն է եղել առաստաղի փլուզման պատճառը, տնօրենը չի կարող ենթադրություններ անել։

Ըստ նրա, շենքը խոնավ է, քանի որ հիմքում ջրեր են կուտակվել, թեև 2017 թվականին փողոցի վերանորոգումից հետո շենքն աստիճանաբար սկսել է չորանալ, « շնչել»։ Ըստ նրա, միգուցե կտուրն է խոնավացել։

Թանգարանի շենքի շարունակությամբ՝ պատմական «Խաշխանի» շենքի մյուս հատվածում, այս պահին շինարարություն է ընթանում։

 

Մենք Շողիկ Մելքոնյանից հետաքրքրվեցինք ՝ արդյո՞ք ծանր տեխնիկա չի աշխատել այնտեղ, որն էլ պատճառ է դարձել թանգարանի առաստաղի փլուզմանը։

 

«Մեր հարևանությամբ կերամիկական արտադրամաս է, հարևանների կողմից ձայներ լսել եմ, բայց որպես կտուրի փլուզման պատճառ, չեմ կարծում։ Հավելեմ՝ մեր տեսախցիկները ֆիքսել են, որ դեպքը տեղի է ունեցել գիշերը ժամը 12․30 սահմաններում: Այսինքն՝ մարդիկ աշխատանքի չեն եղել, որ որևէ մեկին մեղադրենք»,-ասաց տնօրենը։

Գյումրու գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանն էլ Aravot.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ «Խաշխանի» շենքի մի հատվածը տրված է Գյումրիում Իտալիայի պատվո հյուպատոսին՝ Անտոնիո Մոնտալտոյին։ Ի դեպ, այդ նույն «Խաշխանի» շենքի մյուս հատվածում էլ գտնվում է Մհեր Մկրտչյանի անվան տուն-թանգարանը։

Քաղաքի գլխավոր ճարտարապետը նաև տեղեկացրեց, որ հյուպատոսն այս պահին «Խաշխանի» շենքում ապօրինի շինարարություն է ծավալել։ Թե ինչ է դարձնելու պատմական շենքի՝ իրեն հատկացված մասը վերանորոգումից հետո, ըստ Հենրիկ Գասպարյանի, նա տեղի իշխանություններին այս մասին ոչինչ չի ասում։

Նշենք, որ Անտոնիո Մոնտալտոյին Գյումրու պատմական կենտրոնում պատմամշակութային արժեք ունեցող բազմաթիվ շենքեր են հատկացրել։ Զգալի է, որ հյուպատոսը Գյումրու ճարտարապետության սիրահարներից է․այս քաղաքը զգում ու գնահատում է ավելին, քան տեղացիներից շատերը։

Այդուհանդերձ Իտալիայի հյուպատոսը երբեմն բախումներ է ունենում Գյումրու քաղաքային իշխանությունների հետ։

Օրինակ՝ 2018 թվականին հուլիսին նա ինքնագլուխ քանդել էր Գյումրու պատմական Ռուսթավելի փողոցի՝ խեցեգործության իր արտադրամասին հարող մայթը, որը հարակից է այդ նույն թանգարանին:

Հյուպատոսը պատճառաբանել էր, որ փողոցի ջրահեռացման համակարգը կառուցվել է թերություններով, որի պատճառով իրեն պատկանող շինությունը վնասվել է խոնավությունից։ Սա զայրացել էր Գյումրու քաղաքային իշխանությունները, որոնց հաշվարկներով` դիվանագետը քաղաքին 1 միլիոն 534 հազար դրամի վնաս էր հասցրել։

Հյուպատոսը վերականգնել էր իր քանդած մասը, սակայն մի փոքր հատված դեռ անբարեկարգ է թողել (Տես լուսանկարում):

Ապօրինի շինարարություն ծավալելու մասին պատրաստ ենք լսել նաև Իտալիայի պատվո հյուպատոսին։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031