«Ինձ համար անհասկանալի է, թե ինչու է թիրախավորվում Գոռ Վարդանյանը, հատկապես որ արժանի թեկնածու է ռեկտորի պաշտոնի համար», -Aravot.am-ի հետ զրույցում Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտորի ընտրության կրքերի մասին խոսելիս ասաց ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, տեխնիկական գիտությունների դոկտոր պրոֆեսոր, ՀԱՊՀ « Միկրոէլեկտրոնային սխեմաներ եւ համակարգեր» ամբիոնի վարիչ, «Սինոփսիս Արմենիա» ՓԲԸ ուսումնական դեպարտամենտի տնօրեն, ՀՀ գիտության վաստակավոր գործիչ Վազգեն Մելիքյանը (լուսանկարում):
«Նրան հիմնականում թիրախավորում են մյուս թեկնածուներն: Պատճառն այն է, որ թիրախավորողները երեւի կարծում են, թե իրենք այդքան հեղինակություն չունեն եւ Գոռի ձայների չափ ձայներ չեն կարող հավաքել: Դա առողջ թիրախավորում չէ:
Ինչ վերաբերում է հատուկ շտապողականության եւ այդ նպատակով ցանկալի թեկնածուին անցկացնելու պնդումներին, այս մասին էլ պարոն Մելիքյանը նշեց. «Շտապողականությունը պայմանավորված էր այն հանգամանքով, որ համալսարանը 10 ամիս չուներ ռեկտոր, թեեւ կար ռեկտորի պաշտոնակատար, որը նորմալ կատարում էր իր պարտականությունները, բայց շատ ավելի ճիշտ կլինի, որ համալսարանն ունենա ռեկտոր, որը կմշակի համալսարանի ստրատեգիական պլանը եւ համաձայն դրա` բուհը կառաջնորդվի:
Այնպես որ, շտապողականություն չի եղել, ընդհակառակը` քայլն ուշացած էր: Ինչ վերաբերում նոր օրենքով, նոր կարգով ռեկտորի ընտրությանը, կարծում եմ, որ բոլոր դեպքերում էլ Գոռ Վարդանյանն ունի ռեկտոր ընտրվելու շատ մեծ հավանականություն, քանի որ վայելում է համալսարանի դասախոսների եւ ուսանողների մեծ հարգանքը` որպես լավ կառավարիչ եւ համալսարանի համար սրտացավ մարդ ու լավ անձնավորություն: Վստահ եմ, որ համալսարանը բոլոր դեպքերում էլի կընտրի նույն թեկնածուին»:
Կարդացեք նաև
Մեր հարցին` արդյոք Գոռ Վարդանյանն ունի՞ կառավարման համապատասխան հմտություններ, ի վիճակի՞ է Պոլիտեխնիկի նման ավանդույթներ ունեցող հսկա բուհը ղեկավարել, Վազգեն Մելիքյանը հետեւյալ կերպ արձագանքեց. «Միանշանակ` այո եւ իմ այս պնդումը հիմնված է հետեւյալի վրա: Գոռ Վարդանյանին ճանաչում եմ երկար տարիներ, տեսել եմ նրա գործունեությունը որպես համալսարանի ուսխորհրդի նախագահ: Շատերը ուսխորհուրդը դիտարկում են ոչ որպես հեղինակավոր կառույց, բայց ես այդ կարծիքին չեմ: Տեսել եմ, թե ինչպես է ուսխորհուրդը Գոռ Վարդանյանի ղեկավարման տարիներին բարձրացել եւ դարձրել օրինակելի ուսխորհուրդներից մեկը Հայաստանում:
Գոռ Վարդանյանը զբաղեցրել է տարբեր պաշտոններ, եղել է ռեկտորի տեղակալ, աշխատակազմի ղեկավար, 2018թ-ից ղեկավարել է ընդունելության կենտրոնը, եւ այդ ընթացքում Պոլիտեխնիկի ընդունելությունը քանակական ու որակական ցուցանիշներով էական աճ է ունեցել:
Չգիտեմ ինչու անընդհատ շեշտում են իր տարիքը, որ ինչպես այդ տարիքում ռեկտոր կլինի: Ես բազմաթիվ օրինակներ գիտեմ ոչ միայն Հայաստանում, այլ Հայաստանից դուրս, թե ինչպես են հանրահայտ գիտնականներ, մասնագետներ, այլ բնագավառի կառավարիչներ այդ տարիքում ունեցել մեծ հաջողություններ: Գոռին որպես կառավարիչ բնորոշ են կառավարման ունակությունները, ավանդույթները պահպանելու ձգտումը: Կարծում եմ, որ Գոռը ոչ միայն ավանդույթները կպահպանի, այլ կանի այն բոլոր նորարարությունները, որոնց կարիքը ներկայումս կա, իրար հետ լավ կզուգակցի այդ ամենը, որովհետեւ բացի լավ կառավարչական հատկություններից՝ նա նաեւ շատ սիրում է համալսարանը եւ իր երիտասարդ տարիները նվիրել է համալսարանին եւ ձգտել է համալսարանի հեղինակությունը բարձրացնի»:
Նա հավելեց. «Որոշ մարդիկ հղումներ են անում, որ կարող են հավաքել 30 եւ ավելի մարդկանց ստորագրություններ, որոնք ունեն այլ կարծիքներ: Մենք էլ կարող ենք հավաքել ավելի մեծ թվով աշխատակիցների ստորագրություններ: Ես ինքս համալսարանում աշխատում եմ արդեն 45 տարի, բոլորին եմ ճանաչում, գիտեմ շատերի կարծիքը: Ցանկացած դեպքում կարող են լինել մարդիկ, որոնք այլ կարծիքի են, սակայն այդ մարդկանց թիվը փոքր է: Համալսարանում մեծամասնությունը վստահ է, որ Գոռը կարող է լինել շատ լավ ռեկտոր, կարող է համատեղել համալսարանի ավանդույթները, բոլոր անհրաժեշտ նորարարությունների հետ»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Վազգեն Մելիքյանի լուսանկարը` ՀԱՊՀ կայքից