Լրահոս
Օրվա լրահոսը

Փաստաբան Լեւոն Բաղդասարյան. «Ամեն ինչ հնարավոր է վերականգնել, սակայն գերիների խնդրի լուծման ուշացումը կարող է կործանարար լինել»

Մարտ 26,2021 16:52

Փաստաբան Լեւոն Բաղդասարյանն այսօր լրատվամիջոցների հետ հանդիպման ժամանակ անդրադարձավ արցախյան 44-օրյա պատերազմի հետեւանքով հակառակորդի մոտ հայտնված հայ ռազմագերիների խնդրին: «Անչափ կարեւորում եմ գերիների հարցը: Ամեն ինչ հնարավոր է վերականգնել եւ իրականացնել ցանկացած գործառույթ, սակայն գերիների խնդրի լուծման ուշացումը կարող է կործանարար լինել: Գերիները ոչ միայն սերունդ տվող մեր եղբայրներն են, այլ այն մարդիկ, ովքեր ծանր պահին, երբ դրված էին ցեղասպանվելու վտանգը, կամավորագրվեցին դա հնարավորինս կանխելու: Հետեւաբար, այսօր յուրաքանչյուրս պարտավորություն ունի իրավական եւ տարբեր հարթակներում բարձրացնելու նրանց մեկ ժամ շուտ հետ բերելու հարցը: Դա առաջին հերթին պետք է անի պետական լիազոր մարմինը՝ ի դեմս ՀՀ կառավարության», – ասաց նա եւ ընթերցեց այդ առիթով իր պատրաստած զեկույցը, որում նշված է, որ Հայաստանի Հանրապետությունը իրավունք ունի անվերապահորեն պահանջելու, որ Ադրբեջանը կատարի եռակողմ հայտարարությամբ ստանձնած իր պարտավորությունները:

Հաջորդիվ Լեւոն Բաղդասարյանն անդրադարձավ, օրենքի ուժով ԲԴԽ լիազորությունների ավելացմանը, ինչը նրա գնահատմամբ անթույլատրելի է եւ մեկ քայլ նահանջ: «Նախկինում դատավորների համար որպես կարգապահական մահակ արդարադատության նախարարությունն էր: Հետո օրենքը վերանայեցին, եւ ստեղծվեց մի հանձնաժողով, որը անդրադառնում էր դատավորների վարքի կանոններին ու գործողություններին: Տարիներ առաջ ստեղծվեց Բարձրագույն դատական խորհուրդը, բայց միեւնույն ժամանակ ԲԴԽ-ին տրվեց ընդամենը անկախ դիտորդի լիազորություն եւ իրավունք վերապահվեց պետական լիազոր մարմնին ի դեմս Արդարադատության նախարարության եւ դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի հանձնաժողովի, որ վերջիններիս դիմումի հիման վրա ԲԴԽ-ն որպես դատարան պետք է քններ նրանց վարքի կանոնները:

Այս օրինագիծը, որին օրենքի ուժ է տրվում, կարծում եմ, մեկ քայլ նահանջ է բոլոր բացասական հետեւանքներով: Այսինքն, դատավորի առերեւույթ անկախությունը, որ մենք տեսնում ենք, ԲԴԽ-ին նման լիազորություն տալով՝ դատավորին կաշկանդելու է բոլոր բացասական հետեւանքներով: Կարծում եմ, պետք է վերանայվի այս իրավանորմը, որովհետեւ ցանկացած հետքայլ, նահանջ ուղղակի անդրադառնալու է հասարակության վրա»,-ասաց փաստաբանը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031