Լրահոս
Օրվա լրահոսը

«Դանթեագիտության մեջ հայերս հպարտանալու տեղ ունենք». Վենետիկի համալսարանի պրոֆեսոր

Մարտ 26,2021 16:12

Մարտի 25-ը Իտալիայի կառավարության կողմից հաստատվել է որպես «Dantedì»՝ Դանթե Ալիգիերիին նվիրված ազգային օր: Aravot.am-ը թեմայի վերաբերյալ զրուցել է դանթեագետ, բանասիրական գիտությունների դոկտոր, Վենետիկի համալսարանի պրոֆեսոր Սոնա Հարությունյանի հետ, որն արդեն երկու տասնամյակ է՝ հետազոտում է հայ դանթեագիտությունը:

«Դանթեն ստույգ ժամանակագրական տեղեկություն չի տալիս իր անդրշիրիմյան ճամփորդության մասին: Սակայն «Աստվածային կատակերգության» մեջ առկա որոշ տարրերից գիտնականներն եզրակացրել են, որ Դանթեն` Վիրգիլիոսի ուղեկցությամբ դեպի Դժոխք իր ուղևորությունը սկսել է 1300 թվականի մարտի 25-ին: Ահա այս փաստի վրա հիմնվելով Իտալիայում մարտի 25-ը հայտարարվել է Դանթեի օր»,- նշեց տիկին Հարությունյանը:

Սոնա Հարությունյան

Նրա խոսքով. «Դանթեագիտության մեջ հայերս մեր կարևոր ասելիքն եւ հպարտանալու տեղ ունենք, քանի որ ասիական բոլոր և եվրոպական մի շարք լեզուներից առաջ Դանթեի «սրբազան պոեմը» թարգմանվել է հայերեն, շնորհիվ Վենետիկի Մխիթարյան միաբանների` սկսած Ալիշանից, Բագրատունուց, մինչև Ղազիկյան ու Տիրոյան: Իսկ 20-րդ դարի երկրորդ կեսին թարգմանչական այս գործունեությունը տեղափոխվել է Վենետիկից Երեւան, որտեղ հայ ազգի երախտավորներից Արբուն Տայանը, որը կրկին Մխիթարյան սան էր, իրականացնում է «Աստվածային կատակերգության» առաջին արևելահայերեն թարգմանությունը: Դանթեի հանդեպ հայերիս հետաքրքրությունը շարունակվում է նաեւ 21-րդ դարում: Ռուբեն Ղուլյանի երկար տարիների ջանքերի շնորհիվ ունենք «Աստվածային կատակերգության» նոր թարգմանություն, որտեղ առաջին անգամ պահպանված է Դանթեի շղթայական հանգավորումը»:

Հավելենք, որ Սոնա Հարությունյանը Դանթեի օրվա առիթով ունեցել է հանրային դասախոսություն, որի ընթացքում անդրադարձել է Մխիթարյանների ունեցած դերին հայ դանթեագիտության մեջ, ինչպես նաև Դանթեի ազդեցությանը հայ գրողների` հատկապես Հովհաննես Շիրազի վրա:

Դասախոսության ավարտին Սոնա Հարությունյանն անդրադարձել է նաեւ հայտնի քանդակագործ Գեորգի Ֆրանգուլյանի «Դանթեի նավակը» ստեղծագործությանը, որը վենետիկյան ջրերում «լողացող» միակ քանդակն է:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031