«Ժամանակին ասում էին՝ «ֆեյքերն» են միակ հենարանը: Դե հիմա գնում ենք ընտրությունների, եւ կտեսնենք, թե միակ հենարանը որն է, եւ արդյոք ժողովուրդը վստահո՞ւմ է այս կառավարությանը, թե ոչ»,-լրագրողների հետ ճեպազրույցում այսօր անդրադառնալով հարցին՝ «Նաիրա Զոհրաբյանը պնդում է, որ կառավարության կողմից ոստիկանների աշխատավարձի բարձրացումը պայմանավորված է այն փաստով, որ իշխանության միակ հենարանը մնացել է ոստիկանությունը, ի՞նչ կարծիքի եք»՝ ասաց «Իմ քայլի» պատգամավոր Արտակ Մանուկյանը։
«Ոչ, սրանով չենք սահմանափակվում։ Գտնում ենք, որ պետական համակարգում աշխատանքը պետք է լինի արդարացի վարձատրվող, եւ բոլոր ջանքերը կգործադրենք՝ հնարավորությունների դեպքում կոռուպցիայի նվազեցմանը զուգահեռ արդարացի վարձատրության համակարգ ունենալու համար նաեւ ոստիկանության դեպքում։ Հատկապես անվտանգային ոլորտի ծառայողների աշխատավարձը պետք է արդարացի լինի»,-նշեց Արտակ Մանուկյանը։
Թե որն է առաջնահերթությունը, որով պայմանավորված՝ ոստիկանների աշխատավարձը, ի տարբերություն բժիշկների կամ զինծառայողների, բարձրացել է հարյուր տոկոսով, Արտակ Մանուկյանը նշեց․ «Բյուջետային քննարկումների համատեքստում առաջնահերթությունները ֆիքսված են ըստ միջանկյալ ծախսերի։ Դա կառավարությունում քննարկում են։ Այնպես չէ, որ քնից զարթնում են եւ որոշում»։
«Իմ քայլի» մեկ այլ պատգամավոր Հայկ Կոնջորյանն էլ հավելեց, որ այս հարցում քաղաքական շահարկումներ անելը տեղին չէ, եւ կառավարության համար կարեւոր են նաեւ բժիշկները, ուսուցիչները, որոնց աշխատավարձերը կբարձրանան հնարավորության դեպքում։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ