Ծանրամարտի Հայաստանի կանանց ազգային հավաքականը ընդլայնված կազմով Աբովյան քաղաքում ուսումնամարզական հավաք է անցկացնում, որի ավարտին չորս մարզուհիներ ապրիլի 3-ին մեկնելու են Մոսկվա՝ մասնակցելու Եվրոպայի առաջնությանը:
Կանանց ընտրանու գլխավոր մարզիչ Արտաշես Ներսիսյանը Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ մրցավայր մեկնելու է չորս մարզուհի՝ 59 կգ Իզաբելլա Յայլյանը, 81 կգ Դիաննա Գյուրջյանը, 87 կգ Տաթեւ Հակոբյանը եւ գերծանր քաշային Արփինե Դալալյանը:
Եվրոպայի առաջնությունը նաեւ Տոկիոյի ամառային 32-րդ օլիմպիական խաղերի վարկանիշային կարգավիճակ ունի: Հայաստանի համար օլիմպիական խաղերում ծանրամարտի կանանց մրցաշարին մասնակցելու ընդամենը մեկ քվոտա է նախատեսված, որը կարող է հատկացվել միայն սահմանված վեց վարկանիշային մրցաշարերին մասնակցած ծանրորդին: Նախորդ հինգին մասնակցել են միայն Իզաբելլա Յայլյանն ու Տաթեւ Հակոբյանը: Սա նրանց վեցերորդ վարկանիշային մրցաշարն է: Իսկ թե նրանցից ով կմեկնի Տոկիո, վերջանական որոշումը կկայացվի ավելի ուշ՝ ելնելով իրենց քաշային կարգում Տոկիոյում ավելի արդյունավետ պայքար մղելու հնարավորությունից:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ