«Այս բարեփոխումների հեղինակները չեն պատկերացնում, որ դատաիրավական բարեփոխումները դատական օրենսգրքում փոփոխություններով չեն պայմանավորված»,- «Մեդիա կենտրոնում» «ԲԴԽ մենաշնորհային իրավասություննե՞ր. ինչո՞ւ է «Իմ քայլը» գնում այդ քայլին» թեմայով առցանց քննարկման ընթացքում հայտարարեց Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի իրավական հարցերով փորձագետ Հայկ Մարտիրոսյանը:
Հիշեցնենք՝ ՀՀ կառավարությունը հեղինակել է «Դատական օրենսգրքում փոփոխությունների օրինագիծը», որով Բարձրագույն դատական խորհրդին (ԲԴԽ) լիազորություն է տրվում դատավորների վերաբերյալ կարգապահական վարույթներ իրականացնելու։
Հայկ Մարտիրոսյանի համոզմամբ՝ ՀՀ ԱԺ-ն ընդունում է հակասահմանադրական օրենք, ու ամենևին չի նշանակում, որ եթե կոլեգիալ մարմին է, ուրեմն խորհրդարանը նման իրավունք ունի: Այս առիթով նա ասաց. «Մենք արդեն երկար ժամանակ չարչարվում ենք այն պարզագույն հանգամանքի վրա, որոնք իրենք շատ են սիրում ասել՝ իրավաբանական ֆակուլտետի երկրորդ կուրսի ուսանողներին էլ է պարզ, որ նման ռեսուրսներ նման պարզագույն խնդիրների վրա ծախսել նպատակահարմար չէ»:
Ըստ փորձագետի՝ փոխանակ նորմերը հստակեցնենք, միջոցներ ծախսենք, մեխանիզմներ մշակենք դատավորների մասնագիտական որակները բարձրացնելու համար, զբաղված ենք այսպիսի փոփոխություններով: Նա վրդովվեց. «Դատավորը դատավոր է. ինչի՞ մասին է խոսքը: Սա ակնհայտ տրիվիալ հարց է, որ նման խնդիրներով պետական ապարատը չպետք է ծանրաբեռնել: Ուրիշ բանուգործ չկա՞: Դատական համակարգն այնպիսի ավերածության է ենթարկվում, որ ում էլ նշանակեն դատավոր, ուզած-չուզած կախված վիճակում է լինելու: Մեխանիզմներն այնպես են մշակված, որ հաջորդ իշխանության, մյուսի դեպքում որևէ նշանակություն չունի: Այս մեխանիզմները թույլ են տալիս ցանկացած պահի միջամտել դատավորի կողմից քննվող գործին,աշխատանքին, ինչը անթույլատրելի է, կոպիտ նյութական դատավարական նորմերի ակնհայտ խախտում է»:
Կարդացեք նաև
Փորձագետի համար անընդունելի է՝ ի՞նչ է նշանակում ստուգել դատական ակտի հիմնավորվածությունը այն մարմնի կողմից, որ դատական ատյան չի հանդիսանում:
Փաստմանը՝ ՀՀ նախագահն առաջիկայում կամ կստորագրի օրենքը, կամ կդիմի բարձր դատարան՝ օրենքի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցով և հարցին՝ ի՞նչ կանխատեսում ունեք, այս տեսքով օրենքն ուժի մեջ կմտնի՞, Հայկ Մարտիրոսյանը պատասխանեց. «Վերջին շրջանում նախագահի ինստիտուտն այնքան անկանխատեսելի է, որ չեմ ցանկանում մտնել այս դաշտ: Բայց գաղտագողի բերեն, տանեն օրենքը. այս փաստաթուղթը որևէ քննարկում չի անցել, սա անթույլատրելի է: Եզրագծեր կան, որ չի կարելի անցնել, նման ցինիզմ դրսևորել»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ