Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Ուզում եմ ժողովրդին խնդրել, որ ասի` խաբվել ենք». Ռազմիկ Դավոյան

Մարտ 26,2021 15:16

«Ստորության, դավաճանության, քծնության, խաբեության, մոլագարության, ինքնահիացման մթնոլորտ է… Չգիտեմ էլ ինչ էպիտետների կարելի է շարել դրանց կողքին: Դաշտն այնքան է քննարկվել այս ամենը, այնքան շատ խոսել են ու այնքան շատ փաստարկներ են լցրել հասարակության առջեւ, որ ես եթե փորձեմ ինչ-որ բան ավելացնել` հավանաբար չի ստացվի»,-«Հայելի» ակումբում նշեց բանաստեղծ Ռազմիկ Դավոյանը:

«1918թ Առաջին Հանրապետությունը հայտնի է, երկրորդը Խորհրդային Հայաստանի Հանրապետությունն էր, Երրորդ անկախ Հանրապետությունը ԽՍՀՄ-ի փլուզման արդյունքում ստեղծվեց եւ ահա այդ պետության սաղմի վրա թուրքական հորդաների պես հարձակվեց մի հորդա, որը կազմավորվել էր մեր ներսում, կազմավորվել էր դավաճանական, ստախոսության, սուտ խոստումների հիմքի վրա: Ասում են` ժողովրդի խաբված մասին, թեեւ ամեն մի մարդ մի ձգտում ունի… խոստացել էին, որ նախկիններից հրաժարվելու դեպքում 3000 դոլարով իկրա ենք առնելու, ռուսական հրաշալի սեւ հացի վրա կարագը քսելու ենք, իկրան բարձելու ենք վրան, ցույց ենք տալու ձեզ եւ ….ինքներս ուտելու ենք…Ժողովուրդն էլ մտածում էր, որ ցույց տալը պատահական չի, մեզ էլ կտան երեւի…Ու ժողովրդի խաբված լինելը ցավալի իրողություն է»,-հավելեց նա:

Ռազմիկ Դավոյանը դիմեց խաբվածներին. «Նայեք, էնքան բաներ կա, երբ որ անհատը դրանց դիմաց խաբվածության զգացում է ունենում, ափսոսում է, գլուխը կախում է, բայց հետո բարձրացնում է, ասում է` ես խաբվել եմ: Ես ուզում եմ մեր ժողովրդին խնդրել, որ այդ բանն ասի, չամաչի, ասի, որ խաբվել է, իսկ մնացածը ես կասեմ ինչ…

Ես ուզում եմ բոլոր հայերին ասել հետեւյալը. որտեղ ուզում է բնակվելիս լինեն` Ավստրալիայում, թե Քյավառում կամ Հյուսիսային բեւեռում, կարեւոր չէ, հայն իրավունք չունի մոռանալ, որ Արցախը ոչ թե հայկական է, այլ հայերինն է, Նախիջեւանը հայերինն է, Վանը, Կարսը, Արդահանը, Էրզրումը հայերինն են: Ուզում եմ Սփյուռքի մեր եղբայրներին հարցնել` Մասիսը բարձր է, երեւում է, դրա համա՞ր ասում եք մերն է, բա էս բոլոր թվարկածներն ո՞ւմն են…Իմ այս կոչը ոչ թե նրա համար է, որ վեր կենան աղմկեն, թե այս բոլորը մերն են, այլ չմոռանան, չանջատեն իրենց հիշողությունը դրանից: Որովհետև եթե դու հիշում ես, նա ով քո ներսում է, չի հանձնվում»:

Բանաստեղծը հենց այս համատեքստում էլ մեկնաբանում է Նիկոլ Փաշինյանի` բանակցություններն իր կետից կամ զրոյական կետից սկսելու հայտարարությունը: Ռազմիկ Դավոյանի ձեւակերպմամբ, դրանով վարչապետը ջնջել է նախկինում եղած ամեն ինչը` ներառյալ հիշողությունը:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031