«Գործող ընտրակարգով մենք ունենում ենք մոտ հազար քաղաքական գործիչ՝ մարդիկ, որոնք ուզում են դառնալ պատգամավոր, եւ քաղաքացիները հազարի մեջ ընտրություն կատարելիս մասնակցում են ընտրության, որովհետեւ հազարից համակրում են որեւէ մեկին։ Եթե հազարը փոխարինում ենք տասը հոգով, նվազում է մասնակցության տոկոսը»,-խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում այսօր ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեւորգ Գորգիսյանը։
Հիշեցնենք, որ «Լուսավոր Հայաստանը» կողմ է բաց համամասնական ընտրակարգին։
Գորգիսյանը նշեց․ «Եթե Նիկոլ Փաշինյանը հաշվարկել է, որ ինքն ունի 30% ձայն (1 միլիոն մասնակցության դեպքում՝ 300 000 ձայն), բայց 600 000 մասնակցության դեպքում դա 50% է։ Այսինքն, իշխանությունը փորձում է նվազեցնել մասնակցությունը քաղաքացիների՝ հույս ունենալով, որ իրենց հետեւորդներն իրենց կընտրեն, եւ իրենք քիչ մասնակցության պարագայում կունենան բարձր տոկոս։ Իսկ «Լուսավոր Հայաստանը» թիմ է ու գաղափար, եւ մեր քարոզարշավն էլ այդպիսին է լինելու։ Այսօր 30% քաղաքացիներ են համակրում Փաշինյանին, եւ դա աճելու տեղ չունի, դա միայն նվազելու միտում ունի։ Պայմանականորեն կա մեկ այլ բեւեռ՝ Ռոբերտ Քոչարյանի առաջնորդությամբ, որը, ենթադրենք, ունի 10-15% ձայն։ Մնացած 50% քաղաքացիները չեն ուզում ոչ նախկինի վերադարձ, ոչ Փաշինյանի մնալը։ Այդ 50%-ը ԼՀԿ-ի պոտենցիալ ընտրողներն են, եւ նրանց ձայնը ստանալուն ենք մենք հավակնում։ Ինչ ընտրակարգով էլ լինի՝ մենք գնում ենք հաղթելու»։
Ըստ Գեւորգ Գորգիսյանի՝ ընտրական օրենսգրքի շուրջ քաղաքական կոնսենսուս չի եղել, մինչդեռ իշխանությունը «զոռբայությամբ» ուզում է ընտրական օրենսգիրքն իր ուզածով փոխել․ «Վարչապետը փորձում է խախտել խաղի կանոնները»։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ