Լրահոս
Օրվա լրահոսը

«Մասնակցելու ենք ցանկացած ընտրակարգով եւ պատրաստվում ենք հաղթել»․ Գեւորգ Գորգիսյան

Մարտ 26,2021 14:45

Եթե քաղաքական մեծամասնությունը հակված է գործելու անարդար՝ իր խաղի կանոններով եւ հարմարեցնելով ամեն ինչ իրեն, դա առաջին հերթին վնասելու է ընտրական գործընթացին

«Ընտրական օրենսգրքի աշխատանքային խմբի կազմում մեկ տարվա ընթացքում մենք ներկայացրել ենք մեր առաջարկները, այդ թվում՝ բաց համամասնական ընտրակարգի վերաբերյալ։ Հիմա քանի որ ուզում են փոխել, ասեմ, որ խաղի կանոնները գործընթացի ընթացքում փոխել չի կարելի»,-խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում այսօր անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի  հայտարարությանն այն մասին, որ ընտրական օրենսգիրքը փոխվելու է, վերացվելու է վարկանիշային ընտրակարգը՝ ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեւորգ Գորգիսյանը։

«Իմ քայլի» պատգամավորներն այսօր խաղի կանոնները փոխելու հարցադրման համատեքստում ասել էին, որ իրենք ոչ թե բարդացնում են գործընթացը, այլ հակառակը՝ ԸՕ-ի փոփոխություններով պարզեցնում եւ բարելավում այն։

«Որքան էլ խաղի կանոնները հեշտացվեն, բարդացվեն, լավացնեն կամ վատացնեն, միեւնույնն է՝ գործընթացը սկսված է։ Անգամ վերջնական տեսքով չէ ԸՕ-ի այն նախագիծը, որը դրված է շրջանառության մեջ, քննարկումները շարունակվում են։ Մենք գրավոր առաջարկները շուտով կներկայացնենք»,-հավելեց Գեւորգ Գորգիսյանը։

Նրա բնորոշմամբ՝ միեւնույնն է՝ ԼՀԿ-ն մասնակցելու է ընտրություններին եւ հաղթելու է․ «Մենք արդար խաղի կանոնների մասին ենք խոսում։ Եթե քաղաքական մեծամասնությունը հակված է գործելու անարդար՝ իր խաղի կանոններով եւ հարմարեցնելով ամեն ինչ արեն, դա առաջին հերթին վնասելու է ընտրական գործընթացին, լեգիտիմությանը, պատրվակներ է ստեղծելու՝ ընտրություններից հետո լարված գործընթացների համար։ Ցանկացած ընտրակարգով մենք մասնակցելու ենք ընտրություններին։ Պատրաստվում ենք հաղթել»,-համոզմունք հայտնեց Գեւորգ Գորգիսյանը։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031