Լրահոս
Օրվա լրահոսը

Վահրամ Դումանյանը և ԻԻՀ դեսպանը խոսել են նաև Ադրբեջանի վերահսկողության ներքո անցած տարածքներում հայկական մշակութային ժառանգության պահպանության մասին

Մարտ 26,2021 16:17

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն ընդունել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիին: Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը:

Ողջունելով դեսպանին՝ նախարար Վահրամ Դումանյանն ընդգծել է, որ փոխվստահության և դարավոր բարեկամության վրա հիմնված հարաբերությունները մեծ ներուժ ունեն: Վերահաստատելով համատեղ ծրագրերը շարունակելու և ընդլայնելու պատրաստակամությունը՝ նախարարը խոսել է համագործակցության նոր հուշագրեր կազմելու, իսկ եղածների ժամկետները երկարաձգելու, բարձրագույն կրթության որակավորումների և ավարտական փաստաթղթերի փոխճանաչման կարևորությունից: Ընդգծելով նանոտեխնոլոգիաների ոլորտում Իրանի փորձը՝ նախարար Վահրամ Դումանյանն անդրադարձել է նաև այդ բնագավառում համատեղ կրթագիտական ծրագրեր իրականացնելու թեմային:

«Հայաստանի համար անցյալ տարին շատ բարդ էր, բայց մենք վստահ ենք՝ կկարողանանք հաղթահարել պատերազմի և կորոնավիրուսի համավարակի հարուցած դժվարությունները և զարգացման ուղով առաջ ընթանալ: Այս տեսանկյունից կարևորում ենք բարեկամ երկրների, այդ թվում՝ Իրանի Իսլամական Հանրապետության հետ համագործակցությունը, որը բազմաշերտ է: Համոզված եմ՝ կան բոլոր նախադրյալները հայ-իրանական փոխհարաբերությունները նոր որակական աստիճանի բարձրացնելու և բոլոր ծրագրերը քայլ առ քայլ կյանքի կոչելու համար»,- ասել է ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը:

Դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, դրական է արձագանքել ԿԳՄՍ նախարարի առաջարկներին և ընդգծել, որ իրանական կողմը պատրաստ է ընդլայնել համագործակցության շրջանակը: Դիվանագետը համոզմունք է հայտնել, որ կրթության և գիտության զարգացումն ինքնըստինքյան դրսևորվում է մյուս ոլորտներում, առհասարակ նպաստում պետության զարգացմանը: Այս համատեքստում դեսպանը նշել է, որ կողմերի՝ կրթագիտական հարաբերություններում եղած բացը հնարավոր է լրացնել միջբուհական համագործակցության ընդլայնման, բուհերի ռեկտորների փոխադարձ այցերի, հարևան երկրներում հայագիտությունն ու իրանագիտությունը զարգացնելու շնորհիվ: Դեսպանը պատրաստակամություն է հայտնել նաև համագործակցության համապարփակ հուշագիր ստորագրելու և, ըստ այդմ, երկկողմ փոխգործակցության զարգացման հստակ քայլեր նախանշելու վերաբերյալ:

«Իրանը ջերմ վերաբերմունք ունի Հայաստանի, հայ ժողովրդի նկատմամբ և արժևորում է երկկողմ հարաբերությունները: Իրանում մուսուլմանների կողքին ապրում են քրիստոնյա հայերը, Հայաստանում էլ քիչ չեն Իրանի քաղաքացիները: Մեր ժողովուրդների բարեկամական հարաբերություններն առանձնահատուկ են, և կարծում եմ՝ սա պատմության մեջ խաղաղ համակեցության լավագույն մոդելն է, որը պետք է ներկայացնել ամբողջ աշխարհին՝ այդպիսով նպաստելով բռնությունների կանխարգելմանը»,- ասել է դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին:

Արձագանքելով դեսպանին՝ ԿԳՄՍ նախարարը նկատել է, որ խաղաղ և բարեկամական համակեցության հիմքը պատմամշակութային խորը կապերն են. «Մշակույթ ունեցող երկիրը չի կարող սպառնալիք լինել նույնպիսի արժեքներ ունեցող մեկ այլ երկրի համար: Մշակույթի ուժը վեր է ամեն տեսակ զենքից»:

ԿԳՄՍ նախարարը և ԻԻՀ դեսպանը խոսել են նաև պատերազմի հետևանքով Ադրբեջանի վերահսկողության ներքո անցած տարածքներում հայկական մշակութային ժառանգության պահպանության մասին: Դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին նշել է, որ հարցն իրանական կողմի ուշադրության կենտրոնում է:

Հանդիպման ավարտին կողմերն ըստ ոլորտների աշխատանքային խմբեր ստեղծելու և գործնական քայլերի անցնելու նախնական պայմանավորվածություն են ձեռք բերել:

ՀՀ ԿԳՄՍ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031