«Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը երեկ ուղիղ եթերում ներկայացրեց արցախցի երիտասարդ աղջիկների նկատմամբ ներազգային ռասիզմի գործով վարույթի ընթացքը՝ պատասխանելով հարցին. «Ներազգային խտրականություն. լռե՞լ, թե՞ չլռել»:
Իրավապաշտպանն անդրադարձավ օրեր առաջ տեղի ունեցած միջադեպին, երբ տաքսու վարորդը ավտոմեքենայից իջեցրել էր արցախցի երկու աղջիկների և ասել՝ գնացեք ձեր Ղարաբաղ: Ըստ Ռուբեն Մելիքյանի՝ այսօր տեղի է ունենում ներազգային ռասիզմ, որը պետք է կանխվի:
«Մենք ոստիկանություն էինք դիմել, նրանք շատ նորմալ վարույթ են իրականացնում, մենք տեղյակ ենք, որ նրանք հնարավոր և անհրաժեշտ գործողությունները կատարում են: Հանցագործության մասին հաղորդումը ներկայացվել է ՀՀ Քրեական օրենսգրքի 143-րդ հոդվածով: Այս հոդվածը քիչ կիրառվող հոդված է, բայց այն պետք է կիրառվի, որպեսզի մարդիկ հասկանան, որն իրենց քայլը պատժելի արարք է: Մենք դեռ սպասում ենք պատասխանին, թե արդյոք կհարուցվի քրեական գործ, թե ոչ»,– ասաց նա:
«Այսպիսի հարցերին պետք է լուրջ վերաբերվել: Ես խոսել եմ աղջիկների հետ, աղջիկները որևէ պահանջ արդեն չունեն Yandex տաքսիից, քանի որ ճիշտ ժամանակին համարժեք արձագանք են ստացել ընկերությունից»,- ասաց նա և հավելեց, որ ընկերության տնօրենը ներողություն է խնդրել միջադեպի համար և տվյալ վարորդին ազատել է աշխատանքից:
Կարդացեք նաև
Իրավապաշտպանը նշեց, որ այս հարցը պետք է պարտադիր հանրայնացվեր, քանի որ հաճախ լինում են նման դեպքեր, որոնք, սակայն, չեն բարձրաձայնվում և սա է պատճառը, որ այսօր իրավիճակն այսքան սուր է:
«Խնդիրը թաքցնելը խնդրի ծավալը մեծացնելու լավ հնարավորություն է: Մեզ մանկուց սովորեցրել են, որ մենք լավն ենք, թշնամին է մեզ կոտորել, սակայն վերջին պատերազմը մտածելու տեղիք տվեց, մենք մեզ խաբել ենք երկար տարիներ, որը ոչ թե դրական արդյունք է տվել, այլ ճիշտ հակառակը: Մենք հայելու մեջ նայել ենք, տեսել ենք լրիվ այլ իրականություն, ինչպես օրինակ եղավ 44-օրյա պատերազմի ժամանակ «արծրունհովհաննիսյանական ստի» հետևանքները»:
Վերջինս պնդեց, որ այսօր պետք է հետևողական լինենք ներազգային խտրականության դեպքերի նկատմամբ, որպեսզի այն չսրվի և անհրաժեշտություն չլինի հարցին այլևս անդրադառնալ:
Մանրամասները՝ տեսանյութում։