Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադառնալով նախկինում արած իր այն հայտարարությանը, թե այս տարի ձգտելու են երկնիշ տնտեսական աճի, ասաց՝ կենտրոնական բանկը կանխատեսում է 1,4 % տնտեսական աճ, իսկ բյուջեի կանխատեսումներով 3,2% է, բայց 2021 թվականի հունվար-փետրվարի արդյունքները ավելի լավն են, քան 2019-ի արդյունքները, որովհետեւ 2020-ի հունվար-փետրվարը էապես ավելի լավն էին, քան 2019-ի հունվար-փետրվարը:
«Եթե մենք համադրենք, եւ եթե մենք պահենք նույն աճի տեմպը 2019 թվականի նկատմամբ, ապա տարեվերջին կունենանք 2020-ի նկատմամբ ավելի քան 10% տնտեսական աճ: Ընդամենը դա է: Մենք տեսնում ենք բազմաթիվ պրոյեկտներ, որոնք հիմա արդեն ընթացքում են եւ սկսվելու վրա են: Չեմ ուզում բացահայտել, քանի որ դեռ տեղի չեն ունեցել, բայց բազմաթիվներն էլ կան, որ տեղի են ունեցել»,-ասաց նախարարը:
Այդ ծրագրերից մեկն էլ, ըստ պարոն Քերոբյանի, «Էվոլուշն գեյմինգն» է․«Երկու օր առաջ տեսանք, որ Հայաստանում, կարելի է ասել, որ ամենամեծ ծիրանի ինտենսիվ այգին է, որտեղ բազմամիլիոն ներդրումներ են արվել պետական օժանդակությամբ: Ջերմոցային բազմաթիվ տնտեսություններում, ինտենսիվ այգիներում ներդրումներ ենք տեսնում: Գյուղատնտեսության մեջ շատ մեծ ակտիվություն կա: Բացի դրանից, արդյունաբերական ոլորտում էլ կա, որի մասին ես կնախընտրեմ խոսել այն ժամանակ, երբ դրանք սկսեն աշխատել»։
Նախարարի խոսքով՝ անցած տարի նահանջ տարի էր, եւ սովորաբար, երբ նահանջ տարի է լինում, ամեն օրը ներքին արդյունք է գեներացվում․«Իհարկե, դա այնպես չէ, որ ամբողջությամբ համամասնորեն է, բայց տարբերություն կա․ «Եթե ճշգրտումներ մտցնենք այդ (նկատի ունի տնտեսական անկման ցուցանիշը, Ն․Բ․) 5.3%-ի մեջ, արդեն շատ մոտ ենք վերականգնվելու կետին»։
Կարդացեք նաև
Նշենք, որ Վահան Քերոբյանն այսօր մասնակցում էր Տավուշի դոնոր կազմակերպությունների կոորդինացման հարթակի ամենամյա 2-րդ համաժողովին։
Նելլի ԲԱԲԱՅԱՆ