Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Հեռախոսդ գողացե՞լ են ապեր», «հեսա ապրիլին եռանիշ ենք տժժացնելու 2 օր ավել ա»

Մարտ 26,2021 15:30

Օգտատերերը արձագանքում են Էկոնոմիկայի նախարարի գրառմանը

«Երկնիշը որն ա ծիծիլիոնանիշ արեք պարոն Քերոբյան, ուղղակի ինչ դուք նշանակվել եք նախարար, տնտեսությունը էնպիսի տեմպերով ա զարգանում՝ չենք հասցնում հետեւից էլի, մի քիչ կամացացրեք, բան հասկանանք»,-սա Ֆեյսբուքի օգտատերերից մեկի արձագանքն է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի երեկվա գրառմանը: Նախարարի գրառումը բուռն արձագանքներ էր առաջացրել. Մի քանի րոպեում հարյուրավոր օգտատերեր պարոն Քերոբյանի խոսքերը հումորի տվեցին:

Նախարարը գրել էր ՝ «Վիճակագրական կոմիտեն հրապարակեց 2021թ. փետրվարի տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ -5,3%: Հաշվի առնելով, որ անցած տարվա փետրվարն ուներ մեկ օր ավել՝ Հայաստանի տնտեսությունը համարյա վերականգնվել է։ Ու դա դեռ զրոյին մոտ տուրիզմի պարագայում։ Վերահաստատում եմ իմ նպատակը՝ երկնիշ տնտեսական աճ»։

Վահան Քերոբյանին ի պատասխան օգտատերերից մեկը գրել էր՝ «Իսկ ինչո՞ւ չքվեարկենք եւ ձայների մեծամասնությամբ փետրվարը չդարձնենք 31 օր, խնդիրը ո՞րն է», մեկ այլ քաղաքացի էլ՝ կատակել էր՝ «Նկատենք, որ նախորդ տարին 366 օր ա եղել, ՀՆԱ-ով Կորեային էլ կանցնենք…», «Բա որ փետրվարը 30 օր ունենար, ինչքան առաջ կընգնեինք։ Ափսոս»,-կատակել էր մեկ այլ օգտատեր:

Մեկն էլ գրել էր. «Սուսեք, հեսա ապրիլին եռանիշ ենք տժժացնելու 2 օր ավելա, արաա՜ա բա մարտը 3 օր, վայ քու, կարողա՞ Սինգապուր դառնանք հըն»: «Հեռախոսդ գողացել ե՞ն ապեր»,-այսպիսի մեկնաբանություն էր թողել մեկ ուրիշը:

«Ցանկացած կանխատեսում պետք է հիմնված լինի որոշակի տնտեսական հաշվարկների կամ օրինաչափությունների հիման վրա»,-թեմային ավելի լուրջ արձագանքեց տնտեսագետ Սուրեն Պարսյանը: «Առավոտի» հետ զրույցում պարոն Պարսյանն ասաց. «Պետական մակարդակով կան մի շարք կանխատեսումներ, որոնք արձանագրված են: Ֆինանսների նախարարության կանխատեսման համաձայն, այս տարվա տնտեսական աճը կարող է կազմել 2 տոկոս: Կենտրոնական բանկինը՝ 1,4 տոկոս: Միջազգային կազմակերպությունների կանխատեսումը՝ մոտ այդքան տոկոս: Պետական բյուջեով էլ դրված է 3,2 տոկոս: Հաշվի են առնում այն հանգամանքը, որ 2020 թվականից հետո հաջորդ տարին լինում է հետճգնաժամային ժամանակաշրջան եւ այդ շրջանում թռիչքաձեւ աճ, թռիչքաձեւ զարգացում հնարավոր չէ: Բոլոր երկրներն էլ այդ ճանապարհով անցնում են»:

Ըստ մեր զրուցակցի, Հայաստանի 1998 եւ 2008 թվականների ճգնաժամերը հենց դրա մասին են փաստում, որ հաջորդ երկու-երեք տարիները հետճգնաժամային են եւ այդտեղ տնտեսական աճը լինում է 2 տոկոս, քանի որ տնտեսությունը փորձում է վերականգնվել:

«7,6 տոկոս տնտեսական անկման պայմաններում, որ գրանցվել է 2020 թվականին, խոսել 2021 թվականի տնտեսական աճի մասին, սա, ուղղակի անտրամաբանական է եւ որեւէ օրինաչափության չի ենթարկվում: Եթե ուզում են դրական սպասումներ առաջացնել բիզնեսի կամ հանրության մոտ, ապա նման կեղծ, չհիմնավորված հայտարարությունն ավելի է խորացնում անորոշությունն ու դժգոհությունը: Պետք է բիզնեսին ճիշտ ազդակներ փոխանցենք: Մեր՝ տնտեսական անկման դանդաղումը, պայմանավորված է հանքարդյունաբերությամբ: Հանքարդյունաբերության հաշվին երկիր, տնտեսություն չես կարող կառուցել ու պահել»,-ասաց Սուրեն Պարսյանը:

Նրա խոսքով, փետրվար ամսվա ավելի պակաս անկումը հենց հանքարդյունաբերությամբ է պայմանավորված. «Փետրվար ամսին Մետաղի գները համաշխարհային շուկայում աճել են եւ այդ թիվն էլ աճել է: Այսինքն՝ անկումը նվազել է: Մենք պետք է գնահատենք այն ոլորտները, որոնք կարող են ապահովել երկարաժամկետ որակյալ աճ: Իսկ դրանք՝ ծառայության, առեւտրի, արդյունաբերության ոլորտները, այսօր հրապարակված պաշտոնական վիճակագրության համաձայն, գտնվում են անկման մեջ»:

Հղում անելով երեկ հրապարակված վիճակագրական տվյալներին, Սուրեն Պարսյանն ասաց՝ «Մարդկանց եկամուտները, ըստ նույն վիճակագրության աճել են 0,8 տոկոսի չափով՝ հունվար-փետրվար ամիսներին, այն դեպքում, երբ գնաճը այդ ամիսներին կազմել է 4,9 տոկոս: Այսինքն՝ մարդկանց եկամուտներն ավելի դանդաղ են աճել, քան՝ գնաճը: Մարդկանց գնողունակությունը նվազել է, մարդիկ ավելի քիչ ապրանքներ են կարողացել գնել: Բնականաբար դրանից տուժում է բիզնեսը»:

Ըստ պարոն Պարսյանի, 2021 թվականի ընթացքում շարունակվելու է ֆինանսատնտեսական ճգնաժամը եւ կառավարությունը պետք է հույսը միայն չդնի հանքարդյունաբերության վրա, փորձի ռեալ ծրագրեր մշակել՝ առանձին ոլորտներով եւ փորձի ներգրավել ռազմավարական գործընկերների, քանի որ ինչպես նախորդ ճգնաժամերը, այս ճգնաժամի դեպքում էլ անհրաժեշտ է մեծ քանակությամբ ներարկումներ տնտեսության մեջ. «Օրինակ՝ 2009 թվականի ճգնաժամից հետո մոտ 2 միլիարդ դոլար ներարկում արեց կառավարությունը: Որտեղի՞ց են վերցնելու այդքան մեծ գումար, ո՞վ է այս կառավարությանը վստահելու, սա լուրջ խնդիր է»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
26.03.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031