«ԸՕ փոփոխությունների փաթեթն արդեն ուղարկել ենք Վենետիկի հանձնաժողով։ Քննարկումները շարունակվում են։ Հատկապես ընտրակարգի հարցը դարձել է քաղաքական քննարկումների կիզակետ, ուստի այդ առնչությամբ եւս քննարկումները շարունակվում են»,-խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ հունիսի քսանին ընդառաջ նպատակ ունեն վերացնելու վարկանիշային ընտրակարգը՝ ասաց «Իմ քայլի» պատգամավոր Հայկ Կոնջորյանը։
Նա նշեց․ «Վարչապետի հայտարարությունը վերաբերում էր հենց ընտրակարգին, սակայն, գիտեք, որ շրջանառության մեջ ենք դրել նաեւ ընտրական շեմերի, ֆինանսական թափանցիկության ավելացման հարցերը եւ մի շարք փոփոխություններ, որոնք բերելու են ընտրական օրենսգրքի բարելավմանը, ազատականացմանը։ Մենք ստանձնել ենք այդ հանձնառությունը եւ պատրաստակամ ենք իրականացնել։ Իսկ ժամկետների մասին չեմ կարող ասել, որովհետեւ քննարկումները շարունակվում են»։
Ինչ վերաբերում է «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի այն նկատառմանը, որ խաղի ընթացքում խաղի կանոնները փոխել չի կարելի, «Իմ քայլը» խմբակցության մեկ այլ պատգամավոր Արթուր Հովհաննիսյանն այսպես արձագանքեց․ «Խաղի կանոնները պարզեցվում են։ Հիմա խոսքը գնում է վարկանիշային ընտրակարգը հանելու մասին, ինչի արդյունքում խաղի կանոնները ոչ թե բարդանում են, այլ պարզեցվում։ Սա, կարծում եմ, կոնսենսուսի արժանացել է առնվազն արտախորհրդարանական ուժերի, քաղաքացիական հասարակության կողմից։ Իսկ խորհրդարանական խմբակցություններից առնվազն ԲՀԿ-ի կողմից նշվել է, որ իրենց համար ընտրակարգի փոփոխությունը միեւնույնն է»։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ