Կառավարության որոշմամբ՝ ոստիկանության ՊՊԾ դասակների նոր ընդունվող՝ մինչև 5 տարի աշխատանքային կամ զինծառայության ստաժով շարային կրտսեր տեսուչների աշխատավարձը 190 հազար դրամից կդառնա 320․000 դրամ՝ 68,8 %-ով ավելի, իսկ ոստիկանության լեյտենանտի կոչումով եւ 2-5 տարվա զինծառայության ստաժով պարեկի ամսական աշխատավարձը կդառնա 402 հազար դրամ՝ ներկայիս 198 հազարի փոխարեն (97,5 %-ով ավելի):
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը կարծում է, որ հունիսին քսանին սպասվող արտահերթ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ՝ իշխանության այս քայլում ուղերձ կա։
«Շատ է տեղեկատվությունը, որ այս ընթացքում ոստիկանները շուրջօրյա ռեժիմով զբաղված էին ընդդիմադիրներին վերահսկելով, ընդդիմադիրների հավաքները ցրելով, ընդդիմադիր գործիչների հանդեպ անհամաչափ ուժ կիրառելով, ուստի ստացել են լրավճարներ։ Միանշանակ, սա հստակ ուղերձ է»,-խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում այսօր ասաց Նաիրա Զոհրաբյանը։
Նրա խոսքով․ «Այս ընթացքում մենք ահազանգ ստացանք, եւ բժիշկները դա հաստատեցին, որ շտապօգնության բուժաշխատողների աշխատավարձերն ուշացել են։ Տարբեր ահազանգեր ենք ստանում հիմնարկներում աշխատավարձերի հետ կապված։ Այս համատեքստում ոստիկանների աշխատավարձի բարձրացմանը գնալը հստակ ուղերձ է։ Նիկոլ Փաշինյանը փորձում է աշխատավարձերը բարձրացնել այն ինստիտուտների, որոնք ապահովելու են իր քարոզարշավային անվտանգությունը։ Մեր երկրում բոլորի աշխատավարձն էլ արժանապատիվ պետք է լինի, բայց առանձնացնել մեկին՝ անտեսելով ուսուցիչներին, բժիշկներին․․․իհարկե, ակնհայտ է առաջիկա ընտրություններին հղված հստակ ուղերձը»։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ