«Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» նոր օրենքով, որն Ազգային ժողովն ընդունեց մարտի 24-ին, բուհերի ընդունելության կազմակերպման նոր սկզբունքներ եւ մեխանիզմներ են ներդրվում:
ԿԳՄՍ նախարարի խորհրդական Սամվել Կարաբեկյանը մեզ հետ զրույցում մանրամասներ ու պարզաբանումներ է ներկայացրել օրենքի մի շարք փոփոխությունների վերաբերյալ:
Օրենքի գլխավոր նորամուծություններից է համատեղ կրթական ծրագրերի ներմուծումը:
Առաջիկայում դիմորդները արտաքին գնահատման վկայագրերով (հանձնած քննությունների սերտիֆիկատով) կարող են դիմել սովորելու մեկ կամ տարբեր բուհերի նույն կրթական ոլորտի մեկից ավելի կրթական ծրագրերով։
Կարդացեք նաև
Մասնագետի խոսքով՝ սա նշանակում է, որ բուհերը կարող են համատեղ մշակել և իրականացնել կրթական ծրագրեր, ընդ որում, ոչ միայն հայաստանյան, այլ նաև արտերկրյա բուհերի հետ: Այս դեպքում ուսանողը կարող է ստանալ երկու բուհերի միասնական մեկ դիպլոմ կամ մասնակից բուհերից մեկի դիպլոմ, կամ էլ մասնակից բուհերից յուրաքանչյուրի առանձին դիպլոմները:
Մեկ այլ փոփոխությամբ ՝ 2023 թվականի սեպտեմբերի 1-ից ՀՀ ցանկացած բուհում՝ լինի պետական կամ ոչ պետական, «Հայոց լեզու» առարկայի միասնական քննությունը կլինի պարտադիր:
«Բարձրագույն կրթության եւ գիտության մասին օրենքով» արմատական փոփոխություններ են նախատեսվում նաեւ ուսումնառության ժամկետներում:
Ներկայում բուհերում իրականացվող առկա եւ հեռակա ուսուցումը առաջիկայում կփոխարինվի ուսանողի լրիվ կամ մասնակի բեռնվածությամբ: Ուսումնառությունն ավարտել 3, 4, թե 7 տարում, կընտրի ուսանողը:
Սամվել Կարաբեկյանը հավաստում է, որ սա մեծ հնարավորություն կտա ուսանողներին կրթությանը զուգահեռ աշխատել եւ այլն:
Մարիամ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում: