2020 թվականի հուլիսին «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը լքեց Սերգեյ Բագրատյանը: Բագրատյանն իր այդ քայլը բացատրում էր իր սկզբունքների ու ԲՀԿ քաղխորհրդի կողմից ընդունված որոշումների տարբերությամբ:
Պատգամավորից երեկ հետաքրքրվեցինք՝ ինչպե՞ս է մասնակցելու առաջիկա ընտրություններին:
Պատասխանեց` տարբեր առաջարկներ ունի, մտածում է, քանի որ դեռ քաղաքական ուժերն իրենք էլ են փնտրտուքների մեջ.
«Ամեն ինչ կախված է նրանից, թե մենք ինչպես ենք տեսնում հաջորդ խորհրդարանը, ինչ նպատակներ եւ ինչպիսի խճանկար կարող է ձեւավորվել: Առաջնահերթ, պետք է կարողանանք անշրջելի դարձնել այն ձեռքբերումները, որն ունի հանրությունը 2018 թվականից հետո, այսինքն` այլևս երբեք Հայաստանում կեղծված ընտրություններ չպետք է լինեն: Երկրորդ. մենք ինքնանպատակ չպետք է դիտարկենք ԱԺ պատգամավորի աշխատանքը: Այդ աշխատանքը պետք է ուղղված լինի պետականության հզորացմանը, եւ յուրաքանչյուրս պետք է հասկանա՝ ունի՞ այդ ներուժը օգտակար լինելու ԱԺ աշխատանքում, թե՞ մեկ այլ տեղ պետք է գտնել ուրույն ձեռագիր, ասելիք…Այս իմաստով ես ցանկություն ունեմ մասնակցելու եւ տարբեր առաջարկություններ կան, որոնք քննարկում եմ: Ինձ համար ամենակարեւորը, որ տվյալ տնտեսության վերաբերյալ տվյալ ուժի տեսլականը առնվազն 70 տոկոսով համապատասխանի այն տեսլականին, որ ես եմ տեսնում»,- ընդգծեց պատգամավորը:
Կարդացեք նաև
Հարցին՝ բացառո՞ւմ եք, որ կրկին կլինեք ԲՀԿ-ի ցուցակում, Բագրատյանը դրական պատասխան տվեց. «Բնականաբար բացառում եմ: Ես նշել եմ, որ առանցքային հարցերում տարակարծիք եմ թիմի հետ, որեւէ բան չի փոխվել, որ ես իմ կարծիքը փոխեմ: Իսկ մնացած առաջարկները բաց են, բոլոր թիմերից հրավերներ եղել են, դեռ չեմ հանդիպել»:
Խոսելով «Իմ քայլը» խմբակցության հետ հետագա հնարավոր համագործակցության մասին՝ Բագրատյանն ասաց, որ որեւէ թիմի հետ համագործակցությունը չի բացառվում, բացի ԲՀԿ-ից:
Սյուզաննա ՊՈՂՈՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում