Լրահոս
Օրվա լրահոսը

«Ջուր եմ ուզում, որ ճաշ եփեմ, լողանամ ու գոնե մի քանի տարի մարդավարի ապրեմ»

Մարտ 26,2021 14:30

82-ամյա տարեց կինը 24 տարի է՝ ջուրը դույլերով է կրում

Լենա Ավետիսյանն 82 տարեկան է: Տարեց կինն արդեն 24 տարի է՝ խմելու, ճաշ եփելու, լողանալու եւ այլ կարիքների համար ջուրը դույլերով կրում է: Բայց այլեւս չի կարողանում, տարիների հետ ուժերն էլ են սպառվել: Հիմա անգամ ճաշ եփելու համար ջուրը բաժակ-բաժակ է կրում, ասում է՝ ձեռքերս այլեւս ուժ չունեն:

Հարցն այն է, որ տիկին Լենան ոչ թե սոցիալական պայմաններից ելնելով է զրկված ջրից, այլ՝ տակի հարեւանը թույլ չի տալիս, որ կինը տունը ջուր անցկացնի: Ասում է՝ տունս ջուր կլցվի: Հարեւանը գուցե կամայականություն անի, բայց քաղաքացու իրավունքներով զբաղվող հազար ու մի կառույց՝ սկսած վարչական շրջանից, վերջացրած՝ ոստիկանությունով, Երեւանի քաղաքապետարանով, տարեցների ու առհասարակ սոցիալական խմբերի կարիքներով զբա ղվող աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունով, ԱԺ պատգամավորներով ու ավագանու անդամներով, որեւէ մեկն այս խնդրով չի ցանկանում զբաղվել: Նրա պատմությունն առաջին անգամը չէ, որ բարձրաձայնվում է:

«Առավոտն» այս մասին արդեն մի քանի հրապարակում արել է, սակայն ո՛չ վարչական շրջանի ղեկավարությունը, ո՛չ ոստիկանությունը, ո՛չ Երեւանի քաղաքապետարանը, ո՛չ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը, ո՛չ Երեւանի որեւէ ավագանու անդամ, ո՛չ որեւէ պատգամավոր տարեց կնոջ խնդրով չեն հետաքրքրվել: Խոստումներ եղել են, մասնավորապես «Իմ քայլի» պատգամավորներից, սակայն՝ մոռացվել: Մեծահասակ կինը, որն անժառանգ, միայնակ թոշակառու է, օր ծերության զրկված է ջուր ունենալու իր տարրական իրավունքից: Կինն ընդամենը ջուր է ուզում: Անգամ պատրաստ է բոլոր ծախսերը հոգալ եւ ջրի խողովակը սեփական միջոցներով անցկացնել:
Բոլոր թվարկված մարմինները, ում դիմում է, դատարանի տեղն են ցույց տալիս: Օր ծերության, Լենա Ավետիսյանը հիմա էլ դատարանի դռներն է ընկել:

Հարցը գուցեեւ դատարան էլ չհասներ, եթե տեղական կառավարման մարմինները «տեղում» լինեին: Դատարանում դատն արդեն մեկուկես տարուց ավելի ձգվում է: Լենա Ավետիսյանի դատը տեղի է ունենում Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Էրեբունու նստավայրում: Բացի այն, որ դատարանները ծանրաբեռնված են աշխատում, ու չկա այդ տարիքի մարդկանց բացառություն անելու եւ դատերն արտահերթ նշանակելու պրակտիկա, տարբեր պատճառներով են նիստերը երկարաձգվում. մեկ՝ «Վեոլիա ջրի» տված տեխնիկական պայմանի ժամկետն է լրանում, մեկ՝ նոր փորձագիտական փաստաթղթի կարիք լինում եւ այդպես կնոջ կյանքից մեկ տարի էլ է գլորվում առանց ջրի: Վերջին դատին դատարանը փորձաքննություն է նշանակել՝ հնարավո՞ր է ջրագիծ անցկացնել, թե՝ ոչ: Լենա Ավետիսյանի խոսքով, փորձագետն արդեն երկու անգամ եկել ուսումնասիրել է եւ պետք է եզրակացություն հայտնի: Մինչեւ այդ պատասխանը չլինի, հաջորդ դատական նիստը չի լինի:

Շենքը, որտեղ բնակվում է Լենա Ավետիսյանը, հանրակացարան է, գտնվում է Արաբկիր վարչական շրջանի Շիրվանզադեի փողոցի թիվ 18 հասցեում: Այս հանրակացարանը նախկինում պատկանել է «Կանազ» գործարանին, սակայն 25 տարի առաջ գործարանի հաշվեկշռից դուրս է եկել: Ի դեպ, շենքի բնակիչները ջուր անցկացրել են, խոչընդոտ հանդիսացող հարեւանը նույնպես ջուր ունի: Տիկին Լենան ապրում է երկրորդ հարկում եւ ջուրը դույլերով կրում է:

Մեր ձեռքի տակ եղած փաստաթղթերից տեղեկանում ենք, որ տարիներ առաջ «Երեւան ջրից» սկսած, վարչական շրջանով, Երեւանի քաղաքապետարանով ու հետագայում նաեւ «Վեոլիա ջուր» ընկերությունով վերջացրած, որեւէ առարկություն չեն հայտնել, որպեսզի Լենա Ավետիսյանը ջուր անցկացնի: Ավելին՝ «Վեոլիա ջուր» ընկերության կողմից տեխնիկական պայման է տրվել, որտեղ գծագրի միջոցով նշվում է՝ ինչ ձեւով ջուրն անցկացնել բնակարան: Սակայն, ինչպես Լենա Ավետիսյանն է պատմում, ամեն անգամ, երբ վարպետ է հրավիրել, որ աշխատանքները սկսեն՝ հարեւանը վեճ ու կռիվ է սարքել եւ խոչընդոտել աշխատանքներին: Եվ քանի որ ոչ մի կառույց տարեց կնոջը պաշտպան չի կանգնել՝ ճարահատյալ դիմել է դատարան:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
25.03.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031