«Ոստիկաններն այցելել էին «Պոնչոյին», դուռը փակ է եղել, հետախուզում են հայտարարել» հունվարի 21-ի հրապարակումիցս հետո երեկ վերջապես հանդիպեցի հումորիստ, ժպիտ պարգեւող արտիստին` Վահագն Սիմոնյանին` Պոնչոյին:
Նա նման չէր իրեն, մի քիչ ծերացել էր, անխնամ էր, եւ մեր զրույցից հետո հասկացա պատճառը. նա այս պահին ծածկ-տանիք չունի գլխավերեւում եւ քնում է բաց երկնքի, ծառի տակ:
Վահագն, իմ վերջին հրապարակման ժամանակ տեղեկացրել էի, պաշտոնական աղբյուրին հղում անելով, որ քեզ են փնտրել. «Դերասանի քույրը հայտնել էր, որ եղբայրը հաճախ է բացակայում տնից, նրա գտնվելու վայրի մասին տեղեկություն չկա: Մինչդեռ, ըստ դատարանի որոշման, նա քաջատեղյակ է եղել, որ իր վերաբերյալ քրեական գործով դատական նիստեր են տեղի ունենում»: Որտե՞ղ ես, ինչո՞ւ ես նիստից բացակայել,-հարցնում եմ ես՝ սկսելով մեր զրույցը:
Վահագն Սիմոնյանը պատասխանեց, որ ընտանիքի անդամների հետ կապ չունի, իսկ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի՝ Կենտրոնի նստավայրում իր նկատմամբ հարուցված քրեական գործով նշանակված դատական բոլոր նիստերին մասնակցել է:
Դերասանը ներգրավված է 2015թ. օգոստոսի 24-ին տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ հարուցված քրեական գործով, երբ ըստ մեղադրական եզրակացության, նա Տիգրան Մեծի պողոտայի շենքերից մեկի բակում վիճաբանել է գործով տուժող ճանաչված Ռուբեն Գալստյանի հետ, «էլեկտրահարել» է նրան, պատճառելով մարմնական վնասվածք:
Կարդացեք նաև
2015թ. սեպտեմբերի 7-ին հարուցվել էր քրեական գործ: 2016թ. ապրիլի 12-ից քրեական գործը Կենտրոնի նստավայրում է, դատավոր Գագիկ Պողոսյանի վարույթում:
Վահագնին հարցնում եմ, որ օրերս՝ մարտի 12-ին իր քրեական գործով դատական նիստն էր, ուր նրա համար շտապօգնություն է կանչվել, ի՞նչ էր պատահել:
Նա ասում է. «Մարտի 12-ին, այո, իմ նիստն էր: Մտա նիստերի դահլիճ, բոլորի դեմքից զգացի, որ վերջնական կալանք են կիրառելու, քանի որ մի քիչ հոգեբան եմ, կերպար լավ եմ հասկանում: Ժամը 12.35-ն էր… ես թռա…»:
– Ինչպե՞ս:
– Նախ ինքնազգացողությունս վատացավ, ճնշումս նորմալ չէր: Ոստիկանները շտապօգնություն կանչեցին: Եկավ 1-03-ը` Սվետա Մարտիրոսյանն ու Լուսինե Հարությունյանը: Ուզում էին սրսկել, դատավոր Գագիկ Պողոսյանը կանչեց նրանց, հորդորեց, որպեսզի օգնություն ցույց չտան (ունեմ տեսաերիզ): Իմ աչքի առաջ «բացահայտվեց» հանցախումբը`դատախազներ Է.Պետրոսյան, Է.Հարությունյան, քննիչներ Սուրեն Մանուկյան, Սերգեյ Երիցյան եւ այս գործով տուժող` Ռուբեն Գալստյան, որին կարող եմ ուղղակի «քիլլեր» ասել: Այս խումբը վեց տարի ջուր է ծեծում՝ ինձ մեղադրելով խուլիգանության մեջ:
– Բայց դատարան ներկայացված մեղադրանքն է այդ հոդվածով:
– Ես չեմ ընդունում այդ մեղադրանքը: Ես հայտարարում եմ, որ 2015թ. օգոստոսի 24-ին՝ այդ օրը, ժ. 20. 20-ին եղել է մութ, գիշեր, ես ընդհանրապես այդտեղ չեմ եղել, որով մեղադրում է ինձ դատախազը: Շուտով ի հայտ կգան սուտ մատնիչ վկաները, իմ ասածները կարող են հաստատել մի քանի վկաներ, որ ես եղել եմ ուրիշ վարչական շրջանում՝ բոլորովին այլ վիճակներում:
– Վահագն, փորձենք նորից «վերադառնալ» նիստերի դահլիճ, ինչպե՞ս փախար դատարանից:
– Քանի որ դատավորը հորդորեց չտանել ինձ, ես շնչահեղձ էի լինում: Դուրս եկա դատարանի շենքի կենտրոնական մուտքի մոտ, բժիշկներն էլ ասացին`«լավ ես, լավ ես» ու գնացին: Ես զգում էի, որ գլուխս իմը չի, իմ ձեռքի հեռախոսով կանչեցի շտապօգնություն, երբ նրանք եկել էին, ես այլեւս այնտեղ չէի…Աշտարակի հիվանդանոց չգիտեմ ինչպես եմ հասել, իսկ բժիշկներն էլ, որոնց շատ շնորհակալ եմ, արեցին ամեն բան, որ ես դուրս գամ ծանր վիճակից…
Ես մարտի 15-ին դատավորի դեմ հանցագործության մասին հաղորդում եմ ներկայացրել՝ պահանջելով պատասխանատվության ենթարկել նրան: Իմ կարծիքով, դատավորը երեք արարք թույլ տվեց. խոչընդոտեց բժիշկներիին օգնություն ցույց տալ, սպառնաց` կոչնչացնեմ քեզ, ապա մեկ այլ հանցագործություն բացահայտելու փոխարեն՝ կատարեց այլ հանցագործություն:
– Բայց դու հանրային պաշտպանի գրասենյակից պաշտպան ունես՝ Էդիկ Աղաջանյանը, նա չի՞ դիմել ԲԴԽ:
– Մինչ այդ դիմել ենք, բայց ոչ մի ընթացք չի ստացել: Երբ նա փորձեց սպառնալ ինձ, թե կալանք կկիրառի, հանրային պաշտպան Մարինե Ֆարմանյանն ու դատախազը նրան տարան դահլիճ: Չմոռանամ ասել, որ իմ հեռախոսային խոսակցությունների ձայնագրությունները չկան, կարեւորագույն ապացույցները վերացրել են: Ես բազմիցս լրատվամիջոցներով բարձրացրել եմ իմ նկատմամբ կատարված պատմությունը, ասել, որ իմ գործը բանդայի դեմ է, սակայն ապարդյուն: Պահանջում եմ բոլորին չլռել, այլապես ես բոլորին Հոլիվուդի աստղ կդարձնեմ:
Իմ այս գործով ուզում եմ ցույց տալ, թե ինչպես կարող են երջանիկ ընտանիք քայքայել եւ մնալ անպատիժ:
Հիշեցնեմ, որ Վահագնի հետ դեպքի օրը եղել էր նրա քաղաքացիական գործով ներգրավված փաստաբան Գեւորգ Մարտիրոսյանը, որը որպես վկա նիստերից մեկով նկարագրեց դեպքի օրվա մանրամասները, նաեւ դիմեց դատարանին՝ իր վստահորդին ճանաչել այս գործով որպես տուժող: Նա հայտնել էր. «2015թ. օգոստոսի 24-ին ես Վ. Սիմոնյանի հետ գնացել եմ նրա աներոջ տուն՝ գույքային հարցեր լուծելու: Երեկոյան ժամը 19.45-ին մոտեցել ենք աներոջ շենքին, ուր կանգնած էր մի անձ: Վահագնը ասաց, թե եկել է իր երեխաներին տեսնելու եւ նաեւ՝ թե ինչ վատ մարդ է աները, որ 6 ամիս է՝ չի թողնում երեխաներին տեսնել: Այդ մարդն, ասես, դարավոր թշնամություն ուներ, հարձակվեց Վահագնի վրա, հայհոյանքներ տվեց Սիմոնյանին, սկսվեց քաշքշուկ: Փորձեցի թույլ չտալ, սակայն առաջին իսկ հարվածից հետո Վահագնը ընկավ: Տուժողը, որը Վահագնի աներոջ հարեւանն էր, խիստ ագրեսիվ էր, հարձակվում էր Վահագնի վրա, հայհոյում կնոջը, մորը, ընտանիքին: Իսկ Վահագնը վատ էր զգում, խնդրում էր ջուր: Դեպքի վայրից 10 մետր հեռավորության վրա կար ցայտաղբյուր եւ ես փորձ արեցի, որպեսզի ջուր հասցնեմ Վահագնին, սակայն հետեւեց տուժողի՝ 90 աստիճանի անկյան տակ երկրորդ հարվածը, ինչից Վահագնը ընկավ ցած: Տուժողը հարվածում էր ձեռքերով, ոտքերով եւ Վահագնն արդեն խռխռացնում էր, ուշքի չէր գալիս, իսկ այդ ընթացքում եկել էին տուժողի ընտանիքի անդամները …: Մի կերպ, երբ տեսա, որ Վահագնը կենդանության նշաններ է ցույց տալիս, զանգեցի շտապօգնություն: Տուժողը գոռում էր՝ դու մեռար, քո գերեզմանը փորեցիր, դու սպանվեցիր: Իր կամքից անկախ՝ Վահագնը չսպանվեց»:
«Առավոտը» երեկ զրուցեց նաեւ նրա նոր պաշտպանի՝ Մարինե Ֆարմանյանի հետ: Վերջինս պաշտպանությունն իրականացնում է անցյալ տարվա փետրվարից:
Մ. Ֆարմանյանը տեղեկացրեց, որ նիստը, երբ բացվեց, Վահագնն ասել է, թե վատ է զգում, նա դիմել է դատարանին, բժիշկ հրավիրելու համար: Դատարան եկած բժիշկները հետազոտել են նրան, ապա երբ Վահագնը դրսում էր, բժիշկը նիստերի դահլիճում հայտարարել է, որ նրա մոտ նորմալ է ճնշումը, զգացողությունը… Վահագնն այդպես էլ դատարան չի ներկայացել, իսկ դատավորը, որը հորդորել է վերադառնալ, անհարգալից համարելով նրա պահվածքը, շարունակել է նիստը: Պաշտպանական ճառով հանդես է եկել հանրային պաշտպանը: Վահագն Սիմոնյանը դատապարտվել է չորս տարվա ազատազրկման, կիրառվել է համաներում, նա պատժի կրումից ազատվել է:
Իր դատավճռի, համաներման մասին հումորիստը մեր զրույցի ժամանակ տեղյակ չէր:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
Հ.Գ. Ավելորդ չեմ համարում հիշեցնել, որ զրուցակիցս դատական այս գործընթացների պատճառով այլեւս չի նկարահանվում: Նա նկարահանվել է «Սպիտակ ոսկոր», «Գաղտնի խորհրդական», «Աճպարար», «Վերջին կայարանը», «Իմ մեծ հայկական հարսանիքը», «Մեծ պատմություն փոքր քաղաքում», «Պահանջվում է միլիոնատեր», «Առանց սահման»… տասնյակ այլ ֆիլմերում, ռուսական հեռուստասերիալում: 2013թ. «Եթե բոլորը» ֆիլմի համար Չինաստանի «ղՐՈՎ վպոՏ» միջազգային կինոփառատոնի ժամանակ արժանացել է «Երկրորդ պլանի լավագույն դերասան» մրցանակի:
«Առավոտ» օրաթերթ
25.03.2021