Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ես ծնվե՜լ եմ…

Մարտ 26,2021 13:30

Նա պոետ ու գիտնական է։ Նա մոլեկուլյար կոմպոզիտոր է, մեկ հնչյունի սիմֆոնիստ է, ով, ասես, ցույց է տալիս ապրելու բջիջն ու երաժշտության ծիլը։ Նա «Արարման պահ»-ից («In statu nascendi») մինչեւ հիշատակի «Նվիրում»-ը («Dedicatio») ձգվող ակնթարթներում լույսի անդադար ուղեցույց է։ Նրա երաժշտության մեջ լսելի է տիեզերքի ամեն մի վայրկյանը, որից ծնվում է «Լեգենդ»-ի ժամանակը։ Նրա ընկալած յուրաքանչյուր ուրվագիծ «Էլեգիա» է։

Հայ կոմպոզիտորական դպրոցի վաղուց ընդունված նրբագույն ձայնով ներկայացուցիչ, դաշնամուրային արվեստում քանքարավոր մանկավարժ, ինքնատիպ տաղանդ ու իսկական մարդ է Սուրեն Զաքարյանը։ Դաշնամուրային ամբիոնի պրոֆեսորն ու կոմպոզիտորը վաղուց է երաժշտության ճանապարհին՝ ներդաշնակության յուրահատուկ ըմբռնմամբ, մշտապես զարմանք պատճառող երեւույթներն անկրկնելի ներկայացնելու բնածին իր տաղանդով, իսկ մենք հազիվ հասցնում ենք ծանոթանալ նրա հետ:

Սուրեն Զաքարյանի հետ առաջին ու վերջին եթերային զրույցը 2017-ին էր: Մեր հետմահու հրապարակումը նվիրում ենք նրա հիշատակին: Իր կյանքի ու ստեղծագործության մասին կխոսի, կխոստովանի, կզարմանա, կափսոսա հենց նա – առաջին դեմքով…

Կոմպոզիտոր Սուրեն Զաքարյանը ծնվել է դաշնակահար Սուրեն Զաքարյանից ավելի ուշ. երաժշտական դպրոցում որպես դաշնակահար արդեն ունեի որոշ նվաճումներ, հետո 14 տարեկանից սկսեցի նաեւ ստեղծագործել։ Առ այսօր հիշում եմ իմ «տառապանքը», որովհետեւ շատ նվիրված էի դաշնամուրին, բայց ուզում էի նաեւ ստեղծագործել, իսկ օրը չէր բավարարում։ Ստացվում էր՝ «դավաճանում էի» դաշնակահարիս, երբ ստեղծագործում էի ու այդ ժամերը կորցնում, իսկ դաշնամուր պարապելիս «խանդում էի», որ այդ ժամանակը չեմ օգտագործում գրելու համար։ Հետո զգացի, որ դա օգնություն է եւ ենթագիտակցաբար միմյանց հարստացնում է. կատարողի միջոցով ընդլայնում ես քո աշխարհը, ավելի ճկուն ես զգում երաժշտական նյութը, ինչն օգնում է քեզ, որպես կոմպոզիտոր։

Իսկ որպես ստեղծագործող, կատարվելիք գործն ընկալում ես կոմպոզիտորի ականջով։ Ես երկու կյանքով եմ ապրում. կոնսերվատորիայում դաշնամուրային ամբիոնի պրոֆեսոր եմ (իմ դասավանդման ընթացքում ունեցել եմ 18 դափնեկիր սան), երբ դուրս եմ գալիս շենքից, դառնում եմ կոմպոզիտոր։

Հիշում եմ, երբ ավարտեցի Մոսկվայի կոնսերվատորիան, ասպիրանտուրան (պրոֆ. Լեւ Վլասենկոյի դասարանը) եւ վերադարձա Երեւան, 26 տարեկան էի: Ձայնագրություններ արեցի, ամեն տարի մենահամերգներ էի տալիս ու… որոշեցի, որ ժամանակը շատ սուղ է, իսկ որակ ստանալու համար պետք է նվիրվել մեկ ուղղությանը. իբրեւ դաշնակահար ուղղակի «veto» դրեցի ինձ վրա ու չշարունակեցի: Առ այսօր կան մարդիկ, որ ինձ չեն ներում։ Ես չեմ ափսոսում… Իհարկե, կատարողը համահեղինակ է, բայց երբ ունես սեփական գործը (երեխային, բալիկին) ստեղծելու ոգեւորվածությունը, ապա՝ կատարող համահեղինակ լինելը երկրորդական է դառնում։

Ինձ հոգեհարազատ են եղել Դ. Սկարլատին (բարոկոն), Կ. Դեբյուսին, Մ. Ռավելը (իմպրեսիոնիզմը), ռուսական երաժշտության մեջ իմ կատարողական ընկալման աշխարհում չափազանց նշանակություն է ունեցել Ա. Սկրյաբինը։ Այն ժամանակ արտասահմանյան գրականությունը անհասանելի էր մեզ եւ լեզուներ տիրապետող Լեւ Վլասենկոն երաժիշտների, նրանց նամակների, ուսումնասիրությունների մասին հետաքրքիր բաներ էր պատմում։ Անհամեստություն չլինի, բայց քանի որ փաստ է, ասեմ։ Մոսկվայի կոնսերվատորիայի մասին ֆրանսիական հեռուստատեսությունը ֆիլմ էր նկարում։ «Իմ դասարանում Դեբյուսին բոլորից լավ դու ես նվագում, լավ կլիներ, որ ֆիլմում ֆրանսիական երաժշտություն հնչի»,- որոշել էր Լեւ Վլասենկոն։ Նկարահանեցին Կ. Դեբյուսիի «Ոսկե ձկնիկներ»-ի իմ կատարումը… Ես այդպես էլ չտեսա ֆիլմը, չլսեցի իմ տեսագրությունը։

Ի տարբերություն խանդոտ մյուս պրոֆեսորների, Լեւ Վլասենկոն չափազանց դեմոկրատ մանկավարժ էր։ Լինում էր, որ այս կամ այն վաստակաշատ կոլեգայի անունը տալով, ասում էր, որ այս մեկի մոտ ավելի ճշգրիտ, խորը, հոգեհարազատ, բնական ստացվում է կատարել կամ դասավանդել այս հեղինակին, այնինչի մոտ՝ մեկ այլ կոմպոզիտորին։ Լ. Վլասենկոն խոստովանում էր, թե ինչո՞ւ չստեղծել մի կոնսերվատորիա, որտեղ ուսանողը կարողանա Շոպեն անցնի «շոպենիստի» մոտ, մեկ այլ պրոֆեսորի մոտ անցնի Ֆ. Լիստ, մեկ ուրիշի մոտ՝ բարոկո կամ ժամանակակից երաժշտություն։ Ուսանողը տարբեր պրոֆեսորներից կունենար գիտելիքի փունջ ու կհարստանար։

Հարցազրույցներից մեկում Միշան (մենք միասին սովորել ենք եւ կարող եմ Միխայիլ Պլետնյովին այդպես դիմել) դաշնակահարների հետադարձ ժառանգական գիծ նշեց. Վլասենկո, Ֆլիեր, Իգումնով, Զիլոտի, Լիստ, Չեռնի, Բեթհովեն։ Ուրեմն, իմ նախա-նախահայրը Բեթհովե՜նն է։ Ի դեպ, այդ առումով դպրոց հասկացությունը ճիշտ չեմ համարում, որովհետեւ հերթական հաջորդ ներկայացուցիչն իր ներդրումով կարող է անցնել ու խախտել հաջորդական ընթացքը։ Հետեւաբար, չի նշանակում, որ ես որպես դաշնակահար Յ. Ֆլիերի դպրոցից եմ։ Լ. Վլասենկոյի նվագացանկից նույն գործը նվագելուց հետո, նա ինձ ասում էր. «Չեմ ուզում ցուցումներ տալ։ Քո նվագն ինձ համոզում է»:

Ոչ մի ստեղծագործող չի կարող բացատրել՝ ինչպես է ծնվում գործը: Լինում են պահեր, որ տանջվում ես, անընդհատ խմբագրում ես: Լինում է նաեւ, երբ ոչ մի հնչյուն չես փոխում, անգամ տարիներ հետո, եւ այդ գործերը դառնում են քո երջանիկ երեխաները: Դու կարող ես արտահայտել հոգեվիճակ, տեսարան, բայց խոսքով պարզաբանելը հասարակ ու պարզունակ է դարձնում. երաժշտությունն արժեզրկվում է: Հաճախ նույնիսկ հեղինակը չի կարող բացատրել. դա իմպուլս է, էմոցիոնալ էներգիա է, տրամադրություն է: Երաժշտությունը խոսքով մեկնաբանելը սխալ ու դժվար է եւ ինձ փրկում, ոգեւորում, իմաստավորում է հնչյունը։

Սուրեն Զաքարյանի կոմպոզիտորական ճակատագիրը փոխեց Ավետ Տերտերյանին նվիրված «Dedicatio»-ն։
Հնչյուն, արարում թեմայով շատ զրույցներ եմ ունեցել Ավետ Տերտերյանի հետ: Նա օրիգինալ մտածող անկրկնելի երեւույթ էր, ում հետ շփումը կհարստացներ յուրաքանչյուր մարդուն: Նա վախճանվեց «Dedicatio»-ի վրա աշխատելու ժամանակ եւ այդ գործը նվիրեցի նրան։ Այստեղ հնչում է իր նվիրած զանգակը՝ կրատալը: Նյու Յորքից դիրիժոր Ջոուել Սաքսը պատահաբար լսել էր լարային կվարտետը, Մոնոգրաֆը՝ թավջութակի համար, Dedicatio-ն (Նվիրում) ու հետաքրքրվել հեղինակով։ Դիրիժորը երկու անգամ իր նվագախմբով կատարեց Լինքոլն կենտրոնի համերգասրահում, ապա եղավ պատվեր ու ծնվեցին «Սգո կղզի»-ն, երկու Լեգենդները: Ստեղծագործությունները կատարվեցին ԱՄՆ-ի 7 նահանգների խոշոր քաղաքներում: Հաջողությունը մեծ էր, մամուլի արձագանքները՝ բարձր գնահատականով։

Սուրեն Զաքարյանի «Լեգենդ» գործի մեջ ասես խտացված է լռությունը։ Զարմանալի է՝ ինչպես է կոմպոզիտորն այն լսում այսօրվա աղմուկի մեջ։

Լռությունը պետք է կարողանալ լսել անգամ, եթե դու կատարող ես: Երաժշտությունը հնչյունից հնչյուն արանքում է, այդ ճեղքի մեջ է: Տեմպի բնույթից անկախ պետք է կարողանաս զգալ լռությունից ծնվող ամեն հնչյունը, անընդհատ պատկերացնել նկարելու, գրելու համար քո առջեւ դրված սպիտակ թուղթը, պետք է անընդհատ լինի զրոյական վիճակը, եւ այդ դեպքում աղմուկը չի ստեղծի լսողական, հնչողական խուճապ։

Երբ ստեղծագործում ես ու թվում է՝ հոյակապ է ստացվում, երաժշտական նյութը քեզ առաջ է տանում, այդ րոպեներին դու ոգեւորության ալիքի վրա ես, քո արածից հրճվանքի ժամեր ես ապրում – դա է ամենամեծ երջանկությունը, հատկապես, երբ գործը հասնում է կատարմա՜ն (Ս. Զաքարյանը խորքից «ա՜» է բացականչում), պետք է հասցնել ստանալ այն, ինչը քո ներքին լսողությամբ ուրիշ բան է քեզ ասում, դա արդեն նյարդային տառապանք է: Ընդհանրապես, դեմք ստեղծելու համար ստեղծագործողը պետք է կրկնվի (լավ իմաստով): Պետք է կարողանաս հավատարիմ լինել ինքդ քեզ, եթե քո հայացքներն անընդհատ նետում ես չորս կողմը, չես ընկալվում:

1990-ականներին անկախ Հայաստանին առաջին միջազգային հաղթանակ բերած գործը Սուրեն Զաքարյանի Ջութակի կոնցերտն էր։
Պոզնանի Վենյավսկու անվան մրցույթին ներկայացրած ստեղծագործությունը առաջինն էր 25 երկրի 156 գործերի շարքում: Նախեւառաջ սա փաստ էր, որ դժվար, ճգնաժամային տարիներին իմ Հայրենիքում ստեղծագործում են, գոյություն ունի Հայաստան, որտեղ ստեղծվում է ժամանակակից երաժշտություն, զարգանում է ստեղծագործական միտքը, գնում է առաջ, ապրում է: Կոնցերտը երկու անգամ հնչել էր լեհ երաժիշտների կատարմամբ, բայց ձայնագրությունն այդպես էլ չի հասնում շրջափակված երկիր: Ներքին լսողությամբ այնքան եմ լսել, որ չէի էլ ուզում գտնել այդ ձայնագրությունը. վախենում եմ հիասթափվել։ Ինչպես Էռնեստ Հեմինգուեյն էր ասել. «Մի վերադարձի այնտեղ, որտեղ մեկ անգամ արդեն երջանիկ ես եղել»:

Հարցազրույցի վերջում հնչած խոսքերն այսօր՝ Սուրեն Զաքարյանի երկրային կյանքի հրաժեշտի ժամանակ առանձնահատուկ պատգամի ձեւով են լսվում։

Փորձիր քո մեջ եղած տիեզերքը զգալ, կարողանալ վերլուծել: Փորձիր ինքնամաքրվել՝ լինել անմիջական, անկեղծ, ազնիվ, այսպես գնում, հասնում ենք քրիստոնեական բոլոր արժեքներին: Ընդունված է ասել, որ վերջին շնչի պահին շատ արագ մտքով, աչքով անցնում է քո կյանքը: Եթե դա իրոք այդպես է, մտածում եմ՝ միլիոնավոր մարդիկ շատ բաների համար ափսոսացել են՝ մտածելով, որ իր կյանքը երկրորդ անգամ այլ կերպ կապրեին, բայց արդեն ուշ է: Այդ զայրույթից, թե քեզ մնացել է մի քանի րոպե, կարող ես սրտի կաթվածից ավելի շուտ մահանաս… բոլոր դեպքերում, մենք մեր կյանքում ունենում ենք սխալներ, փոխվում ենք, հետո նոր սխալներ ենք գործում:

Շնորհակալ եմ Աստծուն, որ ընդհանրապես գոյություն ունեմ: Կարող էի չծնվել. չէ՞ որ մի անվերջություն չեմ եղել, մթություն է եղել: Ես ծնվե՜լ եմ, գրողը տանի. կարող եմ տեսնել կապույտ երկինք, երգող թռչուններ, կարող եմ ստեղծագործել… Հասցրու ասել «շնորհակալություն» եւ ջերմացնել քո շրջապատին, ուրախանալ, որ Աստված քեզ մեկ օր եւս պարգեւեց: Իսկ դժգոհությունը, փնթփնթոցը բերում է չարության: Մարդիկ պետք է կարողանան ազատվել դրանից, ամեն մեկը պետք է իրենից սկսի: Այդպես հաջորդաբար ինքնամաքրվելով կպարզվի, որ մեր ծնողը՝ երկրագունդը կարող է շատ ավելի մաքրվել:

Իմ համոզմունքն է, որ ակադեմիական երաժշտությունը նեղ շրջանի համար է, այն մասնակցություն է պահանջում: Լսում ես այնպես, ինչպիսին դու ես, ինչքան ի վիճակի ես ընկալել՝ երկու հոգի նույն գործը տարբեր կերպ է ըմբռնում: Այստեղ կարեւոր է քո եւ կատարողի (չասեմ՝ հեղինակի) համագործակցությունը: Դա պրոցես է, որը ակադեմիական երաժշտության արժեքն է: Այն եղել է, կա եւ կմնա: Թող բոլոր արարման պահերը բերեն ինքնամաքրման…

Օլյա ՆՈՒՐԻՋԱՆՅԱՆ
երաժշտագետ

«Առավոտ» օրաթերթ
25.03.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031