Սկիզբը՝ այստեղ
Ստեփանակերտն՝ ընդդեմ Ալիեւի
Մինչ հետպատերազմյան Հայաստանում մեկնարկում է նախընտրական պայքարը ու թվում էր, թե քաղաքական ուժերը պետք է ներկայացնեին Արցախի ու Հայաստանի անվտանգության պահպանման, առհասարակ, տարածաշրջանային կայունության հասնելու իրենց տեսլականը, ականատես ենք դառնում լիովին հակառակ պատկերի…
Արցախը, խոշոր հաշվով, ոչ մեկին չի հետաքրքրում, մնացել է ինքն իր խնդիրների հետ մեկուսացած: Արցախի իշխանությունները դիմագրավում են նոր իրադրությանը՝ կռիվ տալով, այսպես ասած՝ թե դիվանագիտական ճակատում, թե իրենց անվտանգության պահպանման հարցերն են փորձում լուծել:
Կարդացեք նաև
Օրերս Շուշիի հայ բնակչության ջարդերի տարելիցի կապակցությամբ Արցախի արտգործնախարարությունը արձանագրեց, որ Շուշին եղել է, կա եւ կմնա Արցախի անբաժան մասը: «Շուշիի ցեղասպանությունը արհեստականորեն ստեղծված «Ադրբեջան» կոչվող պետության՝ Արցախի նկատմամբ զավթողական քաղաքականության առաջին դրսեւորումն էր: Այդ հրեշավոր հանցագործության արդյունքում հազարավոր հայեր սպանվեցին, տասնյակ հազարավորներ ստիպված եղան լքել քաղաքը, ոչնչացվեց հայկական մշակութային ժառանգությունը, թալանվեց մարդկանց ունեցվածքը, պղծվեցին սրբավայրերը», – ասված էր հայտարարությունում։
Նախարարությունը ընդգծել է, որ նման մարդատյաց գործողությունների շարունակությունը դարձավ 1988-ից ի վեր հայ ժողովրդի դեմ Ադրբեջանի կողմից պետական մակարդակով իրականացվող հայատյաց քաղաքականությունը, որն ուղեկցվում էր ճնշումներով, էթնիկ զտումներով եւ կոտորածներով: «Այն հանգամանքը, որ Բաքվի եւ Անկարայի ցեղասպան քաղաքականությունն այդպես էլ չարժանացավ միջազգային հանրության համարժեք գնահատականին, իսկ ոճրագործները մնացին անպատիժ, պատճառ դարձավ, որ Ադրբեջանը, Թուրքիայի աջակցությամբ եւ միջազգային ահաբեկիչների ներգրավմամբ, 2020թ. սեպտեմբերի 27-ին նոր ագրեսիա սանձազերծի Արցախի դեմ՝ դավադրաբար տիրանալով հայոց բերդաքաղաք Շուշիին, – նշել է նախարարությունը՝ հավելով՝ արցախահայությունը երբեք չի հաշտվի Շուշիի կորստի հետ,- Շուշին եղել է, կա եւ կմնա Արցախի անբաժան մասը։ Կարվի առավելագույնը Արցախի գրավյալ տարածքների դեօկուպացիայի եւ պատմական արդարության վերականգնման համար»։
Ավելի վաղ, Արցախի ԱԳՆ-ն Ալիեւի «այցերն Արցախի օկուպացված տարածքներ Ադրբեջանի հետագա ագրեսիվ պլանների մարմնավորում» որակեց: Բացարձակ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելով ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության տեւական կարգավորմանն ուղղված շարունակական ջանքերի նկատմամբ՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն իր տիկնոջ՝ Ադրբեջանի առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիեւայի եւ այլ բարձրաստիճան պաշտոնատար անձանց ուղեկցությամբ, այցելել է Արցախի օկուպացված Հադրութի շրջան, մարտի 19-ին հայտարարեց ԱԳՆ-ն՝ ընդգծելով՝ այցի ժամանակ Ալիեւն անձամբ հանձնարարել է իրեն ուղեկցող պաշտոնյաներին ջնջել միջնադարյան հայկական արձանագրություններն օկուպացված տարածքներում գտնվող եկեղեցիների եւ հուշարձանների պատերից։ «Նման պաշտոնական այցերն Ադրբեջանի հայատյաց ու ռազմատենչ քաղաքականության, ինչպես նաեւ հետագա ագրեսիվ պլանների մարմնավորումն են»,- նշում էր Արցախի ԱԳՆ-ն:
Նախարարությունը հավելում էր, որ Արցախը բազմիցս տեղեկացրել է միջազգային հանրությանն Ադրբեջանի կողմից պետական մակարդակով իրականացվող մշակութային ահաբեկչության, նրա ռազմական օկուպացիայի տակ գտնվող տարածքներում հայկական մշակութային ժառանգության ոչնչացման, ցեղասպանական ծավալապաշտական քաղաքականության կոպտագույն առաջմղման մասին: «Անգործությունն ու անտարբերությունը կարող են անկանխատեսելի հետեւանքներ ունենալ», – ասված է Արցախի ԱԳՆ-ի հայտարարությունում:
ԼՂԻՄ-ի նախկին սահմանները վերականգնվելու են, վստահեցնում է Վիտալի Բալասանյանը
Մարտի 22-ին Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձավ համառորեն շրջանառվող այն տեղեկություններին, որ Հայաստանն Արցախից հանում է իր ռազմական ստորաբաժանումները եւ այլեւս զորակոչիկներ չի ուղարկելու Արցախ։
Վիտալի Բալասանյանը փաստեց, որ Հայաստանից դեպի Արցախ ներկայումս զորակոչ չկա, սակայն հավելեց, որ Արցախի բանակը համալրվում է պայմանագրային զինծառայողներով, հետեւաբար Արցախի ԶՈՒ-ն քանակական եւ որակական առումներով պահպանվելու է։ Ըստ նրա` իրականությունից շատ հեռու է այն տեղեկությունը, որ Հայաստանն իր ստորաբաժանումները հանում է Արցախից։ «Ցանկացողները կարող են գալ Արցախ, գրանցվել որպես ԱՀ քաղաքացի եւ ծառայել Պաշտպանության բանակում։ Ռուսաստանի խաղաղապահ ուժերը գտնվում են այստեղ եւ խնդիր ունեն թույլ չտալ, որ լինի երկկողմանի ոտնձգություն, բայց դրան զուգահեռ Արցախի բանակի կառուցվածքային փոփոխությունների գործընթացը մեկնարկել է, համալրումը սկսված է։ Արցախի բանակն ի զորու կլինի վարել պաշտպանական մարտեր»,-նշեց Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղարը։
Բալասանյանի գնահատմամբ` քանի որ արդեն աշխարհաքաղաքական նոր իրողություններ են ի հայտ եկել, ուստի Արցախին անհրաժեշտ է պրոֆեսիոնալ հիմունքներով բանակ, թեեւ ժամկետային զինծառայության տարբերակն էլ, ըստ նրա, ուժի մեջ է։ Բալասանյանի խոսքով` Արցախի ԶՈՒ պահեստազորում կան անհրաժեշտ թվաքանակով մարդիկ, ովքեր կհամալրեն բանակը, որն էլ կկատարի իր առջեւ դրված մարտական խնդիրները. «Արցախյան հիմնախնդիրը դեռ լուծված չէ, բանակցություններ չեն ընթանում։ Ավելի քան վստահ եմ, որ առնվազն Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի նախկին սահմանները վերականգնվելու են. Արցախը երբեւէ Ադրբեջանի կազմում չի լինելու, այլ քաղաքական ճանապարհով լինելու է որպես սուբյեկտ։ Եթե Ադրբեջանը փորձի կրկին ոտնձգություն իրականացնել Արցախի հանդեպ, մենք համարժեք պատասխան կտանք»։
Բալասանյանն այսպես էր ամփոփել խոսքը՝ բոլոր պատերազմներն ունեն սկիզբ եւ ավարտ, սակայն Ադրբեջանը չի հասկացել ու չի հասկանում, որ Արցախի հարցը երբեք չի կարողանալու լուծել ռազմական ճանապարհով։ Ըստ նրա` արցախյան կողմը միշտ պատրաստ է բանակցային սեղանի շուրջ քննարկել ցանկացած հարց, բայցեւայնպես իրենք տարածքներ չեն հանձնելու, որովհետեւ առեւտրի ենթակա տարածքներ չունեն։
Նկատենք, որ ավելի վաղ, մարտի կեսերին Արցախի ԱԽ-ն հայտարարեց, որ Արցախի Հանրապետությունը շարունակելու է ունենալ զինված ուժեր։ Արցախի Հանրային հեռուստաընկերության եթերում Վիտալի Բալասանյանն ասել էր. «Երբեւիցե որեւէ մեկի մտքով չանցնի, թե Արցախը չի ունենալու զինված ուժեր։ Արցախը ունեցել է, ունի եւ ունենալու է զինված ուժեր՝ ավելի մարտունակ, ավելի մոբիլ»։ Բալասանյանն ընդգծել էր, որ Արցախը մնալու է հայկական սուբյեկտ. «Վստահ եմ, որ Հայաստանի Հանրապետության հետ ունենալու ենք մեկ միասնական «Արմենիա»»։
HRW-ը հայ գերիների խոշտանգումները գնահատեց որպես պատերազմական հանցագործություն
Անցյալ շաբաթ կարեւոր էր Human Rights Watch (HRW) իրավապաշտպան հեղինակավոր կազմակերպության գնահատականը, ըստ որի՝ հայ ռազմագերիների խոշտանգումները համարվեցին պատերազմական հանցագործություններ։ «Դաժան վերաբերմունքը, այդ թվում` հայ զինվորների խոշտանգումները, նողկալի են ու հանդիսանում են պատերազմական հանցագործություն»,- նշեց կազմակերպության եվրոպական ու Կենտրոնական Ասիայի բաժնի տնօրեն Հյու Ուիլյամսոնը՝ հավելելով, որ խորը անհանգստություն է առաջացնում այն փաստը, որ անհետ կորած մի շարք հայ զինվորներին վերջին անգամ տեսել են ադրբեջանական բանտում, բայց նրանց մասին որեւէ հաշվետվություն ստանալը ձախողվել է։
Իրավապաշտպանների խումբն ուսումնասիրել է ավելի քան երկու տասնյակ տեսանյութեր, զրուցել վերադարձված ռազմագերիների, ինչպես նաեւ այն զինծառայողների ընտանիքների անդամների հետ, որոնք երեւում են տեսանյութերում, բայց մինչեւ հիմա Ադրբեջանը նրանց չի վերադարձրել։ Human Rights Watch-ը զրուցել էր 4 նախկին ռազմագերիների հետ, եւ ըստ նրանց նկարագրության՝ ադրբեջանական բանտում ենթարկվել են երկարատեւ ու պարբերաբար կրկնվող ծեծի։ Նրանցից մեկին խոշտանգել են մետաղե սուր ձողով, մյուսին` էլեկտրական հոսանքով, երրորդի վկայությամբ՝ բազմաթիվ անգամ իրեն այրել են կրակայրիչով։ Կազմակերպությունն արձանագրել էր, որ նրանք պահվել են արժանապատվությունը նսեմացնող պայմաններում։ Իրավապաշտպան կազմակերպությունը Ադրբեջանի իշխանություններին կոչ էր արել հետաքննել հայ գերիների հանդեպ վատ վերաբերմունքի բոլոր պնդումները ու մեղավորներին ենթարկել պատասխանատվության։
Մտահոգություն հայտնելով, որ Ադրբեջանում դեռ գերության մեջ պահվող ռազմագերիները գտնվում են հետագա բռնությունների ռիսկի տակ, HRW-ը Ադրբեջանի իշխանություններին կոչ է արել ապահովել գերեվարվածների լիակատար պաշտպանությունը մարդու իրավունքների միջազգային նորմերին ու հումանիտար օրենքներին համապատասխան` այդ թվում բացառելով վատ վերաբերմունքն ու խոշտանգումները։ Կազմակերպությունը հայտարարել է, որ Ադրբեջանը պետք է անհապաղ ազատ արձակի բոլոր ռազմագերիներին ու քաղաքացիական անձանց, ինչպես նաեւ տեղեկատվություն տրամադրի նրանց մասին, ում վերջին անգամ տեսել են ադրբեջանական բանտերում։
Ադրբեջանը շարունակում է միջազգային մարդասիրական իրավունքի խախտումները, hայտարարել է Հայաստանի արտգործնախարարության խոսնակ Աննա Նաղդալյանը՝ մեկնաբանելով HRW վերջին զեկույցը։ Նա ընդգծել էր՝ HRW փաստագրել է հայ ռազմագերիների նկատմամբ իրականացված լայնածավալ պատերազմական հանցագործությունները։ «Սա վկայում է մեծածավալ բռնի անհետացումների բարձր հավանականության մասին ոչ միայն զինծառայողների, այլեւ գերեվարված քաղաքացիական անձանց շրջանում»,- նշել էր Աննա Նաղդալյանը՝ պնդելով՝ հրադադարի հաստատումից չորս ամիս անց հայ ռազմագերիների եւ քաղաքացիական պատանդների շարունակվող գերությունն ակնհայտորեն ի ցույց է դնում, որ Ադրբեջանը շարունակում է միջազգային մարդասիրական իրավունքի խախտումները: «Ելնելով այն հանգամանքից, որ հայ ռազմագերիների նկատմամբ դաժան վերաբերմունքը եւ խոշտանգումները վկայում են դրանց համակարգված բնույթի մասին՝ հայ ռազմագերիների շարունակվող գերությունը, վերջիններիս նկատմամբ նվաստացուցիչ վերաբերմունքը եւ խոշտանգումները կարող են հավասարազոր լինել մարդկության դեմ հանցագործություններին»,- հավելել էր Նաղդալյանը։
Մարտի 23-ին եվրախորհրդարանականները Ադրբեջանից պահանջեցին անհապաղ ազատ արձակել բոլոր հայ գերիներին։ Եվրոպական խորհրդարանի Հարավային Կովկասի հետ հարաբերությունների պատվիրակության ղեկավար Մարինա Կալյուրանդը, Հայաստանի հարցով հիմնական զեկուցող Անդրեյ Կովաչեւը, Ադրբեջանի հարցով հիմնական զեկուցող Ժելյանա Զովկոն համատեղ հայտարարություն էին տարածել։ «Մենք լրջորեն անհանգստացած ենք Ադրբեջանում հայ գերիների նկատմամբ դաժան վերաբերմունքի մասին բազմաթիվ պնդումներով, որոնք փաստագրված են, մասնավորապես, Human Rights Watch-ի վերջին զեկույցում», – ասված էր հայտարարությունում:
Նրանք կոչ էին արել Ադրբեջանի իշխանություններին՝ հետաքննել բոլոր մեղադրանքներն ու պատասխանատվության ենթարկել մեղավորներին: «Անհրաժեշտ է ապահովել միջազգային մարդասիրական իրավունքի լիարժեք պաշտպանությունն ու արգելել խոշտանգումները, արժանապատվությունը նվաստացնող եւ այլ անմարդկային վերաբերմունքը: Ցավում ենք, որ Ադրբեջանի կառավարությունը չի կատարել ՄԻԵԴ-ի միջանկյալ միջոցը, որը պարտավորեցնում էր Ադրբեջանին տեղեկատվություն տրամադրել պահվող անձանց պահման պայմանների, նրանց առողջական վիճակի, ինչպես նաեւ նրանց վերադարձի համար ձեռնարկվող միջոցների մասին», – ասված է համատեղ հայտարարությունում: Նրանք եւս մեկ անգամ կոչ են արել Ադրբեջանին՝ անհապաղ ազատ արձակել բոլոր հայ ձերբակալվածներին՝ 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրի դրույթների համաձայն։
Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ, 25.03.2021