Լրահոս
Օրվա լրահոսը

Եվրոպացի արվեստագետների նախանձից մինչեւ հայաստանյան մշակութային դիվանագիտություն եւ Երեւանի օպերային թատրոնի նախաձեռնություններ

Մարտ 26,2021 13:00

Հարցազրույց Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավարի տեղակալ Մկրտիչ Բաբաջանյանի հետ

– Պարոն Բաբաջանյան, օրերս եք վերադարձել Գերմանիայից, ու թեեւ արտասահմանյան մամուլից տեղեկացված ենք, որ հասկանալի պատճառով շարունակվում է, ուղիղ ասած՝ մշակութային կյանքի մեռած վիճակը, այդուհանդերձ, կուզեինք որպես ականատեսի՝ ձեզանից լսել այդ մասին։ Լայն ընթերցողին հիշեցնենք, որ 20 տարի ապրել եւ բեմ եք բարձրացել եվրոպական օպերային թատրոններում, 2018թ. վերադարձել հայրենիք ու մեկուկես տարի է՝ պաշտոնավարում եք Երեւանի օպերային թատրոնում։

– Իսկապես, շատ տխուր է վիճակը Եվրոպայում, մասնավորապես՝ Գերմանիայում։ Պատկերացնո՞ւմ եք՝ ընդամենը մեկ թատրոնում՝ Շվեդին քաղաքի օպերայում է, որ ուղղակի սկսել են Վերդիի «Մակբեթի» նախապատրաստական աշխատանքները։ Բնականաբար, թե՛ Գերմանիայում եւ թե՛ եվրոպական այլ երկրներում ունեմ մտերիմ արվեստակից ընկերներ, որոնք բառի իսկական իմաստով՝ մեկ տարի նստած տանը տառապում են։ Ասեմ նաեւ, որ եվրոպական քիչ թատրոններ են օնլայն աշխատում։ Մի կողմից շատ խիստ են համավարակի դեմ կանոնները, մյուս կողմից՝ աննկարագրելի մեծ է վախը արվեստագետների շրջանում։ Գիտե՞ք, երբ կոլեգաներիս ասում են, թե Երեւանի օպերային թատրոնում ընթանում են փորձեր, ներկայացումներ, իհարկե՝ կանոնները պահպանելով, նրանք բառի իսկական իմաստով մի տեսակ նախանձով են լսում։ Իսկապես շատ տխուր է վիճակը ե՛ւ մշակութային օջախների, ե՛ւ օպերային ու բալետային փառատոների մասով՝ ոչ միայն Եվրոպայում, այլ նաեւ աշխարհում։ Հավելեմ նաեւ, որ թատրոնների արտիստները համավարակի ողջ ընթացքում աշխատավարձ չեն ստացել եւ երբ նրանց փոխանցեցի, որ մեզ մոտ վարձատրվել են, նրանց նախանձը կրկնապատկվեց (ժպտում է)։

– Նշեցիք, որ եվրոպացիները քովիդի պատճառով ահուսարսափի մեջ են, բայց վերջերս ֆիլհարմոնիկի հրավերով Երեւանում էր աշխարհահռչակ ջութակահարուհի Իզաբել Ֆաուստը։ Օպերային թատրոնը չի՞ պատրաստվում երգիչների կամ դիրիժորների հրավիրել, թեեւ մեզ մոտ բոլոր ոլորտներում ճգնաժամ է։

– Քովիդից վախը աննկարագրելի է հատկապես վոկալիստների շրջանում։ Իհարկե, այդ մասին ես զրուցել եմ ճանաչված շատ օպերային երգիչների, այդ թվում՝ աստղերի հետ, օրինակ՝ իմ լավ բարեկամ, գերմանաբնակ մեքսիկացի, ճանաչված բարիտոն Խոզե Լագունեսը պատրաստակամություն հայտնեց բեմ բարձրանալ Երեւանի թատրոնում, բայց հետո ասաց՝ բա որ հանկարծ ճանապարհները փակվե՞ն… Ասեմ, որ կոնկրետ Գերմանիայում սկսվել են պատվաստումները եւ երաժիշտները սպասում են դրանք ստանալուն, որպեսզի հյուրախաղերի մեկնեն։

– Եկեք կենտրոնանանք Գերմանիայի մշակութային դաշտին։ Գերմանիայի պառլամենտը գործուն մասնակցություն է ունենում երկրի թատերական կյանքի ձեւավորման ու աջակցման գործում, հատկապես պարբերաբար կրկնվող ճգնաժամերի դեպքերում, երբ, օրինակ՝ ֆինանսական աջակցության խնդիրը վերածվում է նույնիսկ լինել-չլինելու հարցի։ Հայտնի դեպքերից է, երբ ֆինանսական ճգնաժամի պատճառով երկու տարբեր քաղաքների արդեն փակվող թատրոնները երկրի պառլամենտի նախաձեռնությամբ միավորվեցին…

– Գերմանիայում գործում է 73-74 թատրոն եւ հիմնականում օպերային թատրոնները, որոնք թանկ հաճույք են ցանկացած, նույնիսկ հզոր պետության համար, ֆինանսավորվում են պետբյուջեից։ Դե, հզոր երկիր է Գերմանիան։ Հավելեմ, որ այնտեղ գործում են բազմաթիվ երաժշտական կոլեկտիվներ, այդ թվում՝ նաեւ ռադիոյի ու հեռուստատեսության համակարգում, ու դարձյալ սնվում են պետբյուջեից…

– Մեզ մոտ տարիներ շարունակ խոսվում է այն մասին, թե, ասենք՝ բեմից հեռանալուց հետո ինչով պետք է զբաղվեն երգիչները, բալետի արտիստները։ Գիտենք, որ նույն Գերմանիայում, երբ բալետի արտիստը թողնում է բեմը, պետությունը նրան անվերադարձ հատկացնում է գումար՝ երկրորդ մասնագիտություն ստանալու համար, մեկ պայմանով՝ որ մասնագիտացումից հետո արտիստը պետք է աշխատի իր երկրում։ Իսկ մեզ մոտ, գոնե «Առավոտը» շուրջ 20 տարի հարցազրույցների, հոդվածների եւ այլ ձեւաչափերով դիմում է ԱԺ-ին, թե ինչպես կարելի է բալետի արտիստը թոշակի անցնի ընդհանուր հիմունքներով։ Եվ մինչեւ այսօր որեւէ փոփոխություն չկա։

– Գերմանիայում, երբ արտիստը 14 տարի անընդմեջ աշխատում է նույն թատրոնում, նա այլեւս չի մասնակցում ժամանակ առ ժամանակ անցկացվող ատեստացիաներին։ Իսկ բեմից հեռանալուց հետո արտիստներին թատրոնում առաջարկվում է այլ աշխատանք, օրինակ՝ հուշարար, ռեժիսորի օգնական եւ այլն։ Իսկ ինչ վերաբերում է մեր բալետի արտիստների՝ ընդհանուր հիմունքներով թոշակի անցնելուն, օրենքը պետք է անհապաղ վերանայվի, փոխվի։

– Օրերս մեր ԱԳՆ-ում անդրանիկ նիստով կայացավ Մշակութային դիվանագիտության հանձնաժողովի մեկնարկը։ Նախարար Արա Այվազյանն իր խոսքում ասաց. «Մենք հիմա շատ դժվար ժամանակներ ենք ապրում։ Հայաստանն այսօր՝ ավելի քան երբեւէ, պետք է շատ ակտիվացնի իր ներգրավվածությունը միջազգային ասպարեզում։ Մշակույթի միջոցով մենք պետք է նոր ըմբռնում, նոր հնչեղություն տանք Հայաստանին միջազգային ասպարեզում։ Կարծում եմ, որ բոլորը պետք է հավակնություն ունենան արվեստի, մշակույթի միջոցով հասնել այն նպատակին, որպեսզի Հայաստանը միջազգային ասպարեզում ընկալվի որպես մեր տարածաշրջանի մշակութային կենտրոն։ Մենք դա կարող ենք անել»։ Նախարարի այս խոսքից հետո մեզ հետ զրուցած ճանաչված արվեստագետներից շատերը հատկապես նշելով նախարարի հնչեցրած այն միտքը, թե մշակույթը դիվանագիտական գործիքակազմի մեջ թերեւս ամենաարդյունավետ զենքն է, ողջունեցին այն, հատկապես շեշտելով, թե վերջապես մեր երկրում գտնվեց մի կառույց, որը կարեւորեց, արժեւորեց մշակույթն ու նրա մշակներին։ Կուզեինք լսել ձեր տեսակետը։

– Անխոս, ողջունելի է ԱԳՆ-ի մակարդակով նման հանձնաժողովի ստեղծումը եւ կասկած չունեմ, որ մշակութային դիվանագիտությունը ոչ թե մեծ, այլ գլխավոր դերակատարում կունենա միջազգային ասպարեզում։ Իմ անունից կարող եմ հավաստիացնել, որ միջազգային բեմերում իսկապես մեծ համբավ ունեն հայաստանցի օպերային երգիչները, ինչպես նաեւ՝ բալետի արտիստները։

– Գանք Երեւանի օպերային թատրոն։ Ձեզ ենք փոխանցում հանդիսատեսի դիտարկումը, թե վերջին շրջանում թատրոնում ցուցադրվում է միայն «Անուշ» օպերան, ընդ որում՝ ապրիլի 3-ին էլ է այն դրված, մինչդեռ մեկը մյուսին հաջորդում են բալետային ներկայացումները՝ «Ժիզել», «Չիպոլինո», «Դիմակահանդես»…

– Նախ շնորհակալ եմ մեր հանդիսատեսին՝ նման վերաբերմունքի համար։ Պատճառը մեկն է, այն կապված է բեմի տեխնիկական խնդիրների հետ։ Ամենամոտ ժամանակում այդ խնդիրը կլուծվի, քանի որ թատրոնը ձեռք է բերել բեմի մեխանիկական համակարգի անխափան աշխատանքի համար սարք եւ արդեն ընթացքի մեջ է մեր եւ ավստրիական ճանաչված Wagner Byro ընկերության աշխատակիցների օնլայն կոնսուլտացիոն գործընթացը։ Իսկ խաղացանկում մենք ունենք շուրջ 10 օպերային ներկայացում, Չուխաջյանի «Արշակ Բ»-ից մինչեւ Մոցարտի «Կախարդական սրինգ», Բիզեի «Կարմեն», Ռախմանինովի «Ալեկո», Վերդիի «Աիդա», «Տրուբադուր», չմոռանամ նշել Սպենդիարյանի «Ալմաստը», հետո՝ «Ճանապարհորդություն դեպի Ռեյմս»։ Կրկնում եմ՝ տեխնիկական խնդիրը լուծելուց հետո մենք արդեն ապրիլին նախատեսել ենք «Կարմեն» օպերան, Շորի «Բյուրեղապակյա դղյակ» բալետը, այնուհետեւ Վերդիի «Տրավիատա», Պուչինիի «Տոսկա» օպերաները կվերականգնենք։ Թատրոնի ողջ կոլեկտիվը անհամբեր սպասում է Վերդիի «Աիդային» եւ այլն։ Իսկ մայիսին կներկայացնենք Լեոնկավալոյի «Պայացները», որը 1997թ. բեմադրել էր Տիգրան Լեւոնյանը, աշխատանքները վստահված են ռեժիսոր Մարինե Սարգսյանին։ Ես էլ այդ ներկայացման երաժշտական ղեկավարն ու բեմադրող դիրիժորն եմ։ Տեղեկացնեմ նաեւ, որ ունենք օպերաների համերգային կատարումների պրեմիերաներ, այդ թվում՝ Մասկանիի «Գեղջկական ասպետություն», Դոնիցետիի «Սիրո ըմպելիք» եւ Վերդիի «Օթելլո»։ Վերականգնում ենք նաեւ Յուրի Գրիգորովիչի խորեոգրաֆիայով «Սպարտակ» բալետը եւ այդ նպատակով Երեւան ենք հրավիրել մեծանուն խորեոգրաֆի ասիստենտին՝ Ռուսլան Պրոնինին։

– Կուզեինք ճշտել՝ թվարկածը ա՞յս տարվա ծրագրերն են։

– Ոչ, ոչ։ Եթե ամեն ինչ լավ ընթանա՝ խոսքը համավարակի մասին է, ապա դա ընթացիկ թատերաշրջանի մասին է։

– Մեր երկրում նաեւ ֆինանսական ճգնաժամ է…

– Հարցը հասկացա։ Թատրոնը ընտանիքի նման մի բան է, եւ եթե խելացի գտնվես՝ դուրս կգաս ստեղծված իրավիճակից։ Պետք է տնտեսենք, ինչպես դա երբեմն պատահում է ընտանիքում։ Օրինակ, նշեցի, որ նախաձեռնել ենք «Պայացներ»-ի բեմադրությունը եւ այդ առիթով վերցրել ենք նախկին բեմադրության կոստյումները եւ, այսպես ասած՝ նորացնում ենք դրանք։

Զրուցեց
Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ
25.03.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031