Հարցազրույց ժամանակակից գրող, սցենարիստ Արփի Ստեփանյանի հետ
– Ինչպե՞ս սկսվեց ձեր ստեղծագործական կյանքը։
– Դպրոցում շարադրություններ գրելով։ Ինքս ինձ համար բացահայտեցի, որ սեփական թեմաներ էլ ունեմ, որոնց մասին կարելի է գրել։
– Հիշո՞ւմ եք ձեր առաջին ստեղծագործությունը:
– Առաջին բանաստեղծությունս եմ հիշում՝ տուն դարձած սիրո մասին։
– Ինչպե՞ս գրվեց այն:
– Առանց իմ իմացության։ Ինչ-որ ապրումների ու երաժշտության ազդեցության տակ։
– Ի՞նչ է պետք ձեզ գրելու համար:
– Ես լինեմ՝ հերիք կլինի (ժպտում է- Ռ. Մ.):
– Ինչի՞ մասին երբեք չեք խոսի:
– «Երբեք» բառը չեմ սիրում, բայց շատ դժվարությամբ եմ խոսում էն ամենի մասին, ինչից քիչ եմ գլուխ հանում։
– Ինչի՞ց կամ ումի՞ց եք ոգեշնչվում:
– Քաղաքում քայլելը միշտ օգնում է, միջանցիկ քամիները մտքեր են բերում իրենց հետ։ Ու իհարկե՝ մարդիկ, մարդիկ, մարդիկ։ Ինձ համար ոգեշնչում գոյություն չունի։
– Եթե ստիպված լինեիք ձեր գործերը փրկել թրջվելուց, ո՞րը կփրկեիք եւ ինչո՞ւ:
– Բացարձակ ոչ մեկը. միայն ու միայն դատարկ թղթերը։
– Ո՞րն եք համարում ձեր գլխավոր ձեռքբերումը:
– Ուղղակի բախտավոր եմ ու գնահատում եմ էն ամենը, ինչ ունեմ. կարծում եմ՝ հիմա ճանապարհ եմ ստեղծում դեպի ձեռքբերումներ։
– Հայաստանում ի՞նչ դժվարությունների եք հանդիպել գրական կյանքում:
– Դե դասական ու դարեդար եկած խնդիրները՝ աշխատանք չգտնելը ոլորտում, ցանկությունը՝ անել ու փոխել ինչ-որ բան, բայց գրական աշխարհի «ավելի բարձր» մարդկանց ճնշումները, քոնը ստեղծել ցանկանալու ու հնարավորություն չունենալու խնդիրները։ Կարծում եմ՝ աշխարհում է էդպես, ոչ միայն այստեղ։
– Առաջիկայի համար ի՞նչ ծրագրեր ունեք:
– Ապրել ու ստեղծել, շա՜տ…
Զրուցեց
Ռիտա ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆԸ
«Առավոտ» օրաթերթ
25.03.2021