Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Եթե այս ամսում զորավարժություն է, դա չի նշանակում, թե հաջորդ ամսում կլինի պատերազմ»

Մարտ 26,2021 15:00

Ադրբեջանի զինված ուժերը մարտի 15-18-ը օպերատիվ-մարտավարական զորավարժություններ անցկացրին՝ 10 000 զինծառայողների, շուրջ 100 զրահամեքենաների, մինչեւ 200 հրթիռային եւ համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի եւ ականանետների, մինչեւ 30 միավոր ռազմական ավիացիայի, ԱԹՍ-ների ներգրավմամբ։

Razm.info մասնագիտացված կայքի վերլուծաբան Հայկ Խաչիկյանի խոսքով՝ եթե այս զորավարժությունները համեմատենք վերջերս՝ փետրվարին Կարսում անցկացված թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժությունների հետ, ապա ակնհայտ է՝ դրանք տարբերվում են մի քանի շերտերով։ «Նախ, տրամաբանությունն է տարբեր։ Սրանք, ի տարբերություն Թուրքիայի հետ համատեղ զորավարժությունների, սեփական զորավարժություններն էին Ադրբեջանի, որոնց խնդիրները տարբեր են»,-«Առավոտի» հետ զրույցում ասում է Հայկ Խաչիկյանը։

Նա նշում է՝ ադրբեջանական նշյալ զորավարժությունները էապես տարբերվում էին նաեւ ծավալներով. «Թուրք-ադրբեջանական զորավարժություններում Ադրբեջանից ներգրավվել էր Նախիջեւանում տեղակայված ադրբեջանական զինուժից չորս տանկ՝ իր անձնակազմով, հատուկ ջոկատայինների խումբ։ Իսկ ադրբեջանական զորավարժությունների ծավալն էապես մեծ էր՝ տասը հազար անձնակազմ։ Ի դեպ, սա չի նշանակում, որ այդ թվերին պետք է անվերապահորեն հավատալ, բայց որոշ դետալներից ելնելով՝ ծավալն իսկապես մեծ էր։ Մայրցամաքային Ադրբեջանում հիմնականում խաղարկվում են հարձակողական գործողություններ, իսկ նախիջեւանյան հատվածում՝ ավելի շատ հակահարձակողական եւ պաշտպանական, եւ այդ սցենարում միշտ դիտարկվում է Թուրքիայի մասնակցությունը։
Կարսի զորավարժություններում խաղարկվեցին Թուրքիայի եւ Ադրբեջանի համատեղ գործողությունները՝ ստորաբաժանումների գործողությունների ներդաշնակում, համատեղ աշխատանքի կարողություններ եւ այլն, իսկ ադրբեջանական զորավարժությունների դեպքում՝ կոնկրետ ուղղությունների համար ճեղքման եւ հարձակման սցենարներ»։

Հայկ Խաչիկյանի բնորոշմամբ՝ սա, իհարկե, չի նշանակում, որ վաղը, վաղը չէ մյուս օրը կամ մեկ ամիս անց Ադրբեջանը վերսկսելու է ռազմական գործողությունները՝ այնպես, ինչպես 2020թ. ամռանն անցկացված ադրբեջանական զորավարժությունը չէր նշանակում, որ սեպտեմբերին պատերազմ էր սկսվելու։ «Ինչո՞ւ։ Ադրբեջանը, ըստ տարվա եղանակների, պարբերաբար անցկացնում է զորավարժություններ եւ խաղարկում ճեղքման սցենարներ՝ գրեթե բոլոր ուղղություններով։ Այս դեպքում իրենք մշտապես իրենց բանակը պահում են «start»-ի վրա, եւ այդ գործողությունները դրան են ուղղված։ Այս ամենը խաղարկվում է տարիների ընթացքում։ Ուստի չի նշանակում, որ եթե այս ամսում զորավարժություն է, հաջորդ ամսում կլինի պատերազմ։ Սա նշանակում է, որ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունն ունի ազատություն՝ ցանկացած պահի պատերազմ սկսելու որոշում կայացնելու։ Նրանք գիտեն, որ բոլոր եղանակային պայմանների համար ունեն արդեն իսկ խաղարկված սցենարներ»,-շեշտեց փորձագետը։

Հետաքրքրվեցինք՝ որքանո՞վ են հավաստի տեղեկությունները, թե ներկայում Թուրքիան վարում է Ադրբեջանի բանակն «իրենով անելու» քաղաքականություն ու գործողություններ։ Հայկ Խաչիկյանը նախ հիշեցրեց, որ Արցախի դեմ պատերազմում Թուրքիան արդեն իսկ ներգրավված էր ԱԹՍ-ների կառավարման գործում. «Ակնհայտ է, որ «Բայրաքթար» տեսակի ԱԹՍ-ները կառավարում էին թուրք մասնագետները, եւ այդ մասին տարբեր աղբյուրներից փաստեր կան, օրինակ՝ Ադրբեջանի շտաբում թուրք գեներալների ներկայությունը։ Նրանք պատերազմից առաջ էլ են այցելել Ադրբեջան։ Ի դեպ, այն թուրք պաշտոնյան, որը Թուրքիայի ցամաքային ուժերի օպերատիվ վարչության հրամանատարն է եւ Ադրբեջանում էր որպես Թուրքիայի ԶՈՒ ներկայացուցիչ, ու ակնհայտ էր, որ պատերազմի ժամանակ նա եւս մասնակցել է գործողությունների ղեկավարմանն ու պլանավորմանը, շարունակում է մնալ Ադրբեջանում։ Բացի այդ, մինչեւ հիմա նշանակված չէ Ադրբեջանի գլխավոր շտաբի պետը։ Եթե սրան գումարենք այն փաստը, որ թուրք ներկայացուցիչն առ այսօր Ադրբեջանում է, ապա «փազլը» հավաքվում է։ Իհարկե, սա միանշանակ չէ, բայց թվարկածը հարցեր է ի հայտ բերում։ Ընդ որում, դեռեւս խոսակցությունների մակարդակում տեղեկություններ կան, որ Ադրբեջանի բանակում համակարգային վերափոխումներ են լինելու՝ անցնելու համար թուրքական բանակի մոդելին։ Այսինքն, ստեղծվելու են ցամաքային զորքեր։ Հիմա Ադրբեջանում կան կորպուսներ, կենտրոնական ենթակայության զորամասեր, նավատորմ, ավիացիա։ Թուրքական բանակի մոդելում կան նաեւ առանձին ցամաքային զորքեր։ Թուրքիան ունի երեք հրամանատարություն՝ ցամաքային զորքերի, ավիացիայի եւ նավատորմի։ Ենթադրելի է նաեւ Ադրբեջանի զինված ուժերում ղեկավար կազմերի փոփոխություն, բայց այս հարցը նույնպես դեռեւս հստակ չէ»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

25.03.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031