Լրահոս
Օրվա լրահոսը

ՌԴ-ի հետ համատեղ ռազմական ուժեր պետք է ունենանք. Արմեն Դարբինյան

Մարտ 25,2021 23:30

Նախկին վարչապետ Արմեն Դարբինյանի գնահատմամբ՝ Հայաստանում առկա իրավիճակը դեռ վատանալու ներուժ ունի, որովհետեւ ազգովին դեռ չենք գիտակցել մեր առաջնահերթությունները, չենք գիտակցել, որ պետական, հանրային շահը ամենից բարձր է, չենք գիտակցել, որ դա մեզ համար քաղաքական մշակույթ պետք է լինի, ոչ թե պետության կողմից պարտադրանք: Նա օրինակ բերեց Իսրայելը, որտեղ քաղաքացիներն այդ գիտակցումն ունեն եւ առաջնահերթության կարգով առաջ են տանում: Մինչդեռ մենք`այդ չգիտակցումով, կանգնած ենք պետության եւ պետականության փլուզման շեմին:

Այսօր Futures Studio-ի և լրագրող, հեղինակ Մարկ Գրիգորյանի համատեղ նախաձեռնած «Խոսենք ապագայից» շարքի շրջանակում Արմեն Դարբինյանը նաեւ ասաց, որ իբրեւ էթնոս մենք գոյություն ունենք, հավանաբար, ուժեղ մշակույթի հաշվին: Այժմ, արտագաղթի մղումը կրկին հուշում է, որ իբրեւ էթնոս կշարունակենք գոյություն ունենալ, բայց պետությունը հավանական է կորցնենք, քանի որ բացի մեզնից, ոչ ոք շահագրգիռ չէ դրա գոյության համար: Հզոր Հայաստան կառուցելու համար, ըստ նախկին վարչապետի, մենք պետք է հստակ գիտակցում` հստակ հիմնաքարերով:

Արմեն Դարբինյանը բերեց Ղազախստանի օրինակը. այդ երկրի օրենսդրությամբ սահմանված է, որ յուրաքանչյուր ղազախ պետք է տիրապետի երեք լեզվի`մայրենիի, ռուսերենի եւ անգլերենի. «Մենք ղազախներից ետ ենք մնացել, որովհետեւ մենք միալեզու պետություն ենք: Մենք պիտի խնդիր դնենք չորս լեզու իմանալ, եթե ուզում ենք առավել պայմաններ ունենալ ղազախներից»: Արմեն Դարբինյանը բերեց նաեւ Վրաստանի օրինակը, որտեղ թանկ լուծումների գնով`գնացել են պլաստիկի վերացմանը, մինչդեռ Երեւանն աշխարհի ամենաաղտոտված քաղաքներից է, Հայաստանում կան շրջաններ, որտեղ օնկոլոգիական հիվանդությունները բավական բարձր մակարդակ ունեն եւ այլն, բայց արագ գումարներ աշխատելու համար ՀԷԿ-եր կառուցվեցին, քաղաքի կենտրոնում շենքեր կառուցվեցին, անտառները կտրվեցին`տներ կառուցվեցին: Մենք, ըստ բանախոսի, 44-օրյայում պարտվեցինք`օրինապաշտ չլինելու, «խաբելու-քցելու պատճառով», մինչդեռ պետք է բոլորից լավը, բոլորից բարձրը լինեինք. «Իսկ մենք ի՞նչ ենք արել`լոլիկն ենք կորցրել, հայկական պոմիդոր գոյություն չունի, որովհետեւ քիմիան ենք լցրել`ծավալ ենք ապահովել: Ադրբեջանցիներն այդքան խելք ունեցան`չքիմիականացրեցին իրենց լոլիկները»:

Պատասխանելով ՌԴ-ի եւ Բելառուսի հետ դաշնային պետության պայմանագիր կնքելու մասին հարցին, Արմեն Դարբինյանն ասաց. «Սուվերեն Հայաստանը կլինի եւ ՌԴ-ի, եւ Բելառուսի լավագույն գործընկերը»: Իսկ ՌԴ-ի հետ հարաբերությունները, նրա գնահատմամբ, Հայաստանը պետք է կարողանա նոր մակարդակի բարձրացնել: Դատելով աշխարհաքաղաքական զարգացումներից, գտնում է, որ ստեղծված իրավիճակը ծայրահեղ բարդ է եւ մենք իրավունք չունենք «խաղեր տալու»:

Իսկ նման միտում նա տեսնում է. «ՌԴ-ն լավը չէ, ԱՄՆ-ի հետ գնանք… դա, ուղակի կխորտակենք մեր երկիրը, ժողովրդին, ամեն ինչ կխորտակենք: Հակառակը, մենք պետք է կարողանանք դաշնային հարաբերություններից առավելագույնը քաղենք»: Արմեն Դարբինյանը գտնում է, որ ապագայում անգամ ՌԴ-ի հետ համատեղ ռազմական ուժեր պետք է ունենանք: Համենայնդեպս, առկա աշխարհաքաղաքական զարգացումների համատեքստում, դա անհրաժեշտություն է համարում եւ չի կարծում, որ դա կլինի ինքնիշխանության զիջում, քանի որ խոսքը պաշտպանական հնարավորությունների մասին է, ոչ թե հարձակողական, իսկ սեփական տեխնոլոգիական հնարավորությունները մենք չունենք: Նախկին վարչապետը Հայաստանի զարգացման գործում էական է համարում նաեւ Սփյուռքի դերը:

Արմեն Դարբինյանի գնահատմամբ, մենք պետք է աշխարհում մեզ կարողանանք դիրքավորվել իբրեւ Արեւելքի քրիստոնյա պետություն, այդ պարագայում, մեր ինքնիշխանության նշանակությունը կբարձրանա նաեւ ՌԴ-ի համար: Ինչպես նաեւ Արեւելքի պետությունների հետ պետք է վերագտնենք եւ օգտագործենք մեր կապերը, մի բան, ինչը չունենք կովկասյան տարածաշրջանում: Նախկին վարչապետը կարծում է, որ եթե կարողանանք վերագտնել մեր դերը, որը համարժեք կլինի Իսրայելի դերին` ԱՄՆ-ի համար, նաեւ ՌԴ-ից համարժեք պատասխան կստանանք: Մեր տեսլականը, ըստ նրա, պետք է լինի քրիստոնյա Արեւելքի էթնոսից պետություն դառնալը: Եվ այս ամենի համար նախ կրթական համակարգի էական վերանայում է անհրաժեշտ`պատմության դասագրքերի փոփոխմամբ, որտեղից պաթոսը պետք է հանել`թողնելով ազգային հենքը, ապագայի համար կարեւոր դրույթներ պարունակող պատմության ուսումնասիրությունը` սխալների քննարկմամբ եւ վերլուծությամբ: Նաեւ դպրոցական կրթությունը պետք է լինի ազգային մշակույթի հենքով, միաժամանակ կարեւոր են նաեւ ազատ համալսարանների գոյությունը մեր երկրում, քանի որ համալսարանական համակարգը քաղաքական պարտադրանքի տակ էր, որը հիմա ավելի է շատացել`ընդունված նոր օրենքով:

Ի դեպ, այս նախագծին «կողմ» քվեարկողներն, ըստ նախկին վարչապետի` կամ ոչինչ չեն հասկանում պետությունից, կամ հասկանում են եւ հասկանալով քանդում են, քանի որ ազատ համալսարանները պետության հենք են, որոնցից վախենալ պետք չէ:

Ինչ վերաբերվում է քաղաքական գործընթացներին իր մասնակցությանը, Արմեն Դարբինյանն ասաց, որ չի հավատում խորհրդարանական կառավարման համակարգին, դա համարում է Հայաստանի համար հակացուցված, այսօրվա իրավիճակի համար`հատկապես: Ուստի, առաջիկա խորհրդարանական ընտրություններին չի մասնակցելու: Բայց, տարբեր անհատների հետ պատրաստվում են լուրջ ճնշումներ գործադրել քաղաքական ուժերի վրա, որպեսզի Սահմանադրական փոփոխություններ կատարվեն եւ վերականգնվի նախագահական համակարգը: Այդ դեպքում ինքը կմասնակցի նախագահական ընտրություններին:

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031