«Կա ճգնաժամերի տեսություն, համաձայն որի՝ ընդունված է ասել, որ ճգնաժամերը պարունակում են վեր հանելու մեծ ներուժ: Բայց ճգնաժամ էլ կա, ճգնաժամ էլ. եթե ճգնաժամը բարոյական է, արժանապատվության անկում է, ինչն այսօր տեսնում ենք, դժվար է գտնել զարգացման ուղիներ: Բայց այս հարցի պատասխանը հայի մեջ է, հայի մշակույթի մեջ է. չէ՞ որ որպես էթնոս ապացուցել ենք, որ կարողանում ենք ապրել ու զարգանալ»,- այսօր Futures Studio-ի և լրագրող, հեղինակ Մարկ Գրիգորյանի համատեղ նախաձեռնած «Խոսենք ապագայից» շարքի շրջանակում կարծիք հայտնեց Հայաստանի նախկին վարչապետ Արմեն Դարբինյանը:
Քննարկումը վերաբերում էր Հայաստանի, Արցախի և աշխարհի հայերի ապագային և զարգացման հեռանկարին: Արմեն Դարբինյանի գնահատմամբ, 44 օրյա պատերազմը գոյատևելու պատերազմ չէր, որովհետև այն մենք չենք ընտրել. «Անկեղծ ասած, ես պատերազմ բառից էլ կհրաժարվեի, սա մարտ էր, գուցե՝ ճակատամարտ, և չեմ ընդունի, որ մենք պարտվեցինք վերջնականապես: Սա մարտ էր, ինչպես 90-ականներինը, որովհետև մենք հաղթեցինք, ադրբեջանցիներն էլ ասում էին՝ սա պարտություն չէ, կվերադառնանք: Եթե մենք ընդունում ենք, որ պատերազմում պարտվել ենք և արժանապատվությունն ինչ-որ չափով վերականգնելու շանսեր չունենք՝ ապա ծրագրավորում ենք մեր ապագա ձախողումը: Մենք պիտի մտածենք, որ պիտի ունենանք ներուժ, գաղափար, հզորություն, որպեսզի պատերազմում պարտված դուրս չգանք: Եվ եթե ինչ-որ մեկը կարծում է, որ հաստատվել է խաղաղություն՝ ապա դա եղել է մեր արժանապատվության հաշվին, հետևաբար հարատև չէ: Գիտեք, պարտվելը խնդիր չէ, բազմաթիվ առաջնորդներ պարտվել են, բայց արժանապատվության հաշվին ձեռք բերված խաղաղությունը երբեք չի կարող հարատև լինել: Իսկ մենք, երևի թե, պիտի ձգտենք հարատև խաղաղության, որի ճանապարհը մեկն է ՝ վերականգնել արժանապատվությունը»:
Բանախոսի կարծիքով, մենք այս մարտերին պատրաստ չէինք, և պիտի կրենք դրա դառնությունը, բայց նաև եթե համեմատենք երկրորդ համաշխարհայինի հետ՝ հիմա ավելի շատ հերոսական դրվագներ ունեինք. «Զինվորներ ունեինք, որոնք պետք է շենացնեին մեր երկիրը. շատերը վիրավորվեցին, շատերը չվերադարձան, շատերը վերադարձան խեղված: Ինչո՞ւ այսպես եղավ. սերունդները հարցնելու են պետությանը և պետությունը պարտավոր է պատասխանել: Ամեն դեպքում, այս սերունդը հաղթող սերունդ է, ես հավատում եմ այս սերնդին»:
Արմեն Դարբինյանը կարծում է, որ յուրաքանչյուր ոք գործել է սեփական, անձնական հաջողության համար, մենք երբեք չենք դրել հավաքական հաջողության չափանիշը: Գտնում է`պիտի դնենք և հասարակությունն իր ապագայի համար պիտի հավաքական պատասխանատվություն կրի:
Կարդացեք նաև
Ապագայի համատեքստում, Արմեն Դարբինյանը կարևորեց նաեւ հասարակության կրթվածության մակարդակը՝ շատ խնդիրներ պայմանավորելով հենց կրթության անորակությամբ:
«Պետությունը պիտի հիմնված լինի ազգային մշակույթի վրա, որը մեզ Աստված տվել, չի խնայել: Մենք այսօր ապաշնորհ կերպով այն մսխում ենք, վատնում ենք, տեր չենք կանգնում: Բայց հենց դրա շուրջ է կազմվում հասարակությունը, պետությունը և հենց դրանով ենք դառնալու աշխարհին հետաքրքիր: Մենք շատ եսակենտրոն ենք. մեզ թվում է բոլորին հետաքրքիր են մեր դարդերն ու ցավերը, բայց, ընդհակառակը, դրանով մենք վանում ենք բոլորին: Մենք կգրավենք, երբ ունենանք հաջողության պատմություններ, ունենանք նորամուծություններ, հաջողված մոդելներ: Այսպիսի հաջողության կղզյակներով մենք աշխարհին կգրավենք, աշխարհը կսկսի մեզնից սովորել»,- ասաց նա`հավելելով, որ նաեւ պիտի ապահովենք ռեսուրսների ճիշտ կառավարումը. «Մարդը գտնվում է Երևանի կենտրոնում թե սահմանամերձ գյուղում՝ պիտի տեղեկատվությանը, դրա կառավարմանը հասանելիություն ունենա: Սա վերաբերվում է բոլոր ռեսուրսներին, օրինակ՝ գազը, մենք ամենագազաֆիկացված երկիրն ենք: Կարևոր են ճանապարհները, բարիքներին հասանելիությունը, մշակութային վայրերին հասանելիությունը: Մարդը ծնվել է մշակութային կյանքով ապրելու համար, և պետությունը պիտի ապահովի դրա հասանելիությունը: Ավելին, պետությունը պիտի այնպես անի, որ ամենասահմանամերձ գյուղերում էլ մշակույթ զարգանա: Այդպես եղավ Ջաջուռ գյուղում, բայց եղավ սովետական միության տարիներին: Այդ տարիների մասին խոսելիս միշտ հիշատակվում են ստալինյան բռնաճնշումները, բայց նաև պետք է արձանագրել, որ մենք մշակութային թռիչք ունեցանք: Սովետի սերունդը հաղթած սերունդ էր, արցախյան առաջինում մենք հաղթող դուրս եկանք, որովհետև սովետական հայ էինք: Անկախ տարիներին մենք այս ամենն արժանի կերպով չզարգացրինք: Ավելին, շատ բան մոռացանք: Գրեթե ամբողջապես մոռացության տվեցինք արևմտահայ մշակույթը: Եթե ոչ հայ պետությունը՝ ապա ո՞վ պիտի արևմտահայերեն գործերը թարգմանի ֆրանսերեն, անգլերեն և տարածի աշխարհում: Այս հարցում բացակայում է տեսլականը. հայ պետությունը պիտի՞ տեր կանգնի հայ ժառանգությանը, թե՞ ոչ, եթե ոչ՝ ապա ո՞վ: Քրքորյաններ և Գյուլբենկյաններ կարող են ծնվել, բայց պետությունը պիտի առաքելություն ունենա: Էլ չասենք, որ արևելահայերենն էլ չենք պահպանում: Սփյուռքը նույնպես պիտի դառնա պետականաստեղծման մասնակից, բայց մենք ի՞նչ ենք արել սփյուռքի համար. ինչ-որ բա՞ն ենք խնդրել»:
Հիմա, ըստ բանախոսի, շատ բան զրոյից պիտի սկսվի. «30 տարվա ընթացքում մենք եկանք զրոյական վիճակի»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ