Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«ՀՀԿ-ի ժամանակ հիշում եմ՝ փուչիկներով նաեւ այրվում էին երեխաները». Արուսյակ Ջուլհակյանը՝ Փաշինյանին Ստալինի հետ համեմատելու եւ հավաքին երեխաներ տանելու մասին

Մարտ 25,2021 19:33

«Զավեշտալի է մեզ մեղադրելը հնարավոր ընտրակեղծիքների հարցում, որովհետեւ մեզ մեղադրում են մարդիկ, որոնք այս կամ այն կերպ աչքի են ընկել ընտրակեղծիքներով կամ առնվազն վիճելի եւ կասկածելի ընտրությունների կազմակերպմամբ եւ անցկացմամբ»,- Aravot.am-ի հետ զրույցում խոսելով արտահերթ խորհրդարանական ընտրությունների հետ կապված մտահոգությունների մասին, որ Փաշինյանի իշխանության օրոք այն կազմակերպելու դեպքում ընտրակեղծիքներ կլինեն՝ այսպիսի տեսակետ հայտնեց «Իմ քայլի» պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը:

Մենք ճշտեցինք՝ այդ շարքում նաեւ առաջին նախագա՞հն է, որովհետեւ Լեւոն Տեր-Պետրոսյանն էլ էր ասել, որ Հայաստանի պատմության ամենախայտառակ ընտրությունները կլինեն՝ Արուսյակ Ջուլհակյանը պատասխանեց. «Ես կարծում եմ, որ 96 թվականի ընտրությունները շատ են կասկածի տակ առնվել տարբեր տարիների ընթացքում եւ այդ կասկածները մինչեւ հիմա չեն փարատվել: Երբ այս ուժերը խոսում են այն մասին, որ ընտրություններ են կեղծվելու այն ուժի կողմից, որը որեւէ կերպ աչքի չի ընկել նման արատավոր գործելաոճով, դա արդեն զավեշտի ոլորտ է մտնում ու նույնիսկ դա իրենց անլրջացնում քաղաքացիների մոտ»:

Դիտարկմանը, որ ասում են՝ չի արել՝ կանի, որովհետեւ արդեն կարիքը կա՝ Արուսյակ Ջուլհակյանը պատասխանեց. «Ես էլ կարող եմ ասել, որ իրենք էլ կանեն, որովհետեւ արդեն իսկ արել են: Հետեւաբար, այս քննարկումը, որ դու կկեղծես, չէ դու կկեղծես՝ ես համարում եմ անլուրջ: Բնականաբար, չի պատրաստվում իշխանությունը որեւէ կերպ լծակներն օգտագործել»:

Հարցին՝ բա ո՞նց է Նիկոլ Փաշինյանի հավաքին դպրոցական երեխաներ բերվել՝ նա պատասխանեց. «Ո՞նց են արել, գնացել են տներից զոռով ասել են՝ դու պետք է գա՞ս, դա մի քիչ անհասկանալի է դառնում ինձ համար»: Այն, որ դպրոցների միջոցով դա կարող էին կազմակերպել՝ Ջուլհակյանը նույնպես հերքեց. «Դպրոցի միջոցով չէր կարող արվել, համենայնդեպս, այն նկարները, որ ես տեսել եմ, որքանով հասկանում եմ, երեխաները եկել են իրենց ծնողի հետ: Երեխաները պարզապես ուզում են տեսնել վարչապետին: Նախկինում էլ է եղել, երբ վարչապետը գնացել է մարզային հանդիպումների եւ նաեւ երեխաներ են եկել՝ վարչապետին տեսնելու»:

Մենք հիշեցրինք՝ երբ ժամանակին Տարոն Մարգարյանի հավաքների ժամանակ մի երկու փուչիկով երեխաները գնում էին, ընդդիմադիր Փաշինյանն ու իր կողմնակիցները մեծ աղմուկ էին բարձրացնում, որ վարչական ռեսուրս է կիրառվում, հիմա տարբերությունը փուչիկների մե՞ջ է զուտ, որ դուք առանց փուչիկի եք տանում՝ Արուսյակ Ջուլհակյանը պատասխանեց. «Հանրապետականների ժամանակ հիշում եմ, փուչիկներով նաեւ այրվում էին երեխաները: Դա էլ եմ հիշում, ցավոք: Նաեւ չեմ հիշում, որ երեխաները ձգտեին տեսնել Տարոն Մարգարյանին կամ նախկին իշխանությունների ներկայացուցիչներին»:

Այսինքն, այն ժամանակ զոռով էին բերում, հիմա հաճույքով իրենց կամքով երեխաները գնում են հանրահավաքների՞՝ իմքայլականը պատասխանեց. «Կարծում եմ, այն ժամանակ դա կազմակերպվում էր, հիմա համենայնդեպս դա չի կազմակերպվել»:

Հարցին՝ որ ասում եք՝ երկրի առաջնորդին, վարչապետին երեխաները գնում են տեսնելու, ձեզ հակադարձում են՝ հո Ստալինը կամ Լենի՞նը չի, երեխաները սովորաբար ուզում են իրենց գյուղում տեսնել լարախաղացի, հեքիաթասացի, բայց ոչ քաղաքական գործչի՝ նա պատասխանեց. «Գիտեք, շատ երկրների առաջնորդների, օրինակ, ԱՄՆ նախկին նախագահ Օբամայի հավաքներին շատ ժամանակ երեխաները գնացել են՝ տեսնելու նախագահին, նախագահի հետ երկու բառ փոխանակելու հնարավորությունից օգտվելու: Կամ, օրինակ, Ֆրանսիայում՝ Մակրոնի: Նրանցից որեւե մեկը Ստալինը չէր, չէ՞: Այդ փաստարկը նույնպես համարում եմ անհեթեթ: Համենայնդեպս, կրկնում եմ, իշխանությունները լծակներ չեն կիրառել եւ չեն պատրաստվում կիրառել»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031