Լրահոս
Օրվա լրահոսը

«Կատեգորիկ դեմ եմ Գոռ Վարդանյան ռեկտորին». Արամ Միքայելյան

Մարտ 25,2021 19:11

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտորի ընտրության շուրջ կրքերը չեն դադարում, իսկ ռեկտորի թեկնածուներից ոմանք կարծում են, որ մրցույթը պետք է չեղյալ հայտարարվի ու տարակուսանք են հայտնում, որ ռեկտոր է ընտրվել Գոռ Վարդանյանը:

Aravot.am-ի հետ զրույցում Պոլիտեխնիկի ռեկտորի 6 թեկնածուներից Գյուղատնտեսական թունաքիմիկատների ստացում եւ որակի վերահսկում գիտահետազոտական լաբորատորիայի ղեկավար Արամ Միքայելյանի խոսքով՝ «Կա իրապես իրավական դաշտից շեղված գործընթաց, դրա մասին բազմիցս ահազանգել ենք, մատնացույց ենք արել դեռ ընտրության առաջին փուլի ժամանակ»:

Նա ի թիվս այլնի, մի քանի խնդրի անդրադարձավ, օրինակ, որ թեկնածուները վերջին պահին են իմացել, թե ինչ տեւողությամբ պետք է ելույթ պետք է ունենան: Նա այս ամենում կանխակալություն է տեսնում եւ կարծում, որ նման թեկուզ մանր գործոնները կարող են ազդել ընտրության վրա, կամ հոգաբարձուների խորհրդի անդամները պետք է փաստաթղթեր ներկայացնեին, մինչդեռ ընդամենը ցուցակ են ներկայացրել:

Նրա ձեւակերպմամբ, այս դեֆորմացված գործընթացի նպատակը ընտրությունը կանխորոշված ճանապարհով տանել էր եւ նախկին ռեկտորի հոգեզավակ Գոռ Վարդանյանին ռեկտոր դարձնելը:

«Ես ոչինչ չունեմ Գոռ Վարդանյան ուսանողի հանդեպ, պատրաստ եմ իմ փորձը, հնարավորությունները տրամադրել իրեն, մասնագիտական ոլորտում ինչքան ընդհանրություն կունենանք, կօգնեմ, բայց կատեգորիկ դեմ եմ Գոռ Վարդանյան ռեկտորին: Մարդը ուսխորհրդից դառնում է ռեկտորի օգնական, հետո ռեկտոր… կենսագրությունը շատ լավ գիտենք»,-ասում է մեր զրուցակիցը՝ հիշեցնելով, թե ինչ քաղաքականացված էին ուսխորհուրդները եւ ովքեր կարող էին ընդգրկված լինել այնտեղ:

Արամ Միքայելյանը հույս ունի, որ նախարարությունն ընդդեմ բուհի շահերի որոշում չի կայացնի եւ չի վավերացնի իր խոսքով՝ ինչ-որ մեկին «առաջ բրդելը»: Իսկ եթե հանկարծ նման բան լինի, կդիմեն դատարան: «Ամեն դեպքում լիահույս եմ, որ նախարարությունը, լիազոր մարմինը ամեն ինչը տեսնելով՝ չի մտածի, որ սա զուտ պարոն Միքայելյանի կամակորությունն է, կամ Դավիթ Ղազարյանի ու Պարգեւ Բալջյանի…Ճիշտ կլինի, որ ընտրությունը համարել չկայացած, իսկ հաջորդ քայլը լինի նոր օրենքով անցկացնել ընտրությունները, ինչը հնարավորություն կստեղծի, որպեսզի համալսարանն առողջանա»:

Մեր դիտարկմանը, որ թեեւ նշեց, թե Գոռ Վարդանյան ուսանողի դեմ ոչինչ չունի, բայց, ըստ որոշ տեղեկությունների, նա փայլուն ուսանող չի եղել ու բարձր առաջադիմությամբ աչքի չի ընկել, պարոն Միքայելյանը պատասխանեց, որ անձամբ Գոռ Վարդանյանին չի դասավանդել, բայց լսել է, որ նա մաթեմատիկայից մեկ է ստացել, հետո նախկին ԿԳ նախարարի միջամտությունից հետո գնահատականը փոխվել է: Պարոն Միքայելյանը ժպտալով ասաց, որ իհարկե, եղել են դեպքեր, որ ոմանք դպրոցում լավ չեն սովորել, բայց հետագայում դարձել են Նոբելյան մրցանակակիրներ, սակայն «Գոռ Վարդանյանն այդ դեպքը չէ»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը՝ պարոն Միքայելյանի ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031