«Նախագծում կան դրույթներ, որոնց իրականացումը օբյեկտիվորեն ժամանակ է պահանջում»,- «Մեդիա կենտրոնի» կազմակերպած հարցազրույցի ընթացքում, անդրադառնալով ընտրական օրենսգրքի փոփոխություններին, ասաց Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ ընտրական բարեփոխումների աշխատանքային խմբի համակարգող Համազասպ Դանիելյանը:
Նա նշեց, որ հունիսի 20-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններից առաջ նախագծի ընդունումը չի երաշխավորելու, որ նրա բոլոր դրույթները առաջիկա ընտրությունների ընթացքում կիրառելի կլինեն. «Ամենայն հավանականությամբ, այս նախագծի կարգավորումների մի մասը, ընդունվելու պարագայում անգամ, ուժի մեջ կմտնի շատ ավելի ուշ՝ այնպիսի ժամկետներում, որ հնարավոր է դրանք իրականացնել, բայց կիրառելի չի լինի հունիսի 20-ի համար»:
Համազասպ Դանիելյանի կարծիքով՝ ընտրական օրենսգիրքը իր բովանդակությամբ շատ ավելի լայն է, քան ռեյտինգայինը՝ համամասնական ընտրակարգի փոխելը:
Անդրադառնալով «Լուսավոր Հայաստան» կուսակցության դիրքորոշմանը՝ նա ասաց. «Եթե նախորդ 1 շաբաթում հետևած լինեք «Լուսավոր Հայաստանի» դիրքորոշումներին, ապա համոզված կլինեք, որ «Լուսավոր Հայաստանը» հիմա պարզապես ամեն անգամ նոր պատրվակ է գտնում, թե ինչու համաձայն չէ այս փոփոխություններին: Մեկ դա կոալիցիաների կազմման ընթացակարգն է, երբ որ ես իրենց հիշեցրեցի, որ դեռ սևագիր տարբերակի ժամանակ իրենց բացատրել եմ դրա կարևորությունը և ասացի, որ եթե ձեզ համար դա է խնդիր, ցանկացած այլ հարցի հետ կապված կարող ենք քննարկել, եթե այդքան կարևոր է ձեզ համար կարող ենք թողնել գործող կարգավորումը, այդ փաստարկը արանքից դուրս եկավ: Երեկ ես ծանոթացա նախագահականում տեղադրված մամուլի հաղորդագրությանը, որտեղ Էդմոն Մարուքյանը պնդել է, որ իբրև հունիսի 20-ի համաձայնությանը հասնելիս նաև համաձայնվել է ընտրական օրենսգրքի փոփոխություններ չանելու մասին, որը պարզապես ապատեղեկատվություն է: Նման պայմանավորվածություն չի եղել, դա ընդամենը իրենց ենթադրությունն է: Մինչդեռ, ենթադրությունը շատ ավելի հիմնավոր կլիներ, եթե շրջանառված նախագիծ կա և դա չեղարկելու պայմանավորվածություն չկա, տրամաբանական կլիներ, որ այդ նախագիծը պետք է ընդունվեր: Ակնկալիքը դա պետք է լիներ: Նման պատրվակներ շատ են եղել: Պատրվակը, թե ռեյտինգայինը ձեռք է տալիս, ընդհանրապես այդ ասող «Լուսավոր Հայաստանի» ներկայացուցչին, ես խորհուրդ կտամ բացել նույն Էդմոն Մարուքյանի ելույթը 2018 թվականի աշնանը, երբ որ ինքը կողմ էր ռեյտինգայինը վերացնելուն և համամասնական ընտրակարգի անցնելուն, շատ ավելի կարճ ժամանակահատվածում արտահերթ ընտրություններից առաջ և շատ ջանասիրաբար պաշտպանում էր այդ դիրքորոշումը և լսել այդ փաստարկները: Եվ ընդհանրապես, ես չեմ կարծում, որ որևէ մեկը, որը ռեյտինգային համակարգի մանրամասները պատկերացնում է, նման պնդումներ կանի, որովհետև ռեյտինգային համակարգը ինքնին նպաստում է որևէ իշխանության հնարավորությունների ավելացմանը»:
Կարդացեք նաև
Համազասպ Դանիելյանի խոսքով՝ Ազգային ժողովը կհասցնի ընդունել նոր ընտրական օրենսգիրքը մինչև հունիսի 20-ը. «Նորմալ ընթացակարգով՝ առանց շտապեցնելու, ընտրական օրենսգրքի նախագիծը կարող է առաջին ընթերցմամբ քննարկվել ապրիլի 13-ի նիստում և մայիսի սկիզբ, և այստեղ գաղտնիք չկա, առանց որևէ շտապողականության, այս փոփոխությունները կարող են ընդունված լինել»:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ