Լրահոս
Օրվա լրահոսը

Կանանց մեծամասնությունը նշել է, որ իրենց բնագավառում կրթված աշխատուժի պակաս կա. IFC-ի ուսումնասիրությամբ բացահայտվել են Հայաստանում կին ձեռներեցներին հանդիպող խոչընդոտները

Մարտ 25,2021 16:29

Հայաստան, Երևան, 2021 թ․ մարտի 25. Հայաստանում կին ձեռներեցներն ավելի շատ են բանկային վարկավորման դիմում բիզնես սկսելու համար, քան տղամարդ ձեռներեցները․ իր նոր զեկույցում այսպիսի բացահայտում է կատարել Համաշխարհային բանկի խմբի անդամ IFC-ն` ՄԹ Լավ կառավարման հիմնադրամի հետ համագործակցությամբ իրականացվող ծրագրի շրջանակներում։ Ուսումնասիրությունը նաև վկայում է, որ ֆինանսավորման մատչելիության բարելավումը, բավարար բիզնես ուսուցումը և ճիշտ ժամանակին աջակցությունը կարող են օգնել կանանց՝ ավելի շատ հնարավորություններից օգտվել և հավասար մասնակցություն ունենալ Հայաստանի տնտեսությունում։

IFC-ի «Տնտեսական աճը և կանանց տնտեսական հզորացումը Հայաստանում» երկամյա ծրագրի շրջանակներում կատարվել է կանանց ձեռներեցության ուսումնասիրություն՝ կանանց պատկանող ընկերությունների առջև ծառացող խոչընդոտները պարզելու և դրանց շտկմանն ուղղված առաջարկություններ ներկայացնելու նպատակով։ Սա շատ կարևոր է, քանի որ կանանց մասնակցությունը զբաղվածության կազմում ավելի փոքր է, իսկ գործարարության ոլորտում Հայաստանի մարդկային ռեսուրսի ներուժը սխալ է տեղաբաշխված, ինչի հետևանքով գրանցվում է ՀՆԱ-ի (համախառն ներքին արդյունքի) 14 տոկոսին համարժեք տնտեսական արդյունքի կորուստ։

Կանանց մեծամասնությունը (մոտավորապես 73 տոկոսը) նշել է, որ իրենց բնագավառում կրթված աշխատուժի պակաս կա։ Գրեթե բոլոր կին ձեռներեցներն ընդունել են, որ բացեր կան ձեռնարկատիրական գործունեությունը ճիշտ իրականացնելու համար անհրաժեշտ բիզնես գիտելիքների ու հմտությունների բնագավառում։ Թեև կին ձեռներեցներն ունեն այդ մարտահրավերներից որոշները լուծող ծառայություններից օգտվելու հնարավորություն, շատերը դեռևս չեն օգտվել դրանցից։ Դա փոխելու համար ուսումնասիրությամբ կարևորվել է առաջարկվող հնարավորությունների ծածկույթը, մատչելիությունն ու լուսաբանումը բարելավելու անհրաժեշտությունը։

Հետազոտության արդյունքների հիման վրա IFC-ի առաջնորդությամբ կին ձեռներեցների համար կազմվել են վերապատրաստման ծրագրեր։ Նպատակն է ավելի մեծ թվով կանանց խրախուսել բիզնես հիմնել, Քովիդ-19 համավարակի պայմաններում բիզնեսը տեղափոխել օնլայն տիրույթ, իրացնել ագրոբիզնեսի, էներգետիկայի, առողջապահության ոլորտներում տեխնիկական ստարտափների հնարավորությունները կամ ձևավորել մասնագիտացված ծառայություններ։

Ըստ ուսումնասիրության՝ կանանց պատկանող բիզնեսների մոտավորապես 50 տոկոսում անձնական կամ ընտանեկան խնայողություններն են օգտագործվում որպես ֆինանսավորման հիմնական աղբյուր բիզնեսը սկսելու համար՝ ի տարբերություն տղամարդկանց, որոնց պարագայում այդ ցուցանիշը 70 տոկոս է։ Կին ձեռներեցները հակված են օգտվել առևտրային բանկերի վարկային միջոցներից (22 տոկոս՝ ի հակադրություն 12 տոկոսի տղամարդ ձեռներեցների պարագայում)։ Այդուամենայնիվ, բանկային վարկերի համար պահանջվող գրավն ավելի մեծ խնդիր է կանանց համար, քանի որ ժառանգության պրակտիկան ավելի նպաստավոր է տղամարդկանց համար։ Նաև՝ հողի նկատմամբ սեփականության իրավունքը տրված է տղամարդկանց՝ որպես ընտանիքի գլուխ, և 1990-ականներին հողի սեփականաշնորհման գործընթացում կին ձեռներեցները հայտնվեցին անբարենպաստ վիճակում։

Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանատան գործերի ժամանակավոր հավատարմատար Վիկտոր Կլարկը նշել է․ «ՄԹ-ն ուրախ է աջակցելու այս ծրագրին՝ մեր Լավ կառավարման հիմնադրամի միջոցով։ Այն նպատակ ունի օգնել Հայաստանի կառավարությանը՝ բիզնեսի համար միջավայրը բարելավելու և ներդրումները խրախուսելու աշխատանքներում՝ խթանելով տնտեսական աճը և հատուկ ուշադրություն դարձնելով կանանց ձեռներեցությանը։ Հուսով ենք, որ այս ուսումնասիրությունը կբարելավի Հայաստանում կանանց պատկանող բիզնեսների առջև ծառացող խնդիրների վերաբերյալ իրազեկությունը և կնպաստի կանանց տնտեսական հզորացմանը»։

IFC-ի Հարավային Կովկասի հարցերով տարածաշրջանային տնօրենի պաշտոնակատար Ջեսպեր Կյերը նշել է․ «IFC-ի ուսումնասիրությունը բացահայտում է այն խութերն ու խոչընդոտները, որոնք կին ձեռներեցներին թույլ չեն տալիս Հայաստանում իրացնել իրենց ողջ ներուժը։ Նպատակն է միջազգային զարգացման ծրագրեր իրականացնող մյուս գործընկերների հետ օգնել պետական և մասնավոր հատվածներին՝ ավելի փաստահենք քաղաքականություններ ու ծրագրեր մշակելու և իրականացնելու հարցում։ Մենք արդեն իսկ պատրաստել ենք վերապատրաստողների, որոնք կարող են օգնել տարածված խնդիրների մի մասն՝ ի աջակցություն կին ձեռներեցների լուծելու հարցում, այսպիսով օգնելով զարգացնել ներառական աճը Հայաստանում»։

Հաշվի առնելով Քովիդ-19 համավարակի ընթացքում երեխայի խնամքի հնարավորության բացակայությունն ու դպրոցների փակվելը՝ կին ձեռներեցները տղամարդկանց համեմատ լրացուցիչ խնդիրների են առերեսվել։ Այսպիսով, կանանց պատկանող բիզնեսներին լրացուցիչ աջակցություն է անհրաժեշտ աշխատողներին պահելու, գործող բիզնես մոդելները փոխելու և բանկային վարկերի ու պետական աջակցության ծրագրերի հասանելիությունը բարելավելու համար։ Զեկույցում խորհուրդ է տրվում ֆինանսական աջակցությունը, վերապատրաստումն ու մենթորինգը կին ձեռներեցների համար իրականացնել հետևողական կերպով՝ առավելագույն ներգործության հասնելու համար։
Ուսումնասիրությունն ամբողջությամբ տե՛ս այստեղ։

Համաշխարհային բանկի խմբի անդամ IFC-ն զարգացման ամենախոշոր հաստատությունն է, որի ուշադրության կենտրոնում զարգացող շուկաների մասնավոր հատվածն է: Աշխատելով աշխարհի ավելի քան 100 երկրներում՝ մենք օգտագործում ենք մեր կապիտալը, գիտելիքներն ու ազդեցությունը զարգացող երկրներում շուկաներ և հնարավորություններ ստեղծելու համար: 2020 ֆինանսական տարում մենք զարգացող երկրների մասնավոր ընկերություններին և ֆինանսական հաստատություններին տրամադրել ենք ավելի քան 22 միլիարդ դոլար՝ լծակավորելով ծայրահեղ աղքատությունը վերացնելու և համատեղ բարգավաճում ապահովելու մասնավոր հատվածի ներուժը:

Միջազգային Ֆինանսական Կորպորացիա

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031