Լրահոս
Օրվա լրահոսը

«Ղեկավար լինելը հաճույք և վայելք չէ, իրավունքներից առաջ այն պարտականություն և պարտավորվածություն է». Արագածոտնի մարզպետը Թալինի բժշկական կենտրոնի աշխատակազմին է ներկայացրել ԲԿ-ի նորանշանակ տնօրենին

Մարտ 25,2021 15:48

Այսօր ՀՀ Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը «Թալինի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի աշխատակազմին է ներկայացրել ԲԿ-ի նորանշանակ տնօրեն Սարգիս Ավագյանին:

Ցանկանում եմ կարևորել բժիշկ Ավագյանի՝ առողջապահության կազմակերպչի և ղեկավարման կարողությունները: Վստահ եմ, որ պարոն Ավագյանը զարգացնելու է Թալին ԲԿ-ի արդեն իսկ գրանցած հաջողությունները, և ձեր թիմը բազմաթիվ նորանոր հաջողություններ է ունենալու: Ես անձամբ հետևողական եմ լինելու և բոլորի կատարած աշխատանքով են որոշվելու հետագա անելիքները: Բոլորիս, և կասկած չունեմ, որ նաև Թալին ԲԿ-ի կոլեկտիվի աշխատանքը բացառապես ուղղված է հանուն Թալինի շրջանի, հանուն Արագածոտնի մարզի, մեր երկրի, մեր ժողովրդի բարեկեցությանը,- ասաց մարզպետը, ապա շնորհավորեց, հաջողություն մաղթեց բժշկական կենտրոնի նոր տնօրեն Սարգիս Ավագյանին և Թալին ԲԿ-ի անձնակազմին իրենց վստահված չափազանց կարևոր առաքելության մեջ:

Մարզպետ Դավիթ Գևորգյանն իր խոսքում շնորհակալություն հայտնեց տարբեր տարիների ընթացքում Թալինի բժշկական կենտրոնը ղեկավարած և այնտեղ աշխատած բուժաշխատողներին՝ իրենց աշխատած ժամանակահատվածում կատարած բոլոր դրական գործերի համար, և վստահություն հայտնեց, որ այսուհետ ևս, քարը քարին դնելով, Թալին ԲԿ-ն նոր հաջողություններ է գրանցելու:

«Թալինի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի տնօրեն Սարգիս Ավագյանը, շնորհակալություն հայտնելով վստահության համար, նշեց, որ բժշկական կենտրոնի աշխատակազմի հետ միասին, պատվով կկատարեն իրենց առջև դրված բոլոր առաջադրանքները, կանեն ամեն հնարավորը բժշկական ծառայությունների և բնակիչներին ցուցաբերվող բուժօգնության որակն էլ ավելի բարձրացնելու համար և կատարած աշխատանքով կարդարացնեն վստահությունն ու հույսերը:

Մարզպետ Դավիթ Գևորգյանը նշեց, որ բժիշկ Ավագյանը, լավ բժիշկ լինելու հետ մեկտեղ, բնութագրվում է որպես պարկեշտ և հայրենասեր անձնավորություն:

Դիմելով բժիշկ Ավագյանին՝ մարզպետն ընդգծեց, որ այս պահից նա ծառայության մեջ է և, հիվանդանոցի անձնակազմի հետ, Թալինի շրջանի ազգաբնակչության առողջության համար առաջին պատասխանատուն է:

-Ղեկավար լինելը ոչ մի պարագայում հաճույք և վայելք չէ, իրավունքներից առաջ այն պարտականություն և պարտավորվածություն է: Ես վստահ եմ, որ Դուք շատ արագ կմիանաք Թալին ԲԿ-ի թիմին և համատեղ ջանքերով կկատարեք ձեր առջև դրված խնդիրները,- ասաց մարզպետը:

Հանդիպման ավարտին քննարկվեցին հիվանդանոցին վերաբերող ընթացիկ հարցեր:

«Թալինի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի նորանշանակ տնօրեն Սարգիս Ավագյանն ավարտել է Մխիթար Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանը, ունի ավելի քան 20 տարվա մասնագիտական աշխատանքային փորձ: Որպես բժիշկ-կամավորական մասնակցել է 2020 թվականին Արցախում ծավալված 44-օրյա պատերազմին, աչքի է ընկել հայրենիքի պաշտպանության գործին անմնացորդ նվիրումով և անբասիր ծառայությամբ:

Արագածոտնի մարզպետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031