Լրահոս
Օրվա լրահոսը

Լոռու մարզպետարանի աշխատակիցն աշխատանքից ազատվել է ֆեյսբուքյան գրառումների պատճառով

Մարտ 25,2021 15:40

Այսօրվանից սեփական դիմումի համաձայն Լոռու մարզպետարանի գյուղատնտեսության բաժնի ավագ մասնագետ Արշակ Բաղդասարյանը դադարեցնում է իր աշխատանքը:

Aravot.am-ի հետ զրույցում Արշակ Բաղդասարյանը տեղեկացրեց, որ աշխատանքից ազատման դիմում ներկայացնելն ինքնին չի եղել, պատճառը՝ ոչ թե աշխատանքային պարտականությունները պատշաճ չկատարելն է, այլ ֆեյսբուքյան հարթակում իր անձնական կարծիքը արտահայտելը:

Արշակը պատմում է, որ սեպտեմբերի 30-ից մինչեւ նոյեմբերի 20-ը կամավոր մասնակցել է արցախյան պատերազմին, եղել՝ Հադրութում, Մարտունիում, Շուշիում եւ Ասկերանում: Իսկ պատերազմից վերադառնալուց հետո իր համար ամեն ինչ այլ է դարձել, ինչի մասին էլ գրել է իր ֆեյսբուքի էջում. «Այնտեղ մարտի դաշտ էր, ամեն ինչ էլ տեսնում էինք: Բայց այստեղ գալիս, որ տեսնում ես քաղաքական խմբավորումների են բաժանվել՝ մեկն ասում է սեւ, մյուսը՝ սպիտակ: Էն մյուսն իր հերթին է հանրահավաք անում, այս մյուս կողմն իր հերթին, ասում եմ, որ պետք չէ, հիմա պետք է համախմբվել եւ հարցին միասին լուծում տալ»,-ասում է Արշակն ու նշում, որ իր կոչն ուղղված է եղել՝ թե՛ իշխանությանը, եւ՛ թե՛ ընդդիմությանը:

Իսկ մարզային իշխանությունների կողմից ինքը ենթարկվել է քաղաքական հետապնդման. «Ոչ թե կառավարությանն էր ուղղված իմ կոչը, որ դուք եք մեղավորը, պետք է չանեք եւ այլն: Չի եղել, որ կոնկրետ ուղղված լինի կառավարությանը կամ կոնկրետ անձի: Դա մարզային իշխանության կողմից դիտարկվել է, որ ես իրենց ընկերոջը վիրավորել եմ: Ընկերն էլ հանդիսացել է Նիկոլ Փաշինյանը: Ինձ մարտի 15-ի առավոտյան իրավաբանական բաժնի պետը կանչեց իր մոտ եւ մարզպետի անունից հայտնեց, որ կա՛մ ազատման դիմում եմ գրում, կա՛մ իմ անձնական գործերն ուղարկվում է ոստիկանություն: Իրենք ինձ բացատրել են, թե իբր իմ անձնական գործերում կա թյուրիմացություն: Այս տարիների ընթացքում որեւէ թյուրիմացություն չի եղել, իսկ հիմա թյուրիմացություն կա»:

Մարզի գլխավոր կառույցի արդեն նախկին աշխատակիցը մարտի 17-ին ազատման դիմում գրելու հետ միասին գրավոր դիմում է ուղարկել նաեւ մարզպետ Արամ Խաչատրյանին, որպեսզի ստանա իր ազատման եւ գործերը ոստիկանություն ուղարկելու պատճառը: Սակայն մինչ օրս պատասխան չի ստացել. «Իսկ ես ազատման դիմում եմ գրել, քանի որ ունեմ առողջական խնդիրներ, եւ որպեսզի նյարդային համակարգս այնտեղ չքայքայեմ եւ նոր առողջական խնդիրներ չգումարվի, թողել եւ դուրս եմ եկել»:

Արշակի խոսքով՝ ինքը մի քանի անգամ փորձել է խոսել մարզի ղեկավարի հետ, սակայն վերջինս չի ցանկացել հանդիպել. «Ինձ երկրորդ եւ երրորդ անձի միջոցով է տեղ հասնում, որ պատճառը եղել են կոնկրետ ֆեյսբուքյան գրառումները: Իսկ առավել կոնկրետ եղել է փետրվարի 28-ին արված իմ գրառումը, որ «Արդյո՞ք հանրահավաքներ մեզ պետք են, քանի որ այսքան զոհեր ունենք, դեռ մեր զոհվածների արյունը չի չորացել», -ասում է Արշակն ու տեղեկացնում, որ «Մարզպետին ուղարկված դիմումի պատասխանը ստանալուց հետո, հարկ լինելու դեպքում շարժվելու եմ առաջ՝ տեղափոխելու եմ իրավական դաշտ»:

 Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ

Լուսանկարը՝ Արշակ Բաղդասարյանի ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031